ՊԵԿ պաշտոնյան յոթ ամիս է՝ աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ու «պրեմիա» է ստանում

ՊԵԿ պաշտոնյան յոթ ամիս է՝ աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ու «պրեմիա» է ստանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2014-ին՝ «Շառլոտ» սրճարանում ծեծկռտուքի դեպքից, այսօր դարձել է ՊԵԿ ամենաքննարկվող պաշտոնյան։ Նրա ոդիսականը շատ հետաքրքիր է․ նա շուրջ յոթ ամիս է՝ աշխատանքի չի գնում, քանի որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արգելել է նրա մուտքը կոմիտե, բայց աշխատավարձ է ստանում։ Ավելին, աշխատավարձի հետ մեկտեղ՝ նաեւ պարգեւավճար է ստացել, ինչպես մյուսները։ Անանյանը ո՛չ կարողանում է ազատել Կարապետյանին աշխատանքից, ո՛չ էլ թույլ է տալիս աշխատել։

Փոխարենը ՊԵԿ լրատվականը երեւի պատմության մեջ առաջին անգամ հաղորդագրություն է տարածում իրենց աշխատակցի դեմ՝ փորձելով պաշտպանվել ասուլիսում Կարապետյանի փաստաբանի հայտարարություններից, որ Կարապետյանը կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել ու ներկայացրել վարչապետին։ Այդ կոռուպցիոն սխեմաներում, ինչպես հասկացանք, շոշափվում է նաեւ ՊԵԿ նախագահի անունը։ Երեկ փորձեցինք ՊԵԿ լրատվականից ճշտել՝ Կարեն Կարապետյանն իրենց աշխատակի՞ցն է, թե՞ ոչ, որ հետո հասկանայինք նաեւ, թե ինչու նա աշխատանքի չի գնում եւ ինչու է չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանում։ Բայց ՊԵԿ-ից մեզ խնդրեցին այս պարզ հարցի համար գրավոր հարցում ուղարկել։

Ինքը՝ Կարեն Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս համարվում է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը, բայց աշխատանքի չի գնում, քանի որ ՊԵԿ նախագահը կասեցրել է իր լիազորությունները։ «Իմ վեճը պարոն Անանյանի հետ հենց էդտեղ է, որ հուլիս ամսից, ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո, անհասկանալի պատճառներով հանկարծակի իմ տեղակալին հրավիրել է իր մոտ եւ ասել՝ փոխանցի պետին, որ իր լիազորությունները կասեցնում եմ։ Դրանից հետո ապօրինաբար իմ աշխատասենյակը կապարակնքել է ինքը՝ անձամբ, եւ ինձ ասել է, որ աշխատանքի չներկայանամ։ Պարբերաբար ես եւ փաստաբաններս դիմել ենք հարգարժան ՊԵԿ նախագահին, որ տա իրավական հիմքերը, թե ինչի հիման վրա է կասեցվել կամ կապարակնքվել, բայց որեւիցե պատասխան չենք ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը։

- Այսինքն՝ հիմա Ձեր աշխատասենյակը կապարակնքված է, եւ ոչ ոք չի՞ մտնում։

- Ոչ, երբ որ հուլիսի 6-ից ծառայողական քննություն իրականացվեց, ընդ որում՝ ծառայողական քննություն իրականացվեց այն ժամանակվա ԱԻ նախարար Հրաչիկ Ռոստոմյանի գրության հիման վրա, որ ամսի 6-ին ելք է լինում ԱԻ նախարարությունից թղթային տարբերակով, ամսի 6-ին մուտք է լինում ՊԵԿ նախագահի ընդունարան՝ առանց շտամպի, առանց ընդհանուր բաժնի, եւ նույն օրը մակագրվում է ծառայողական քննության։ Այսինքն՝ ի սկզբանե իմ դեմ ակցիա էր արված։ Ես էսքան տարվա աշխատանքային փորձ ունեմ, մի անգամ չեմ տեսել, որ նույն գերատեսչությունից թղթային գրությունը մյուսին հասնի նույն օրը։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղ հանդիպել էին, փոխանցել էին իրար, եւ ծառայողական է նշանակվել հուլիսի 6-ից։ Ծառայողականով տեսան, որ որեւիցե խնդիր չունեմ ո՛չ ես, ո՛չ իմ աշխատակիցները, նյութերը հուլիսի 30-ին Անանյանի միջնորդությամբ ուղարկում են ՀՔԾ, որտեղ շատ արագ հարուցվում է քրեական գործ, եւ օգոստոսի 15-ին ՊԵԿ նախագահի միջնորդությամբ, դատարանի վճռով իմ աշխատասենյակը խուզարկվում է։ Եվ տեսնում են, որ որեւիցե կոռուպցիոն բնույթի առարկա, ինչպես որ ՊԵԿ նախագահն էր պնդում, իմ աշխատասենյակում չկա, որից հետո բանալիները տրամադրվել են ինձ, սակայն մինչ օրս շենք չի թողնում մտնեմ: Հուլիսի 11-ից ես շենք չեմ կարողանում մտնել։

- Այսինքն՝ հուլիսի 11-ից աշխատանքի չեք գնում, բայց աշխատավարձ եք ստանում։

- Այո։ Ավելին, հուլիս ամսից մինչեւ հոկտեմբեր ամիսը ներառյալ պարգեւատրում էլ եմ ստացել, ամիսը երկու անգամ, որն իրեն վերադարձրել եմ, գրել եմ, որ բարոյական չէ, երբ որ մարդուն չես թողնում աշխատի եւ խրախուսում ես, իրենք նորից հետ են ուղարկել ինձ, ես էլ նորից հետ եմ ուղարկել իրենց՝ նույն գրությամբ, եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, արդեն որ յուրայիններին մեծ թվեր էին պարգեւատրում, ինչպես տեսանք հրապարակումներում, էդ մեծ խրախուսումների մեջ ես չեմ եղել, բայց ստացել եմ նորից աշխատավարձ։ Վերջինը դեկտեմբերի 25-26-ին եմ ստացել։

- Իսկ ինչո՞ւ Ձեզ չի ազատում աշխատանքից ՊԵԿ նախագահը։

- Հիմք չունի, ինչի՞ հիման վրա ազատի։ Եթե ծառայողական քննություն է անում, տեսնում է՝ խնդիր չկա, իդեալական աշխատանք է, քրգործ են հարուցում՝ կարճվում է։ Ընդ որում էն, որ ինձ բերում կապում են ոմն «Պլենիում» ՍՊԸ-ի հետ… հա, իմ ընկերն է, բայց էդ մյուս տնտեսվարողների նկատմամբ, որ գործողություն է իրականացվել, հենց նույն ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել։ Այսինքն՝ դա եւս մեկ ապացույց է, որ իմ կողմից հրապարակված ՕՀՄ-ները (օպերատիվ հետախուզական միջոցառում` Վ․ Մ․), էդ միջոցառումը, որ իրականացրել եմ, իրոք պետությանը պատճառած զգալի վնաս են հայտնաբերել, եթե չեմ սխալվում՝ 50 միլիոնի կարգի, որի հիման վրա քրգործ է հարուցվել։ Այսինքն՝ դա էլ է նշանակում, որ ճիշտ ենք աշխատել։

- Անկախ նրանից՝ Դուք ինչպես եք աշխատել, մամուլի տարբեր հրապարակումներ եղան, որ Դուք հայտնվել եք տարբեր սկանդալային միջադեպերում, բացի այդ, Ձեզ մեղադրում են կոռումպացված չինովնիկ լինելու մեջ։

- Ուրեմն, սկանդալայինի համար խնդրում եմ դիմեք Հատուկ քննչական ծառայություն, 2014 թվականին ես մի գործով անցել եմ որպես տուժող, ստացել եմ ծանր մարմնական վնասվածք։ 2014 թվականից ես չեմ աշխատել որեւիցե տեղ մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ ես կոռուպցիոն սկանդալում չէի կարող լինել, եթե չեմ աշխատել։ 2018 թվականի փոփոխություններից հետո ինձ առաջարկ է եղել աշխատել։ Էդ ժամանակ նույն Անանյանը հենց կառավարության նիստերից հետո ճեպազրույցների ժամանակ ասել է, որ ինքը լուրջ պրոֆեսիոնալ է, ես եմ հրավիրել, եւ եթե կոռուպցիայի մեջ մի հատ մեղադրանք կա, դիմեք։

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Անանյանի կողմից այս վերաբերմունքը Ձեր նկատմամբ, ինչի՞ց սկսվեց դա։

- Իմ անձնական կարծիքով, դրդապատճառն այն է եղել, որ ես տարբեր հանցագործ սխեմաներ եմ բացահայտել հարկերից չարամտորեն խուսափման, որն իրեն դուր չի եկել, եւ այդ իսկ պատճառով անհիմն մի ԱԻ նախարարի անունով գրություն է գրվում, թե իբր իմ հայրը «Պլենիում» ՍՊԸ-ում 50 տոկոս փայատեր է։ Ես զարմանում եմ՝ ԱԻՆ-ում մի իրավաբան չկա՞ր, որ մտներ պետռեգիստրով տեսներ՝ իմ հայրը «Պլենիում» ՍՊԸ-ում փայատե՞ր է, թե՞ ոչ։ Կամ՝ ինձ մեղադրում են, ասում են, որ ես իրավունք չունեի պետական կառույցում (ԱԻՆ-ի մասին է խոսքը) ՕՀՄ անելու, տեսնում են, որ ես իրավունք ունեմ, որովհետեւ ես նայել եմ ձեռնարկատիրական մասը, որ ԱԻՆ-ի պահեստները տրվում են վարձակալությամբ։ Այսինքն՝ էդ ամեն ինչն ակնհայտ է, Անանյանը շատ գրագետ մարդ է, աուդիտոր է եղել, ինքը շատ լավ գիտեր, որ իմ հայրն էնտեղ փայ չունի։ Բացի դրանից, հենց տեսնում է, որ ծառայողականը կարճվում է, իմ վրա երկրորդ ծառայողական է բացում։ Բա ես ո՞նց չընդունեմ, որ դա իմ նկատմամբ հետապնդում է։

- Ասացիք՝ հանցագործ սխեմաներ եք բացահայտել։ Ո՞րն է եղել դրա մոտիվացիան, եւ ո՞ւմ եք ներկայացրել։

- Ներկայացրել եմ վարչապետին։ Ես պարտավոր եմ, ես գործող օպերվարչության պետն եմ, իմ ղեկավարի հետ չեմ կարողանում շփվել, որովհետեւ ինքն իմ հետ կատեգորիկ չի շփվում, իսկ վարչապետը հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավարն ու անմիջական ՊԵԿ նախագահի ղեկավարը։ Բա էդ սխեմաները, որ ռիսկեր եմ տեսնում, ո՞ւմ հայտնեմ։ Չհայտնելը կլիներ իմ կողմից ոչ ճիշտ։

- Այսինքն՝ Ձե՞ր նախաձեռնությամբ եք այդ սխեմաները բացահայտել ու ներկայացրել վարչապետին, թե՞ վարչապետի հանձնարարությամբ։

- Հիմա, Դուք գիտե՞ք ոնց, նույն եղանակն եք ուզում ճշտել՝ ոնց է եղել, բայց էստեղ խնդիրը բովանդակության մեջ է, որ տեղեկանքի մեջ կա լուրջ բովանդակություն, նույն մեր ծառայողականը երկու ամիս ինձ քաշքշում է, փոխանակ բովանդակությունից հարցնի, եղանակից են ճշտում։ Թույլ տվեք, քանի որ մյուս կողմը մեր հարգարժան վարչապետն է, թույլ տվեք ես էդ հարցին չպատասխանեմ։