Հոմանիշների «փունջ»՝ իշխանությանը

Հոմանիշների «փունջ»՝ իշխանությանը

Քանի օր է` իշխանական միտքը սեւեռված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի նամակին: Բայց այդ սեւեռումը, ինչպես եւ այլ դեպքերում, ոչ թե բովանդակային է, այլ՝ բացառապես… իմքայլային: Բուքիքիոյից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ստացած կարճ նամակը եւ դրա հայերեն թարգմանությունը անսպասելի լեզվաբանական աժիոտաժ է հրահրել իշխանական զանազան օթյակներում. իշխանավորներից յուրաքանչյուրը` նախարար թե պատգամավոր, իրեն «կոչված» է համարում պատասխանելու այդ նամակին` բնականաբար, լեզվաբանական «թերության» պատճառով դրա բովանդակային կողմը ո չ եւս անելու նպատակով: Բանը հասել է նրան, որ հանրային հեռուստաընկերության լուրերի կայքը նամակի մասին տեղեկատվությունը ներկայացնում է «Բուքիքիոն Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը» վերնագրով, այն դեպքում, երբ կոչն ուղղված է իշխանություններին: Ուղղակի զավեշտալի է հետեւել, թե ինչպես է իշխանական թեւը, վերնագիր ու բովանդակություն կեղծելով, մահու-կենաց կռիվ տալիս նաեւ անգլերեն մի անմեղ բառի հայերեն թարգմանության համար. «recommendation»՝ նշանակում է «հանձնարարակա՞ն», թե՞ «առաջարկություն»:

Իշխանությունը, բնականաբար, իրեն ուղղակի վիրավորված կհամարեր, եթե Բուքիքիոն համարձակվեր, այն էլ` Հրայր Թովմասյանի միջնորդությամբ, խոսել «հանձնարարականի» մասին: Ա՛յն Բուքիքիոն, ում իշխանությունն արդեն հասցրել է իր պատգամավորի (Վ. Հովակիմյան) շուրթերով մեղադրել կոռուպցիայի մեջ: 

Բառի սխալ թարգմանությունից խորապես վիրավորված է, ահավասիկ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: «Հավանաբար, նկատել եք այդ սխալմունքը, որտեղ Բուքիքիոն ներկայացրել է, որ իրենց առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվել, բայց մամուլում հրապարակվել է, որ իրենց հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել»,- լրագրողներին բողոքել է նա: Բայց զարմանալի է, որ իրավագետ պատգամավորն ինքն է իրավական շփոթի մեջ՝ չի տարբերում «հանձնարարականը» «հանձնարարությունից»` այն դեպքում, երբ բովանդակության տեսակետից դրանք բոլորովին նույնական չեն: Ավելին` հենց այդ շփոթի մեջ պետք է տեսնել եվրոպացի պաշտոնյայի նամակի «ՍԴ-ական» թարգմանության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների գրգռված արձագանքի պատճառը:

«Հանձնարարությունը» աշխատանքային իրավահարաբերություններում որոշակի հրամայականություն (իմպերատիվ)  ենթադրող տերմին է` ի տարբերություն «հանձնարարականի», որը համեմատաբար չեզոք բան է` կատարման ոչ որոշակի իմպերատիվությամբ:  Բայց խառնելով տերմինները` իշխանությունը սեւեռված է վերոնշյալ բառի «հանձնարարական» իմաստը ժխտելու եւ միայն մեկ` «առաջարկություն» իմաստն ընդունելու վրա: Ն. Բաղդասարյանը նույնպես տարակույս չունի, թե վերը նշված անգլերեն բառը միմիայն նշանակում է «առաջարկություն»: 
(Ինչպես եւ սպասվում էր, գործին խառնվել է FIP - Փաստերի ստուգման հարթակ-ը եւ իր «անկախ, հեղինակավոր» եզրակացությունն արել առ այն, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը «…սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը»:

«Ըստ ՍԴ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված գրառման՝ Բուքիքիոն ցավ է հայտնում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն ընթանում հանձնաժողովի «հստակ հանձնարարականների» համաձայն՝ այն դեպքում, երբ նամակի բնագրում խոսվում է «հստակ առաջարկությունների» (անգլ.` «clear recommendations») մասին: Նամակը սխալ թարգմանությամբ են տարածել Tert.am, 168 Hours, NEWS.am, politik.am եւ այլ լրատվական կայքեր»,- ախուվախ է անում է հարթակը` շեշտելով, որ «Վենետիկի հանձնաժողովն իրավասություն չունի հանձնարարականներ տալու Հայաստանի կառավարությանը, այն լիազորված է ներկայացնել միայն խորհրդատվական կարծիք»:

Ամբողջ այս բառախաղն այնքան է ինքնանպատակ եւ իսկապես անարժեք, որ թերեւս չարժեր խորանալ, բայց հետաքրքրասիրությունն ինձ տարավ Հ. Ասմանգուլյանի «Անգլերեն-հայերեն բառարան». վերջինս «recommendations» բառի համար ներկայացնում է «հանձնարարում, հանձնարարական, հանձնարարելը. խորհուրդ» թարգմանությունը: Հետո պարզվեց, որ բառի խիստ հարուստ հոմանիշային շարք է առաջարկում Большой англо-русский словарь-ը` ուղղություն, ցանկություն, կարծիք, առաջարկություն… 

Անկասկած, անհեթեթ է, որ հիմա տողերս գրողը եւս զբաղված է անիմաստ գործով` փորձում է ճշգրտություն մտցնել մի բանում` մի կողմ թողած ճշմարտությունը, ճշմարտությունն առ այն, որ բառը, ինչպես էլ թարգմանենք-ընկալենք, էական բան չի փոխում հարգարժան եվրոպացու ասածի մեջ. մեր իշխանությունները Սահմանադրական դատարանի խնդրով չեն հետեւել Վենետիկի հանձնաժողովի ո՛չ հանձնարարականներին, ո՛չ առաջարկություններին, ո՛չ կարծիքներին, ո՛չ խորհուրդներին, ո՛չ ուղղորդումներին: «Recommendations» բառի հոմանիշային այս «փունջը» կարելի է գտնել տարբեր եւ տարալեզու բառարաններում, դրանք հերթով տեղադրել Ջ. Բուքիքիոյից ստացված նամակի տեքստում, միեւնույն է՝ բուն ասելիքը դրանից չի փոխվում: