Այ քեզ «լուծու՜մ»

Այ քեզ «լուծու՜մ»

Քաղաքագետի համարում ունեցող արցախաբնակ Ալեքսանդր Քանանյանը «Հայկական ժամանակին» հարցազրույցում չթաքցնելով ԱՀ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանի հանդեպ սեփական պաշտամունքը, Հայաստանի իշխանություններից պահանջում է միջամտել եւ թույլ չտալ, որպեսզի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ում Քանանյանը մեղսագրում է «օրինազանց ճանապարհով ահռելի տնտեսական  եւ մերձքրեական լծակների տիրապետում» (նրա այս եւ այլ մեղադրանքները, կարծում ենք, պետք է պատկան մարմինները քննեն եւ համապատասխան գնահատական տան) չգրանցվի նախագահի թեկնածու:

Հակառակ դեպքում, ինչպես Քանանյանն է ձեւակերպել՝ «Արցախում արդար եւ ժողովրդավարական ընտրությունների մասին խոսելն իսկ ավելորդ կլինի»:

Ավելին, Քանանյանը պահանջում է «պաշտոնի անթաքույց չարաշահմամբ դիզված ահռելի նյութական պաշարների նախընտրական կաշառատվությամբ եւ մերձքրեական շրջանակների սատարմամբ իշխանությանը ձգտող, տնտեսական լրջագույն հանցագործությունների մեջ քաղաքականապես մեղադրվող անձի հանդեպ քրեական անհապաղ պատշաճ քննության իրականացում»:

Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է նախկին վարչապետին քաղաքականապես մեղադրել «տնտեսական լրջագույն հանցագործությունների մեջ»՝ Քանանյանի խոսքի համատեքստում ոչ մի նշանակություն չունի: Նա սեփական նախաձեռնությամբ կամ որոշակի շրջանակների թելադրանքով հայաստանյան որոշակիորեն առանձնացվող լրատվամիջոցին ասել է ներքաղաքական մրցակցության մի հստակ ծրագիր՝ հասնել Արայիկ Հարությունյանի հրապարակային անվանարկմանը, մեկուսացնել նրան, դուրս թողնել նախագահական մրցապայքարից:

Միայն այդ դեպքում է, որ մյուս թեկնածուների համար հաղթելու եւ իշխանություն ձեւավորելու գոնե տեսական հնարավորություն կբացվի: Իրական քաղաքական ռեժիմում «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ նրա առաջնորդը լուրջ մրցակից չունեն: Ոչ անհատապես, ոչ քաղաքական թիմի եւ ընտրազանգվածի առումով: Խոսք չկա, նախկին վարչապետի՝ քաղաքական ռեսուրսներից զուրկ մրցակիցները բավական «օրիգինալ լուծում» են առաջարկում: Խնդիրն այն է, թե դա նրանց երեւակայությա՞ն խակ պտուղն է, թե՞ խմորվել է Արցախից դուրս՝ ինչ-որ շրջանակներում: