Պտույտ մը Փաշինյանի քաղաքական հարթավայրում

Պտույտ մը Փաշինյանի քաղաքական հարթավայրում
Էդուարդ Շարմազանով

Նախապես ներողություն եմ խնդրում ընթերցողից եւ քաղաքական նուրբ քիմքի տեր մեր գործիչներից: Ես, որքան էլ ջանամ, չեմ կարող Էդուարդ Շարմազանովի նման նուրբ քննադատել երկրում տիրող քաղաքական ֆարսի գլխավոր դերակատարներին: Ինձ դա երբեք չի հաջողվել, բայց որ ճիշտն ասեմ, երբեք էլ չեմ խորացել, թե ինչու չի հաջողվում:
Եվ այսպես…

Թավշյա հեղափոխության մի ձեռքբերումն էլ, անշուշտ, ներկա Ազգային ժողովն է եւ առանց այդ Ազգային ժողովի համաձայնության կազմված (կազմվող) կառավարությունը: Չասենք` իրար արժեն, քանի որ ԱԺ պատկերն իրականում պատճառ է, իսկ կառավարության կազմը` հետեւանք: Հայաստանի քաղաքական դաշտի` պատճառահետեւանքային կապի վրա հենված այդ հատվածը մենք պայմանականորեն կանվանենք Փաշինյանի քաղաքական դաշտավայր կամ մեկ մարդու իշխանության տարածք, քանզի այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանն է «ի սկզբանե», եւ չկա ուրիշ ոչինչ: Գոնե առայժմ չկա:

Թավշյա հեղափոխության արշալույսին առաջին տեղում Փաշինյանն էր, երկրորդում` Աստված: Թավշյա հեղափոխությունից 10 ամիս անց, սակայն, ակնհայտ է, որ արարչագործության հարցում Փաշինյանն զգալիորեն հետ է մնում Աստծուց: Ի մասնավորի` Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում լույսը զատել խավարից, որպեսզի նաեւ սեփական աչքերով կարողանա տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ որպես իր ինքնագլխության (ի դեպ` Աստված էլ ինքնագլուխ էր այն օրերին) պրոդուկտ:

Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը: Նա, չընդունելով (չիմանալո՞վ), որ իրենց առաջ էլ քաղաքական դաշտ է եղել Հայաստանում, ստեղծել է մենիշխանական մի տարածք, որը, այո, լիքն է քաղաքական երեւույթներով, սակայն արտաքնապես հիշեցնում է մի պարկ, որը կարող էր նույն հաջողությամբ լիքը լինել բոլորովին այլ բանով, օրինակ` կարտոֆիլով: Աստված Եվային ստեղծելուց հետո, կարծում եմ, հասկացել է, որ այդ աղջիկն Ադամի գլխին մի փորձանք է բերելու: Եվ ի՞նչ արեց Աստված: Նա Ադամին պատգամեց չուտել արգելված պտուղը: Աստծո իմաստնությունն անչափելի էր: Նա այդկերպ Ադամին հետագա ինքնուրույն կյանքի այլընտրանք էր թողնում: Եվ Աստված ճիշտ էր, եւ Ադամն ու Եվան (թեկուզեւ օձն էր մեղավոր) ճաշակեցին արգելված պտուղն ու դրախտից հայտնվեցին երկրի վրա: Պարկում գտնվող կարտոֆիլին, թեկուզեւ քաղաքական, ոչինչ չի կարող գայթակղել, մանավանդ եթե պարկը դրված է համապատասխան կլիմայական պայմաններ ունեցող մառանում: Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում:

Արժե՞, արդյոք, այստեղ վերապատմել Փաշինյանի խորհրդարանական արարչագործության ողջ պատմությունը եւ կրկին հիշեցնել, թե ինչ «սկզբունքով» նա ընտրեց իր քաղաքական հարթավայրի «դերակատարներին»` ոչինչ չպատգամելով նրանց: Ես կարծում եմ՝ ավելի լավ կլինի կենտրոնանալ արդյունքի վրա: Եվ, ահա, այդ «դերակատարները», որ արտաքուստ պատշաճ տարածության վրա են բուն կերակրադաշտից եւ անգամ խորհրդարանի իդեալական կլիմայական պայմաններում դուրս են մնացել  բոլոր քաղաքական պրոցեսներից, ոչ մի կերպ չեն կարողանում, հանրությունը դեռ մի կողմ, նույնիսկ «սեփական ընտրողին» համոզել, որ իրենք ընդդիմադիր են: Իսկ երբ կողքից մեկն ասում է` դուք ընդդիմադիր չեք, սաստիկ զայրանում են` դու այդ ի՞նչ ասիր… Առանձնապես` ոչինչ, ընդամենը ասացի, որ արհեստական քաղաքական դաշտում ընդդիմադիր լինել չես կարող, որ բերանը կապած կարտոֆիլի պարկը չի կարող քաղաքական էմոցիաներ առաջ բերել, նույնիսկ եթե դրված լինի խորհրդարանի նիստերի դահլիճում: Ես ընդամենը սա եմ ասում:

Փաշինյանի հետ «նախընտրական դաշինքով» խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստանը» փոքրիշատե համակերպվել է իր վիճակի հետ եւ շատ էլ չի նեղվում, երբ ասում են` ընդդիմություն չես: Դա Գագիկ Ծառուկյանի քաղաքական փորձառությունից է գալիս: Նույնիսկ ինքն է մեկ անգամ ասել` «Գագիկ Ծառուկյանը ո՞նց կարող է ընդդիմություն լինել»: Սիրով կիսում եմ այդ կարծիքը, բայցեւ չեմ կարող ընդունել, որ այս կարգավիճակում ԲՀԿ-ն որեւէ բան ընդունակ է անել որպես դերակատար: Ամենաթարմ օրինակը բերեմ: Տնտեսական հեղափոխություն սկսելու մասին առաջինը հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, ճի՞շտ է, բայց, չգիտես ինչու, Դավոս գնաց ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը եւ Դավոսում հայտարարեց, որ դա իր գաղափարն է: Դուք ԲՀԿ-ից ծպտուն լսեցի՞ք: Ո՞չ: Ես էլ չեմ լսել: Բա մեկը չկա՞ր, որ ասեր` այ պարոն Փաշինյան, այ քո ցավը տանեմ, դու ուր, տնտեսական հեղափոխությունն ուր, դա էլ հո ճանապարհ փակել չէ՞:

Իր ներկա կարգավիճակի մասին հնչող գնահատականները շատ ավելի ցավագին է ընդունում «Լուսավոր Հայաստանը», որ խորհրդարանում է հայտնվել ընդհանրապես Փաշինյանի ուսին նստած: Ուզում ես ասել` գոնե հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ եւ վայելեք քաղաքական հարթավայրի բարիքները: ԼՀ-ին սպասարկող կայքերից մեկը, որին լրագրողական շրջանակներում մեծարում են «mishik.am» տիտղոսով, երեկ սարսափելի զայրացել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մի հայտարարությունից: Շարմազանովն ընդամենը ասել էր` խորհրդարանում ընդդիմություն չկա: Այդ կապակցությամբ կայքը մի ամբողջ հոդված էր գրել այն մասին, որ իշխանությունից հեռացված համակարգին, այս դեպքում` Շարմազանովին, պետք է հեռացնել նաեւ «հասարակական-քաղաքական եւ հանրային կյանքից»: Յա՛ա՛ա՛… Ձեզ «լուսահայաստանցի» ասողի ինչն ասեմ, այդ ինչպե՞ս եք Շարմազանովին կամ նրա ներկայացրած համակարգը հեռացնելու քաղաքական եւ հանրային կյանքից: «Արագության համար կպահանջվեն ռեպրեսիվ միջոցներ…»,- պատասխանում է կայքը: Բա հոդվածի հեղինակին չասե՞ս, այ «կարտոլ», դու ընդդիմության ներկայացուցի՞չ ես, թե՞ Փաշինյանի քաղաքական բոստանի կուլտուրա: Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ, ով էլ նա լինի, «ռեպրեսիվ միջոցներ կիրառել» արտահայտությունը:

Եվ մի վերջին հարցադրումով փորձեմ ավարտել այս խայտառակ պատմությունը: Պարոն Փաշինյան, Դուք համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք Ձեզ առընթեր քաղաքական այդ հարթավայրի «դերակատարների» հետ, թե՞ նրանք քաղաքական դաշտի իմիտացիա ձեւավորելու նպատակով խորհրդարան բերված ռեկվիզիտներ են միայն: Բա Դուք պատգամավոր ժամանակ այսպիսի՞ ընդդիմություն էիք, պարոն վարչապետ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ձեր իսկական ընդդիմախոսները չեն ցանկանում որեւէ առնչություն ունենալ այդ գրպանային ընդդիմություն-նորագոյացությունների հետ: