«Զատիկը» դարձել է այն երեխայի տեղը, ով գնալու տեղ չունի

«Զատիկը» դարձել է այն երեխայի տեղը, ով գնալու տեղ չունի

Մայիսի 1-ին երեխաների աջակցման «Զատիկ» կենտրոնում 19-ամյա Կարեն Առաքելյանը դանակահարել էր կենտրոնի սան Վարդան Դանիելյանին, որը մարմնի տարբեր մասերում արյունահոսող վերքերով տեղափոխվել էր հիվանդանոց: Գործն օրեր առաջ մտել է դատարան, եւ արդեն կայացել է նախապատրաստական նիստը: Կարեն Առաքելյանը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՔՕ 112, մաս 1): 

Ըստ քննիչների, նա երեկոյան ժամը 6-ին գնացել է «Զատիկ» եւ երկրորդ հարկի միջանցքում փորձել զրույցի կանչել Վարդան Դանիելյանին: Բայց տղան խուսափել է նրա  հետ խոսելուց: Մեղադրականում նկարագրված է, որ Կարենը մեկ անգամ բռունցքով հարվածել է Վարդան Դանիելյանի դեմքին, ապա հանելով իր մոտ գտնվող ծալովի դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Վարդան Դանիելյանի մարմնի տարբեր մասերին՝ կրծքավանդակին, թիակին, բազկին, աջ ազդրին, վնասելով մկանները, անոթանյարդային խրձերը: Այս ամենն ուղեկցվել է արտաքին արյունահոսությամբ ու ծանր շոկ է առաջացրել Վարդանի մոտ:

Նախկինում, երբ դեռ «Զատիկը» շուրջօրյա խնամքի հաստատություն էր  և Հայաստանի ամենաօրինակելի մանկատունը, նման դեպք այստեղ հնարավոր չէր: Մանկատունն ապրում էր մեկ ընտանիքի պես, յուրօրինակ բարոյական կոդեքս ու հոգեւոր սկզբունքներ ուներ:  

Բայց նախկին «Զատիկն» այսօր չկա, որովհետեւ նախկին տնօրենը՝ Աշոտ Մնացականյանը, չկա: Նրան անհասկանալի պատճառներով հեռացրին տնօրենի պաշտոնից եւ հաստատության բնույթն էլ փոխեցին: Մոտ 1 տարի առաջ այն վերածվեց ճգնաժամային կենտրոնի, դռները լայն բացելով հանցագործ, իրավախախտ երեխաների առաջ, որոնք առաջ առանձին էին պահվում: Այսօր բոլորին, ով տեղ չունի, տանում են «Զատիկ»: Այն վերածվել է ահռելի ընդունիչ կայանի։ Դարձել է ճգնաժամային կենտրոն, երկրորդը Հայաստանում: Համակարգում խոսում են, որ ՀՕՖ-ի կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ազատվել է իր բալաստից։
Հենց ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ գործող «Երեխաների աջակցության կենտրոնից» էր «Զատիկ» գնացել Կարեն Առաքելյանը: 

Ահա ինչ է պատմում ՀՕՖ-ի կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը: «Կարենի հետ աշխատել ենք երկու-երեք տարի: Ցավոք, այդ երեխան ուղիղ ուղղորդում էր ստանում բանտում գտնվող իր հորից, որը սպանել էր տղայի մորը եւ բոլոր ջանքերը գործադրում էր, որ իր տղան դառնա գողական: Մեր բոլոր ջանքերը, որ նա այդ ճանապարհը չընտրի ու ուրիշ կերպ ապրի, ձախողվեցին: Ընդ որում, մենք շատ ջանք ենք գործադրել՝ է՛լ աշխատանքի ենք տեղավորել, է՛լ ընկերոջ հետ վարձով ապրելու ենք ուղարկել, է՛լ ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացրել: Բոլոր ջանքերը գործադրեցինք, բայց հայրն ուժեղ գտնվեց: Ինքը ձգտում էր այդ կյանքին: Մենք տեսանք, որ նա ծեծուջարդ է անում, որ նա ուրիշ երեխաների է ներգրավում խմբի մեջ, ձախողում է մյուս երեխաների հետ աշխատանքը, փորձում երեխաների հետ գողական զրույցներ անել, բարոյական ճնշում գործադրել, ու հաջորդ օրը գալիս տեսնում էինք ավերված երեխա: Այո, դեպքեր կան, որ մենք չենք կարողանում աշխատել ու ազնվորեն ասում ենք»: 

Այսպես է Կարեն Առաքելյանը հայտնվել «Զատիկում», մի հաստատությունում, որտեղ այսօր ուղարկում են ամենածանր վարքով դեռահասներին: Որոշ մասնագետներ կարծիք են հայտնում, որ ՀՕՖ-ը երեխաների ընտրության հարցում այսօր առավելություն ունի, քանի որ այն մասնավոր հաստատություն է: Դեր է խաղում նաեւ այն, որ ՀՕՖ-ի կենտրոնը ոստիկանության հետ վաղեմի ամուր կապեր ունի (Միրա Անտոնյանն ու Նելլի Դուրյանն ընկերուհիներ են) ու, օգտվելով դրանից, իր մոտ է վերցնում համեմատաբար կառավարելի երեխաների, իսկ ծանր վարք ունեցող դեռահասները, առավել անբարեհույսները, ամենավատ կոնտինգենտը գնում են ուղիղ պետական «Զատիկ»: 

ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ ու պետության տված լիցենզիայով աշխատող «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը չգիտի, թե ինչ ասել է «վատ կոնտինգենտ»: «20 տարի է՝ մենք ամենածանր դեպքերի հետ ենք աշխատում, 20 տարի է՝ մենք այդ օրին ենք, եւ, վերջապես՝ ժամանակավոր ճգնաժամային կենտրոններ պետք է գնան ամենածանր երեխաները»,- ասում է նա: Միրա Անտոնյանը վստահեցնում է, որ ինքը չի ընտրում իր կոնտինգենտը. «Մենք երբեւէ չենք ընտրել ու չենք կարող ընտրել: Այլ բան է, որ օրահաս վիճակում բերում են, կարող է մի երկու օր պահելուց հետո ասենք՝ այս երեխային հետ տարեք, մեր կոնտինգենտը չէ, կամ՝ որ երեխան տառապում է, մորից կտրել բերել եք, բայց նրա թերապիան անհնար է առանց մոր հետ կապի: Երեխան ինքն է թելադրում»:  

Ո՞ր երեխաներին են ուղարկում «Զատիկ» եւ որոնց՝ Ձեզ մոտ, ինչպե՞ս է կատարվում ընտրությունը: Մեր այս հարցին ահա թե ինչ պատասխանեց Միրա Անտոնյանը․ «Ուղարկող մարմիններն են՝ ոստիկանությունը, երեխաների պաշտպանության բաժինները եւ խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները: Այս երեք մարմիններն իրավունք ունեն ուղղորդում կազմակերպել, քաղաքապետարաններում եւ մարզպետարաններում երեխաների պաշտպանության բաժինների կամ ոստիկանության գրությամբ է սովորաբար երեխան գալիս: Բացի այդ, կարող է խնամակալության հանձնաժողովն ուղղորդում անել, իսկ մեզ մոտ՝ նաեւ ծնողը կամ հենց ինքը՝ երեխան, հայտարարելով բռնության ենթարկվելու կամ անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, եթե նրա կյանքին է վտանգ սպառնում, ոչ թե սոված է կամ անապահով: Կարող է ներկայացնել՝ ինձ ծեծում են, սպանում են: Այս դեպքում մենք ուղիղ էլ ենք վերցնում: Ինչ վերաբերում է «Զատիկին», այնտեղ բոլոր ուղղորդումներն արվում են նախարարության միջոցով, այսինքն, այս նույն մարմինները կարող են դիմել նախարարություն, իսկ նախարարությունը որոշի՝ «Զատի՞կ» է ուղարկում, թե՞ ոչ»: 

Այլ կերպ ասած՝ երեխաների ուղղորդումն այս կամ այլ հաստատություն խիստ սուբյեկտիվ է: Որեւէ հստակ չափանիշ չկա: Ինչպե՞ս է նախարարությունը կամ ոստիկանությունը որոշում, թե որ երեխային ուր ուղարկի: «Չեմ կարող ասել: Ըստ երեւույթին, առանձին նայում են ամեն դեպք: Եթե նախկինում երեխան եղել է մեզ մոտ, այստեղ են ուղարկում, կամ եթե «Զատիկում»՝ այնտեղ են ուղարկում: Անհատական է մոտեցումը»,- ասում է Միրա Անտոնյանը:  

«Զատիկ» մանկատան նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանը կարծում է, որ պետական հաստատությունը չի կարող, ի տարբերություն ՀՕՖ-ի կենտրոնի, երեխա ընտրել: ««Զատիկը» ՊՈԱԿ է, իսկ ՀՕՖ-ի կենտրոնը հիմնադրամ է, առանձին կառույց է եւ շատ կախված չէ պետական կառույցներից,- ասում է Մնացականյանը,- ու ՀՕՖ-ը նայում է երեխային, ընտրում է, եթե տեսնում է, որ լավն է, պահում է, եթե չէ, ասում է՝ չեմ պահում, պետությունը ոչինչ չի կարող անել: Իսկ «Զատիկը» չի կարող այդպիսի բան ասել»: Աշոտ Մնացականյանը կարծում է, որ հենց «Զատիկն» է այն երեխայի տեղը, ով գնալու տեղ չունի: Ու քանի դեռ իր ստեղծած, իր սիրելի «Զատիկը» կատարում է այդ առաքելությունը, այն չի փակվի: «Հայաստանի խնդիրը դժվար երեխաներն են, որոնք տարիքից շուտ դուրս են եկել շարքից, ու տեղ չկա այդ երեխաներին ուղարկելու: Այն, ինչ կատարվեց «Զատիկի» հետ, բնականոն գործընթաց էր: Այլ կերպ չէր կարող լինել»:
Այսօր Երեւանում մանկատներ, երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններ չկան: Կան ճգնաժամային կենտրոններ, որտեղ վտանգավոր իրավիճակում գտնվող երեխաները կարող են մնալ մինչեւ 6 ամիս, եւ կան ցերեկային կենտրոններ: Իսկ ի՞նչ է լինում նրանց հետ գիշերը կամ այդ վեց ամիսն անցնելուց հետո:  

Օրերս ՀՕՖ-ի կենտրոնը մասիսցի մի երեխա է ընդունել, որին հարազատ հայրը մկրատի հարվածներով կտտանքների էր ենթարկել: «Ահազանգեցին, ուղարկեցին, ընդունեցինք անմիջապես,- պատմում է Միրա Անտոնյանը։- Մի երկու օր անց բարձր տագնապայնության ֆոնի վրա երեխայի մոտ հալյուցինացիաներ են սկսվել, աչքին մահացած մարդիկ են երեւում: Նրա մայրը մահացած է: Նա փորձել է իր ձեռքով կտրել իր վիզը: Նրան ինչ-որ մեկը հուշում է՝ էս արա, էն արա, դու մարդ չես, դու պետք է քո վիզը կտրես»: Մասիսից եկած դեռահասին արագ, շտապօգնությամբ հոգեբուժարան են հասցրել՝ պայմանով, որ սուր վիճակը հաղթահարվելուն պես կարող են հետ բերել ՀՕՖ-ի կենտրոն: