Ծանակում

Ծանակում

Այս տարվա հունիսի 26-ին Երեւանի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեից Հայաստանի ինքնիշխանության ամրոցի ուղղությամբ հերթական կրակահերթն արձակվեց. այն ուղղված էր ամրոցի հիմնապատի՝ ազգային ինքնության, ավելի որոշակի՝ հայոց լեզվի դեմ:

«Գաղտնիք չէ, որ դեռեւս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենն ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ. ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում եւ այլն։ Մեր երկրներին միավորում են ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն։ Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված աղմկահարույց իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ»,- ՀՀ պետական լեզվին մարտահրավեր էր նետում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Հայաստանի անկախության հռչակումից երեք տասնամյակ անց ռուսական տարանուն կայսրությունը չի հանդարտվում. իր երբեմնի ծայրագավառը թոթափել է երկդարյա ռուսական տիրապետությունը, հայկական դպրոցները փակելու հնարավորությունները կորսվել են, Հայաստանի ռազմաքաղաքական ռուսականացումը համառորեն չի զուգակցվում լեզմամշակութային ռուսականացմամբ: 

Դեսպանատան մամլո ծառայության վերոհիշյալ արձագանքի առիթը ՀՀ ԱԺ-ում 1-ին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն էր, որը խստացնում է ՀՀ եթերային տարածքում օտարերկրյա հեռարձակողների գործող իրավասությունները. «Օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով»: Թեպետ սա ընդամենը հեռարձակման ոլորտը կարգավորելու քայլ է, սակայն Ռուսաստանում դա ընկալեցին, իսկ Հայաստանի քաղաքական-տեղեկատվական որոշ շրջանակներ մատուցեցին, թե ռուսական հեռարձակողների համար եկել են նոր ու խառը ժամանակներ: 

Նոր Հայաստանը հին Հայաստանից ժառանգություն էր ստացել կորսվող ինքնիշխանությամբ, արբանյակային հարաբերություններով, ռուսական կոշտ թելադրանքով գոյատեւող պետություն: Հայկական թավշյա հեղափոխությունը Հայաստանի ինքնիշխանության խնդիրը չլուծեց: Հայ-ռուսական հարաբերությունների կախյալ բնույթը վերանայելու, Եվրոպայի հետ քաղաքական նոր հարաբերություններ կառուցելու փոխարեն, Երեւանը շարունակեց ընթանալ ռուսական ոտնահետքերով, անվերջ պտտվելով ռուսական քաղաքական ուղեծրում՝ միջազգային հարաբերություններում շարունակելով համարվել Մոսկվայի շահերին աջակցող կցորդ պետություն: Հայկական հին սայլն ինչպես կապվել էր ռուսական հոգնած ձիուն, այնպես էլ մնաց նրան շղթայված: Պարզապես ավելացավ նոր իշխանությունների խրոխտ ինքնագովությունը, որը, միախառնվելով նրանց ապաքաղաքական պարզունակության հետ, դարձավ նոր սպառնալիք Հայաստանի միջազգային համբավի համար: 

Պաշտոնական Երեւանը Մոսկվայի հետ հարաբերություններում միշտ էլ կարեւորել է ոչ թե պետության արժանապատվությունն ու ինքնիշխանությունը, այլ սեփական իշխանության պահպանումը, որի համար Մոսկվան եւ նրա հայաստանյան տեղապահները միշտ վտանգ են եղել: Մոսկվայի՝ Հայաստանի ինքնիշխանության, ազգային ինքնության դեմ ուղղված ծանակումները հեղափոխական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր նախորդների նման եւս մեղմորեն անտեսել է: 

Օտար լեզվին՝ ռուսերենին, Հայաստանում նոր պետական կարգավիճակ վերապահելու Մոսկվայի նյարդային նկրտումները թեժանում էին ՀՀ ներքին գործերին միախառնվելու տենդագին ձգտումներով, որը բացահայտ դարձավ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում: ՌԴ դեսպանության հայտարարությունից մի քանի օր առաջ՝ հունիսի 22-ին, Քոչարյանին «կալանքից ազատելու որոշումը ողջունելու» մասին հայտարարությամբ հանդես եկավ Լազարեւյան ակումբը՝ ընդգծելով․ «Ձերբակալության ողջ ընթացքում բազմիցս հանդես ենք եկել հօգուտ քաղաքական հետապնդումների եւ դատական համակարգի վրա ճնշումներից հրաժարվելու՝ ընդդեմ անցյալի եւ ներկայի միջեւ հաշիվներ կարգավորելու փիլիսոփայության»

Հայ-ռուսական տխրահռչակ «Գրիբոյեդով ակումբը» փոխել էր անվանումը, սակայն չէր փոխել մեծապետական նկրտումները: Ռուսաստանն անթաքույց խառնվում էր Հայաստանի ներքին գործերին: Այլ պետության նախկին քաղաքական ղեկավարի կալանավորումը ծանր տանող Մոսկվան թերեւս ապրում էր «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին հիշողություններով, գործարք, որով Հայաստանի տնտեսական հզորությունների զգալի մասը փոխանցվեց Ռուսաստանին: 

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման մերժման՝ դատարանների որոշումները ստիպեցին հայտարարություններով հանդես գալ «Բաց հասարակության հիմնադրամի» Հայաստանի գրասենյակին, որի նախաձեռնություններին միացան Սորոսի գրասենյակի հետ այս կամ այն չափով առնչություն ունեցող ՀԿ-ները: «Պետության բռնազավթման երկարաժամկետ հետեւանքների, ազգային անվտանգությանը, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը հասցված վնասների վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականի բացակայության հետեւանքով նախկին ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի եւ պետության դեմ ուղղված հանցագործությունները կոծկելով եւ հարուցված քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ, այլ նաեւ թաքնվում են «ընդդիմության» անվան տակ եւ համախմբվելով՝ ցուցադրում են իշխանության վերազավթման անթաքույց նկրտումներ»։ 

Հունիսի 23-ի այս հայտարարությամբ ներկա իշխանություններին կոչ էր արվում քաղաքական գնահատական տալ նախկիններին: Արդարացի՛ պահանջ, որը զայրալից բարձրաձայնում էր ՀՀ նախկին իշխանությունների հետ մշտապես համագործակցող, նրանց կողմից վերահսկվող եւ ուղղորդվող ամերիկյան հիմնադրամը՝ անթաքույց եւ կոպտորեն խառնվելով ՀՀ ներքին գործերին: Սորոսի Հայաստանի գրասենյակն իր փակ, կլանային կառավարմամբ կապ չուներ անգամ իր հիմնադրի՝ բաց հասարակության գաղափարախոս Կառլ Փոփերի եւ այդ գաղափարախոսության ջատագով Ջորջ Սորոսի հետ, իսկ արեւմտյան արժեքների եւ քաղաքակրթության հետ նույնքան կապ ուներ, որքան ինկվիզիցիան՝ քրիստոնեական ազատության հետ: Ուշագրավն այն էր, որ նման կառույցները տարիներ շարունակ «քաղաքականությամբ զբաղվելու» մեջ են մեղադրել իրապես անկախ այն ՀԿ-ներին, որոնք քննադատում էին նախկին իշխանություններին: 

Ներհայաստանյան իրադարձությունների հարահոսում, ահագնացող համաճարակի պայմաններում Քոչարյանի դատավարությունը դարձավ լակմուսի այն թուղթը, որով կարելի էր տեսնել Հայաստանի կորսվող ինքնիշխանության, թուլացող աշխարհաքաղաքականության մռայլ պատկերը: 
 Երեւանի բացակա քաղաքական օրակարգի, արտաքին քաղաքականության չգոյության, միջազգային հարաբերությունների խոցելիության պայմաններում Հայաստանը խարխափում էր ռուսական մեծապետական շովինիզմի եւ Սորոսի Հայաստանի գրասենյակի մարտնչող պահանջատիրության միջեւ՝ հանձնվելով օտար եւ վտանգավոր այդ պայքարին: Պայքար, որ մղվում էր Հայաստանին ամբողջությամբ տիրելու համար, պայքար, որի առաջնագծում ազգությամբ հայ գործիչներն են: 
 

Հայաստանի ինքնիշխանության, ազգային ինքնության դեմ ուղղված սպառնալիքները, ոտնձգությունները, ծանակումները որչափ պայմանավորված են եղել արտաքին գործոնով, նույնչափ էլ՝ ներքին գործոններով: Այդ սպառնալիքներն աճել եւ պարարտ հող են գտել հենց երկրի ներսում: Այդ խոտոր ճանապարհով ընթանալիս են պետություններն ու հասարակությունները կորցրել անկախությունը, ինքնիշխանությունը, կազմաքանդել ազգային ինքնության հիմնասյուները: 
Հայաստանի ինքնիշխանության դրոշը ծանակվում էր օտարների եւ նրանց հայ տեղապահների կողմից: