Հարցազրույց

«Հրապարակ». Ֆոն դեր Լայենը թոզ էր փչում հայ հանրության աչքերին

«Հրապարակ». Ֆոն դեր Լայենը թոզ էր փչում հայ հանրության աչքերին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջան այցից հետո՝ հուլիսի 2-ին այցելեց նաեւ Հայաստան, հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ու մի շարք «հուսադրող» հայտարարություններ արեց, մասնավորապես հայտարարեց, որ Ռուսաստանը տնտեսական ճնշումների է ենթարկում Հայաստանին, իսկ Եվրամիությունն ամեն ինչ կանի՝ Հայաստանի համար եվրոպական շուկան բացելու համար, եւ, որպես օգնություն, առաջարկեց հնարավորինս շուտ տրամադրել 52 միլիոն եվրո, որոնք պիտի օգնեն բազմազանեցնել մեր առեւտուրը, պաշտպանել ներքին արտադրողին: Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ «Հրապարակը» փորձեց հասկանալ, թե որքանով էր Ֆոն դեր Լայենն անկեղծ իր հայտարարություններում, եւ իրականում արժե՞ ոգեւորվել նրա հայտարարություններից ու սպասել եվրոպական շուկայի դռների բացվելուն:

- Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը ճնշում է Հայաստանին, իսկ Եվրամիությունն իր դռները կբացի հայ արտադրողների առաջ։ Սա ԵՄ-ի կողմից հստակ քայլերի մասին հայտարարությո՞ւն էր:

- Տարբեր կերպ կարելի է ընկալել: Մի կողմից, Եվրամիությունը Հայաստանի արտադրողների համար չեղարկեց տարիֆները, այսպիսով, ինչպես հայտարարվեց, հայկական արտադրանքի համար եվրոպական շուկայում դռները բացվեցին, եւ այսպիսով մենք կարող ենք ասել, որ Եվրոպական Միությունն աջակցում է հայ արտադրողներին: Մյուս կողմից, կարելի է ասել, եթե Եվրամիությունը որեւէ պարագայում հետաքրքրված է արտադրողներով եւ գյուղացիներով, ապա չէր դրդի Հայաստանի իշխանությանը, իսկ իրենք, կարելի է ասել, պարտադրել են կոնֆլիկտի մեջ մտնել Ռուսաստանի հետ, որի արդյունքը եղավ այս իրավիճակը: Այս հայտարարություններն աչքերին թոզ փչելուն ավելի մոտ են, այս քայլը, այսինքն, տպավորություն ստեղծելու եւ քաղաքական հետեւանքները Փաշինյանի համար չեզոքացնելուն է նման, քան թե հայ արտադրողներին իրական աջակցության:

- Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան իրականում ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Դա պայմանավորվա՞ծ էր ՀՀ-ԵՄ կապերի խորացմամբ:

- Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ունի երկու նպատակ: Առաջինը․ ընտրություններից հետո ամրապնդել ու հաստատել աջակցությունը ներկա իշխանություններին՝ շատ վիճելի ընտրություններից հետո: Երկրորդը․ վերահաստատել Եվրամիության մղումը դեպի Միջին միջանցքի կառուցման ծրագիրը, այդ թվում, այսպես կոչված՝ ԹՐԻՓՓ-ի։ Եվ դրա համար Ֆոն դեր Լայենը գնացել էր նաեւ Ադրբեջան եւ այդտեղ գումարային տեսանկյունից լուրջ խոստումներ էր տվել, մինչդեռ Հայաստանում հիմնականում արժեքային խոսակցություններ վարեց:

- Լայենը շեշտում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսական ճնշումներին ԵՄ-ն պատասխան քայլեր է ձեռնարկում, եւ Հայաստանը շուտով կստանա 18 միլիոն եվրո աջակցություն՝ առեւտուրը բազմազանեցնելու համար։ Այդ 18 միլիոն եվրոյով ինչպե՞ս են բազմազանեցնելու առեւտուրը, եւ համատարած սահմանափակումների ֆոնին ինչպե՞ս կարելի է աջակցել տնտեսությանը՝ այդ փոքրիկ գումարով։

- Եվրամիությունը գրեթե մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանին հատկացնելու է 52 միլիոն եվրո, հետո հայտարարվեց, որ Հայաստանին հատկացվելու է 34 միլիոն եվրո, իսկ հիմա՝ 18 միլիոն: Պարզվում է՝ 34 միլիոնն այն 52-ի առաջին տրանշն է, պարտիան է, 18-ը՝ երկրորդի: Այսինքն, նույն գումարը երեք անգամ վաճառվել է… Այս գումարը, իհարկե, շատ մեծ չէ եւ եթե արդյունավետ օգտագործվի, կարող է միայն գյուղացիների կարճաժամկետ կորուստները փոխհատուցել: Սակայն արդյո՞ք դա կարվի, արդյո՞ք իշխանությունները արդյունավետ դա կանեն՝ դա ուրիշ հարց է: Իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե ինչ է արվում այստեղ, բայց այս իշխանությունների տնտեսական քաղաքականության քայլերը չեմ կարող մեկնաբանել, պատշաճ տեղեկատվություն չունեմ: Պարզ է, որ եթե գնահատենք կամ հաշվենք ընդհանուր կորուստները՝ Ռուսաստանի կողմից սահմանափակումների պատճառով, ապա այդ ընդհանուր կորուստները 52 միլիոն եվրոյից շատ ավելի մեծ են, բայց ԵՄ-ն այդքան չի հոգալու, իրենք ընդամենը պիտի փոխհատուցեին եւ հոգեբանական աջակցության էֆեկտ ստեղծեին ընտրությունների ֆոնին, որպեսզի Փաշինյանը կարողանա մարսել ընտրությունները եւ առաջ անցնել։ Այդքան բան: Այս պահի դրությամբ այդ խնդիրն էր լուծվում:

- Ֆոն դեր Լայենը հայտարարել է․ «Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհուպ մինչեւ 2 միլիարդ եվրո՝ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար՝ ամբողջ Հարավային Կովկասում։ Հայաստանում դա կարող է սատարել ընթացքում գտնվող նախապատրաստվող ծրագրերին՝ ներառյալ սատարել սահմանային անցակետերի եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը»։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, նշված ծրագրերից կամ գումարներից ո՞ր մասն է Հայաստանում ներդրվելու կամ իրագործվելու, եւ Հարավային Կովկասում ո՞վ է դրանից շահելու։

- Այս 2 միլիարդ եվրոն Հայաստանին չի վերաբերում: Այսինքն, այդ գումարից ինչ-որ մի չնչին գումար Հայաստանին էլ կհասնի, սա ամբղջ Միջին միջանցքին ուղղված թիվ է, եւ Ադրբեջանում 200 միլիոն եվրոյի մասին հայտարարությունը Լայենն արել է մի քանի օր առաջ: Ավելի շուտ՝ գումարն ավելի շատ այդտեղ է գնում, չնայած գուցե մի տրանշ էլ Հայաստան հասնի, բայց, ամեն դեպքում, դա միայն Հայաստանի մասին չէ: Եվրամիությունը, այո, հետաքրքրված է միջանցքով, եւ դրա մասին է այս ամեն ինչը: Եվ, ի դեպ, միջանցքը ոչ միայն ճանապարհային, այլեւ էներգետիկ նշանակություն ունի, դրա համար էլ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամեն կերպ սեղմում է Հայաստանը դեպի Թուրքիա, Ադրբեջան էներգակիրների եւ էներգետիկ համակարգերի ինտեգրումը, նաեւ տելեկոմունիկացիոնը մենք տեսնում ենք։ Այսինքն, այս քաղաքականությունն ուղղորդված է ԵՄ-ի կողմից:

- Լայենի հայտարարած 18 միլիոն եվրոն, որը նպատակ ունի ամրապնդել երկրի առեւտրային կարողությունները եւ դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, կարո՞ղ են մեղմացնել ՌԴ-ի կողմից տնտեսական սահմանափակումներից առաջացած կորուստները, եթե ոչ՝ ինչո՞ւ:

- Խնդիրը հետեւյալն է․ առհասարակ, Հայաստանը կարո՞ղ է ԵՄ շուկայում կոմպենսացնել իր կորուստները ռուսական շուկայից, եւ խնդիրն այն է, որ չի կարող: Հայաստանը չի կարողանալու գտնել իր տեղը եվրոպական շուկայում, որովհետեւ կան լոգիստիկ, ոչ տարիֆային եւ այլ կարգի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տա, որ Հայաստանն այնտեղ ամրապնդվի: Այս գումարն ինքնին ոչ մի հարց չի լուծում, իսկ Եվրամիությունը հո զոռով տեղ չի՞ տրամադրելու հայկական ապրանքներին: Այնպես որ, որոշ փոքրիկ քայլեր արվել են, այդ փոքրիկ քայլերը առաջ նույնիսկ Վրաստանի համար ժամանակին չեն արվել, իսկ Հայաստանի համար արվել են, բայց այդ քայլերը վճռորոշ չեն, դրանք ընդամենը փոքրիկ հնարավորություն են բացում: Ինչ վերաբերում է գումարներին, ապա դրանք, իհարկե, շատ փոքր մասն են կազմում այն կորուստների, որոնք կունենանք Ռուսաստանի ուղղությամբ, եւ շատ կարեւոր է, որ այս գումարները գոնե տեղ հասնեն, որպեսզի գյուղացիներն իրենց կորուստները գոնե մասամբ փոխհատուցեն: Եթե այդպես լինի, ապա մենք կունենանք մինուսով անցած տարի, բայց գոնե զրոյացած չեն լինելու այս ճնշման ենթակա ոլորտները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image