Ընդդիմությունը կբոյկոտի

Ընդդիմությունը կբոյկոտի

ԱԺ- ում կատարված միջադեպից հետո ընդդիմությունը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, բոյկոտը կվերաբերի միայն այսօրվա հարցուպատասխանին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ դահլիճում կրքերը թեժացան այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը դիմելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, ասաց, որ 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն: «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Արթուր Սարգսյանին ասաց. «Վեր ընկի տեղդ»:

Արթուր Սարգսյանն արձագանքեց. «Ո՞նց թե վեր ընկի տեղդ, դու ով ես, որ ինձ ասես՝ վեր ընկի տեղդ. Դու ոնց կարաս ինձ հետ տենց խոսաս»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Երբ անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում Արթուր Սարգսյանին, քաշքշուկ սկսվեց, քանի որ մյուս պատգամավորները փորձում էին խոչընդոտել: