ՍԴ շենքը չվաճառե՞նք

ՍԴ շենքը չվաճառե՞նք

Պարոն Փաշինյան, իսկ Դուք վերցրեք ու վաճառեք Սահմանադրական դատարանի շենքը: Մեր ինչի՞ն է պետք այդ հսկա կառույցը, եթե այդտեղ նստելու է մի դատարան, որի փոխարեն այսուհետ որոշումներ եք կայացնում Դուք եւ «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ մինչ այդ մի հետադարձ հայացքով դիտեք ու տեսեք, թե որքան ծիծաղելի է այս ամենը: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը թղթի վրայից երկու տող բան է կարդում, հետո բոլորը կողմ են քվեարկում, եւ ՍԴ-ն դառնում է առոչինչ: ՍԴ նախագահին մեկ օրում դարձնում են շարքային դատավոր, երեք դատավորի հանում են գործից, եւ դա ընդամենը Վահագն Հովակիմյանի մեկ ելույթով ու «Իմ քայլի» մեկ քվեարկությամբ: Այդպես կարելի է, թերեւս, բենզակալոնկա փակել քաղաքի կենտրոնում, բայց ո՛չ Սահմանադրական դատարան, որի գործառույթներից մեկն էլ ԱԺ որոշումների սահմանադրականության ստուգումն ու վավերացումն է:

Ժողովրդական խոսքն ասում է՝ էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Հիմա ԱԺ-ն էշը նստել է, տեսնենք՝ ոնց են իջնելու: ՍԴ-ի շուրջ կատարյալ քաոս է: Երեք նոր դատավոր պետք է ընտրվի, որ կարողանան քվորում ապահովել բարձր դատարանում: Ասել է թե՝ մինչ այդ գործընթացի ավարտը մենք ՍԴ չենք ունենալու: Մինչ օրս առաջարկել են մեկ թեկնածուի: Կառավարությունն է առաջադրել՝ Վահրամ Ավետիսյան: ԱԺ-ն կեղծ իրարանցման մեջ է: Գիտեն, որ պետք է կողմ քվեարկեն Նիկոլի կադրին, բայց խաղեր են տալիս, թե բա Վահրամի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, Սերժ Սարգսյանի օրոք եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, Դատավորների միության փոխնախագահ, նրա ձեռքի տակով են անցել քրեական բոլոր գործերը, կայացվել դատավճիռներ եւ, որ ամենակարեւորն է՝ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատավճիռները: Ասենք՝ այդպես է, ասենք՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, եւ ի՞նչ: «Իմ քայլում» այնպես են խրտնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունից, ասես իրենք են որոշելու՝ նա կդառնա՞ ՍԴ դատավոր, թե՞ ոչ: Մի զանգ չի՞ եղածը: Նիկոլը կզանգի, եւ վերջ՝ 88 կողմը, եթե ոչ 89, ապահովված է:

ՍԴ դատավորի մեկական թեկնածու էլ ՀՀ նախագահն ու Դատավորների խորհուրդն են ներկայացնելու, իբր: Չկարծեք, թե այս հարցում հնարավոր կլինի շրջանցել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլն ում ասի, նրան էլ կառաջադրեն՝ չընկնելով ավելորդ ձեւականությունների հետեւից: Հիշեք Վահե Գրիգորյանի առաջադրման եւ ՍԴ դատավոր դառնալու պատմությունը: Ի դեպ՝ Վահե Գրիգորյանը հենց ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն է, բայց ՀՀ նախագահի հետ կապ ունի այնքանով, որքանով: Պարտադրեցին՝ նախագահն էլ ճարահատ ասաց՝ հա, ախպեր, տարեք, դարձրեք ՍԴ դատավոր, միայն թե շառից հեռու: Նույնը հիմա է կատարվելու: Ի՞նչ է, այս երկրում նախագահ ու Դատավորների խորհուրդ կա՞, որ վարչապետի ասածը չանեն: Այս երկրում բոլորն են օրենքի առաջ հավասար ու, քանի որ հավասար են, հավասար էլ կփռվեն ասֆալտին կամ կծեփվեն պատերին:

Փաշինյանը չկարողացավ ՍԴ-ն վերցնել փաթեթով: Լավ փողեր առաջարկեց Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին, որ գնան, բայց վերջիններս, ինչպես եւ վայել էր դատավորին, ցուցաբերեցին բարձր իրավագիտակցություն եւ հրաժարվեցին բացահայտ կաշառքից: Որոշեցին ՍԴ հարցը լուծել հանրաքվեով. դարձյալ տապալում: Մի կողմից՝ կորոնավիրուսը, մյուս կողմից՝ «Այո»-ի խայտառակ քարոզարշավը ոչ մի հույս չէին տալիս, որ սահմանադրական հանրաքվեով արդյունքի կհասնեին: Հանրաքվեն էլ չեղարկեցին ու որոշեցին ՍԴ-ի հարցը, որպես մի սովորական հարց, լուծել ԱԺ-ի միջոցով: Չէի ասի, թե դա Նիկոլ Փաշինյանի գաղափարն էր: Փաշինյանը սիրում է ամենափոքր հարցն անգամ մեծ աղմուկ-աղաղակով լուծել, բայց այս դեպքում մեծ հարցը լուծվում էր ԱԺ շարքային որոշումով, թեկուզեւ՝ արտահերթ նիստով: Ինձ թվում է՝ Փաշինյանին մի լավ վախեցրին, որ եթե մնա այս ՍԴ-ն, եւ վեթինգը չհասցվի մինչեւ վերջ, վաղն իրեն Սերժի նշանակած դատավորներն են դատելու: Այս ուղղությամբ հատկապես ակտիվ աշխատում էին ՀԱԿ-ն ու գործող կառավարության սորոսական թեւը՝ Փաշինյանին հավատացնելով, որ քայլարածների բոլոր «դժբախտությունների» պատճառը «նախկին» դատական համակարգն է:

Կկարողանա՞ն ՀՀ իշխանությունները մինչեւ վերջ հասցնել ՍԴ-ի սեփականաշնորհման օպերացիան՝ ցույց կտա ժամանակը: Դեռ պետք է սպասել նաեւ եվրոպական իրավապաշտպան կառույցների, այդ թվում նաեւ ՄԻԵԴ-ի վերջնական գնահատականներին ու որոշումներին՝ կապված Հրայր Թովմասյանի եւ աշխատանքից ազատված դատավորների գանգատներով հարուցված գործերի հետ: Ի դեպ՝ չի բացառվում, որ այդ որոշումները պատճառ դառնան այս իշխանությանը, որպես խունտայի, փաթեթով հեռացնելու, որովհետեւ ՄԱԿ անդամ իրավական պետություն համարվող երկրում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, իսկ դա աններելի է միջազգային բոլոր չափանիշներով:

Թե՛ Վենետիկում եւ թե՛ ՄԻԵԴ-ում շատ լավ հասկանում են, որ ՀՀ կառավարությունը փորձում է զարտուղի ճանապարհներով (ԱԺ մեծամասնության կապիկություններով) սեփականաշնորհել դատական իշխանությունը, ինչն ինքնին սահմանադրության կոպիտ խախտում է: Ոչ մի քննարկում ընդդիմության հետ, ոչ մի քննարկում հանրության հետ… Ընդամենը խորհրդարանական մեկ խմբակցության որոշումով ու քվեարկությամբ ՍԴ դատավորներ են հեռացնում աշխատանքից: Վաղն այդ նույն խմբակցության քվեարկությամբ ՍԴ դատավորներ են նշանակվելու եւ ՍԴ նախագահ: Ոչ մի միջազգային դատարան չի կարող այս զոռբայությունը նորմալ երեւույթ համարել եւ ՀՀ իշխանություններին (Հայաստանին) չպատժել դրա համար:

Բայց, ենթադրենք, իմքայլականների ապագա միաձայն քվեարկություններով կոմպլեկտավորվի ՍԴ-ն, եւ հնարավոր լինի ՍԴ նիստեր հրավիրել: Ինչպիսի՞ն է լինելու «նոր» ՍԴ-ն, որքանո՞վ է այն կարողանալու իրացնել իր լիազորությունները, եթե ներսում՝ դատավորների աթոռներին, նիկոլականներն են նստած լինելու: Կա՞ն երաշխիքներ, որ այդ ՍԴ-ն Հայաստանի համար խիստ բախտորոշ պահերին կկարողանա կասեցնել ՀՀ կառավարության կամ Ազգային ժողովի որեւէ աննպատակահարմար որոշում, որոնցով լիքն է մեր կյանքը: Հապա թող փորձեն՝ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը կգնան ու այդ ՍԴ-ն կփռեն ասֆալտին՝ ո՞նց թե դուք մեր որոշումը հակասահմանադրական հանեք, դե տեսեք՝ հակասահմանադրականը որն է: Եվ այս կրկեսը, ցավոք, կարող է ձգվել մինչեւ Փաշինյանի տխրահռչակ իշխանության վերջին օրը: Անձամբ ես չեմ պատրաստվում որեւէ հարցում վստահել նիկոլական ՍԴ-ին: Հույս ունեմ նաեւ, որ այդ հարցում մենակ չեմ, քանզի չեմ կարծում, որ տրամաբանող մարդը հանկարծ կարող է վստահել կուսակցական գրասենյակի վերածված Սահմանադրական դատարանին կամ որեւէ այլ դատարանի:

Գալով հոդվածի առաջին տողերին՝ կրկին առաջարկում եմ՝ վաճառեք ՍԴ շենքը: Ընդամենը 9 դատավորի, ցանկության դեպքում, ԱԺ շենքի առաջին հարկում էլ կարելի է տեղավորել: Ոչ մի աշխատակազմ էլ պետք չէ, որովհետեւ պատրաստի որոշումները գալու են, ճանաչվեն սահմանադրական եւ անցնեն: ՀՀ նախագահն էլ, փառք Աստծու, արդեն հրաժարվել է Սահմանադրության երաշխավորի իր պարտականություններից եւ այդ տեսանկյունից որեւէ խոչընդոտ չի կարող ստեղծել: Հսկա շենքը պահել, որ 9 չափահաս մարդ այնտեղ ծիտիկ նկարի, կարծում եմ, այնքան էլ օպտիմալ չէ: Պետք է համարձակ եւ պրագմատիկ որոշում կայացնել՝ ՍԴ շենքը վաճառվում է եւ վերջ: