Թրամփը երբեք էլ վստահ չի եղել՝ կարո՞ղ է, թե՞ չի կարող…

Թրամփը երբեք էլ վստահ չի եղել՝ կարո՞ղ է, թե՞ չի կարող…

Համաձայն դատարանի վճռի՝ Դոնալդ Թրամփը E. Jean Carroll-ին կվճարի 5 միլիոն դոլար: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը Քերոլին սեռական բռնության է ենթարկել Մանհեթենի բարձրակարգ հանրախանութում, 1996 թվականի սկզբին: Ուշադրություն՝ ոչ թե բռնաբարության, այլ սեռական բռնության համար: Հավանաբար՝ անհաջող կոմպլիմենտ արած կլինի (օրինակ, ասած լինի՝ «սիրուն աչքեր ունես», դա նույնպես բռնություն է դիտվում): 

Թեպետ, հնարավոր է, որ ստացվել է այնպես, ինչպես արցախյան 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ, լինելով աշխարհի հզոր պետության ղեկավարը, ասել էր. «Տեսնենք, ինչպես կարող ենք կանգնեցնել պատերազմը»:
Մեծարգո Թրամփ, մենք արդեն հասկացել ենք, որ կանգնեցնելն այդքան դյուրին բան չի, ուստի ըմբռնումով ենք մոտենում ձեզ: Մնացել է, որ Քերոլինն ազնիվ գտնվի ու խոստովանի, որ ոչինչ էլ չի եղել, որովհետև չէր կարող լինել: Թող մի փոքր գթասիրտ գտնվի և բավարարվի այդ 5 միլիոնով և հրաժարվի ևս 10 միլիոնի հայց ներկայացնելու մտադրությունից:

Հ.Գ. Թվում էր, թե մեկ հեռախոսազանգով հնարավոր կլիներ սաստել թուրքերին, բայց մարդն ի վիճակի չի եղել, ինչպես այս դեպքում: Ցավալիորեն՝ մեկ անհատը կարող է վարկաբեկել մի ամբողջ պետություն՝ իր ապաշնորհության, արդար որոշումներ կայացնելու անկարողությամբ: Փաստորեն՝ նախկին նախագահը խոստովանել է ԱՄՆ անկարողությունը:
Աստված պահպանի Ամերիկան և ամերիկացիներին, քանզի նրանց «վերջին սերդնի» նախագահներն ի վիճակի չեն դա անել:

Գագիկ Վարդանյան