Առաջարկս է՝ «Արցախ» պաննոյի պատկերով նամականիշ թողարկել. Սամվել Խալաթյան

Առաջարկս է՝ «Արցախ» պաննոյի պատկերով նամականիշ թողարկել. Սամվել Խալաթյան

Նկարում պատկերվածը ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,  Գեղարվեստի և գիտությունների Պետրովյան ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի «Արցախ» պաննոն է (կտավ, յուղաներկ, 400 x 800, 2010 թ.): 

Հավերժի շնչով ապրող, բնության վեհագույն կերպարով և անդրջրհեղեղյան պատմության վկային վայել, հիրավի, շենշող մի անձնագիր-պատկեր է սա, որ իր հանգրվանն է գտել Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում:

Արցախն այսօր ռազմական ու քաղաքական վայրիվերումների, մեր մտահոգությունների, լինել, թե չլինելու կենսորոշ սահմանագծի առանցքում է, և մոլորակի վրա ապրող ամեն մի հայ, անկախ իր քաղաքական հայացքներից, հայոց հնագույն այդ ոստանի պահպանման ու շենացման հույսն է փայփայում: 

Այդ նպատակի իրականացման հնարավորությունների և միջոցների փնտրտուքում չպետք անտեսել ունեցած հոգևոր ներուժի դերակատարումը, ուստիև, առաջարկս է՝ «Արցախ» պաննոյի պատկերով նամականիշ թողարկել:

Ակնկալում եմ պատկան մարմինների դրական արձագանքը:

Սամվել Խալաթյան