Ումից իրավունք չունեն բարձրացված գույքահարկ գանձելու

Ումից իրավունք չունեն բարձրացված գույքահարկ գանձելու

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Ինչպես հայտնի է, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա, այսինքն՝ գանձվելու է անհամեմատ ավելի շատ գույքահարկ։ Թեմայի շուրջ զրուցեցինք իրավաբան Վահե Գրիգորյանի հետ, ով, պատասխանելով հարցին, թե արդյոք բոլորի վրա՞ է տարածվելու նոր գույքահարկը, ապատասխանեց․

«Նախ սկսենք նրանից, որ կատարված փոփոխությունները և 2021 թվականի  հունվարի մեկից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքի փոփոխությունների ուժով գույքահարկը անվանափոխելու է և դառնա անշարժ գույքի հարկ: Սակայն անվանափոխությունը այստեղ էական չէ: Գույքահարկի կամ, կուզեք, անշարժ գույքի հարկի չափի հետ կապված պարտավորությունների ավելացումը զուտ Սահմանադրության տեսանկյունից կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ անձը իր գույքը օտարել է անշարժ գույքի հարկի բարձրացումից հետո: Այսինքն, եթե անձը չի վաճառում կամ այլ եղանակով օտարում իր գույքը, ապա նրա գույքահարկը չի կարող և չպիտի բարձրանա: Կամ այլ կերպ ասած՝ բարձրացված գույքահարկ չի հաշվարկվել այն գույքի վրա, որը ձեռք է բերվել մինչև գույքահարկի բարձրացման մասին օրենքը ուժի մեջ մտնելը։ Տեսեք, ՀՀ Հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անձի մոտ «անշարժ գույքի հարկի հետ կապված պարտավորությունները ծագում են գույք ձեռք բերելու հիմքով դրա պետական գրանցման պահին հաջորդող ամսվա 1-ից», և, հետևաբար, նրա նկատմամբ որպես գույքահարկի չափման միավոր հաշվարկվում է պետական գրանցման պահին գործող գույքահարկի`անշարժ գույքի հարկի չափը: Հաշվի առնելով սա և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:Ակնհայտ է դառնում, որ գույքահարկը կարող է ավելանալ բացառապես դրա ավելացումից հետո գույք ձեռք բերողների համար: Ավելի պարզ ասեմ. Եթե գույքը չվաճառեք, ապա ոչ ոք իրավունք չունի Ձեզնից պահանջել ավելի շատ գույքահարկ վճարել, քան վճարել եք նախկինում: Բայց նոր սեփականատերը արդեն ստիպված կլինի վճարել արդեն բարձրացված չափով գույքահարկ: Չօտարված գույքի նկատմամբ գույքահարկի բարձր շեմով հարկային գանձումը կլինի հակասահմանադրական»,- ասաց Գրիգորյանը։

Հարցրինք՝ եթե, այնուամենայնիվ, Սահմանադրության նորմը հաշվի չի առնվում և քաղաքացուց ավելի բարձր գույքահարկ են գանձում, ապա այդ դեպքում կարո՞ղ է դիմել դատարան․

«Անշարժ գույքի հարկը, որը նույն գույքահարկն է, գանձելու են տեղական ինքնակառավարման մարմինները, և այդ գործողությունը համարվում է Վարչարարության մաս, հետևաբար ցանկացած ապօրինի կամ ոչ պատշաճ վարչարարություն կարող է բողոքարկվել վարչական դատարանում`վարչական դատավարության օրենսգրքի սահմանած կանոններով: Ընդ որում, հարկ է նշել, որ Վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար»։ Այսինքն՝ վարչական դատարան դիմող սուբյեկտի միջնորդությամբ և դրա բավարարման դեպքում հնարավոր է անգամ նորմատիվ-իրավական ակտի գործողության կասեցում: Առհասարակ, դատական համակարգը և դրա անկախությունը պետական/հանրային իշխանության մյուս ճյուղերից այն երաշխիքն է, որ դատարան դիմող սուբյեկտները կկարողանան բացառապես օրինական ճանապարհով պայքարել հնարավոր ապօրինությունների կամ օրենքի սխալ կիրառման դեմ»,- պատասխանեց իրավաբանը։