Թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանելու մասին լսել է, բայց արձանագրված փաստ չունի

Թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանելու մասին լսել է, բայց արձանագրված փաստ չունի
Գեղամ Գեւորգյան

Հայտնի փաստ է, որ Հայաստանը, հատկապես ԵԱՏՄ անդամ երկիր դառնալուց հետո, շատ երկրների համար դարձել է տրանզիտային պետություն՝ երրորդ երկրներից ապրանքները Հայաստանով հայկական արտադրանքի անվան տակ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու տեսանկյունից։ Եվ խոսքն ամենատարբեր տեսակի արտադրանքի մասին է՝ տեքստիլից մինչեւ գյուղմթերք։ Տեքստիլին մենք առանձին կանդրադառնանք, թե ինչպես, ինչ եղանակով ու ինչ մեխանիզմներով են հիմնականում Թուրքիայից մեծ քանակությամբ հագուստ ներկրում Հայաստան, այստեղ ձեւակերպում որպես հայկական արտադրանք եւ ուղարկում ռուսական շուկա։

Բայց պակաս մեծ ծավալներ չի կազմում նաեւ գյուղմթերքի՝ երրորդ երկրներից ներկրումն ու հայկականի պիտակով ռուսական շուկա արտահանումը։ Այստեղ տնտեսական մի շարք մանիպուլյացիաներ են իրականանում, հիմնականում՝ «վերեւների» հետ համաձայնեցված կարգով եւ այն «հիմնավորմամբ», թե դա տնտեսությանը վնաս չէ, դեռ մի բան էլ կարող է օգուտ լինել, հետեւաբար, թող օգտագործեն Հայաստանը որպես տրանզիտ երկիր եւ ուղարկեն ապրանքները Հայաստանով Ռուսաստան, ի՞նչ է եղել որ։ Ի դեպ, հիմնական շուկան հենց Ռուսաստանն է, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանումը շատ քիչ ծավալ է կազմում։ Թե իրականում տնտեսությանը որքանով է օգուտ կամ վնաս հենց տնտեսագիտության լեզվով, դա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում տեքստիլին վերաբերող առանձին հոդվածում։

Բայց առաջին ամենաակնառու վնասը կեղծիքն է։ Հայկականի անվան տակ մեծ քանակությամբ այլ երկրի արտադրանք ռուսական կամ բելառուսական շուկա ուղարկելը վերջում ստեղծում է վիճակագրություն, որն իրականում կեղծ է լինում։ Եվ կառավարությունը տարվա վերջին, փաստացի, արտահանման ցուցանիշների հարցում հանրությանն է ներկայացնում ֆեյք թվեր, թե «այս տարի նախորդ տարվա համեմատ, ենթադրենք, 5 հազար տոննայով ավելի լոլիկ ենք արտահանել Հայաստանից»։ Դե արի՝ այս կեղծ թվերից հասկացիր, թե որքան է կազմում իրական հայկական արտադրանքի արտահանումը։ Սրա մյուս վտանգն էլ այն է, որ արդեն ռուսական մամուլում են այս թեմայով ահազանգեր հնչում, որ Հայաստանից փաստացի մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ապրանք է ներկրվում Ռուսաստան։ Ռուս գործընկերները գլխի են ընկել, որ Հայաստանը չի կարող այդչափ մեծ ծավալի հագուստ կամ, ասենք, լոլիկ արտադրել եւ արտահանել Ռուսաստան։

Վերոնշյալ տեղեկատվությունը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց գյուղատնտեսության նախկին նախարար, այժմ գյուղատնտեսության դեռեւս փոխնախարար Գեղամ Գեւորգյանը։ Ավելին, նա հիշեց, որ նախկինում էլ եղել են այս թեմայով հրապարակումներ, բայց ինքը չի հիշում, որ իր պաշտոնավարման ժամանակ գոնե մեկ նման հրապարակում եղած լինի։ «Չեմ հիշում տենց բան, ինձ թվում է՝ տենց բան չի եղել էս ընթացքում, որ մտել է թուրքական լոլիկ եւ գնացել է հայկական լոլիկի անվան տակ։ Տենց դեպք գոնե արձանագրված չկա։ Ուրիշ խնդիր էր վերջերս բարձրացվում, որ թուրքական լոլիկ էր մտնում Հայաստանի Հանրապետության տարածք։ Երկու ձեւ է  խնդիրը՝ մտնում է օրինակա՞ն, թե՞ անօրինական։ Անօրինականի համար, բնականաբար, պայքարող հատուկ մարմիններ կան։ Օրինականն արդեն կարգավորման խնդիր է։ Դուք շատ ճիշտ խնդիր եք նշում, որ մտնում էր Հայաստանի Հանրապետություն եւ դուրս էր գալիս հայկականի անվան տակ, բայց իմ նշանակումից հետո գոնե նման դեպք չեմ իմացել»,- ասաց պարոն Գեւորգյանը։

- Այն, որ Դուք չեք իմացել, կամ մամուլում չի գրվել, դա դեռ չի նշանակում, որ չի եղել, քանի որ չի բացառվում, որ կա ներքին պայմանավորվածություն։

- Չկա տենց բան։

- Ի՞նչ երաշխիք ունենք, որ չկա։ Դո՞ւք տեղյակ չեք, թե՞ ստուգել-պարզել եք, որ չկա։

- Մենք ուսումնասիրում ենք ու նայում ենք, որ նման դեպք չկա։

- Ինչպե՞ս եք ուսումնասիրել։

- Դե, հիմա, որովհետեւ նման խնդիր էլ չկար։ Եթե դուք ունեք թուրքական լոլիկ, կարող եք թուրքականի անվան տակ էլ տանեք, էդ սահմանափակումը Ռուսաստանը, եթե չեմ սխալվում, հանել է, բայց նման խնդիր արձանագրված՝ ոչ մի մարմնի կողմից չի եղել։

- Բայց վերջերս ռուսական մամուլում էլ կարծես նման հրապարակում եղավ, ահազանգել էին, որ Հայաստանից հայկական արտադրանքի անվան տակ այլ՝ երրորդ երկրներից ապրանք է ներկրվում Ռուսաստան։

- Որովհետեւ իրենք գալիս են Հայաստանում ուսումնասիրում են, մեր ունեցած արտադրանքի ծավալները համեմատում են արտահանման ծավալների հետ։