Կտեսնենք՝ իրենք գնացողների՞ մեջ են, թե՞ մնացողների

Կտեսնենք՝ իրենք գնացողների՞ մեջ են, թե՞ մնացողների

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ դատի են տվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում կիրառվող դասախոսների ընտրության նոր կանոնակարգը եւ դրա հիմքով հայտարարված մրցույթը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին:

Դասախոսները պնդում են, որ այդ կանոնակարգի նախագիծը մինչև ՀՊՏՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնելը, պետք է քննարկվեր համապատասխան ամբիոններում և ֆակուլտետների գիտական խորհուրդներում, այսինքն՝ ըստ դասախոսների՝ խախտվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի կետերից մեկը, որի համաձայն բուհում աշխատողն իրավունք ունի մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը։

Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշել է դադարեցնել մրցութային գործընթացը եւ կանոնակարգի կիրառումը՝ մինչեւ դատական վճռի արձակումը։ Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ում նկատմամբ մեծ դժգոհություն է կուտակվել բուհում այս մեկ տարվա ընթացքում, մեզ ասաց, որ իրենք բողոքարկել են այդ որոշումը, քանի որ այն համալսարանին խնդիրների առաջ է կանգնեցնում․

«Մամուլում շրջանառվում էր, որ հայցը բավարարվել է և շահել են դատը, դա չի համապատասխանում իրականությանը։ Դատարանը արգելանք է դրել Կանոնակարգի վրա, այսինքն՝ կասեցրել է Կանոնակարգը՝ որպես հայցի ապահովման միջոց, մինչև որ կայացվի որոշում։ Սակայն, մեր կարծիքով, դատարանը հաշվի չէր առել մի շարք կարևոր հանգամանքներ, սա սովորական պայմաններում կարող էր արդյունավետ լինել, բայց այս պարագայում, երբ որոշումը կայացնելուց առաջ արգելանք է դրվում որպես հայցի ապահովման միջոց, դա լրջագույն խնդիրներ է առաջացնելու առաջիկա ուսումնական տարվա համար։ Դրա համար մենք արդեն դիմել ենք դատարան, որպեսզի այդ որոշումը վերանայվի, շատ ամուր փաստարկներով, որովհետև, ըստ էության, այն ընդհանուր մոտեցումը, որը դատական պրակտիկայում շատ տարածված մոտեցում է, մեր դեպքում կարող էր կոլապսային իրավիճակներ ստեղծել։ Մենք շատ ամուր հիմնավորումներով դիմել ենք դատարանին, որպեսզի որոշումը վերնայվի, կասեցումը հանվի, որովհետև դա հազարավոր մարդկանց համար նոր խնդիրներ է ստեղծելու»։

Հայրապետյանին հարցրինք, թե ի՞նչ փուլում է մրցույթն այժմ, և կա՞ն դասախոսներ, որոնք կողմ են նոր կանոնակարգով մրցույթին, որով օրինակ տարեց դասախոսներին անգլերենին տիրապետելու պահանջ է ներկայացվում եւ այլն․

«Մրցույթը արդեն փաստացի իրականացված և ավարտված է, այսինքն՝ հանձնաժողովները աշխատել են, մի քանի տեխնիկական փուլ է մնում, պարզապես կանոնակարգի կասեցումը մեզ խոչընդոտում է այս օրերի ընթացքում, մենք հույս ունենք, որ այն կվերականգնվի դատարանի կողմից։ Դասախոսների հետ կապված ես կոնկրետ վիճակագրություն չունեմ, բայց դասախոսների մի շատ մեծ հատված կա, որ ինձ շարունակաբար շնորհակալություն են հայտնում այս մրցույթը անցկացնելու համար, քանի որ առաջին անգամ իրենք կարող են դրսևորել իրենց իրական ներուժը, մասնագիտական կոմպետենցիաները։ Բնականաբար կա փոքրամասնություն, որ մտածում է՝ մրցույթի անցկացումը իրենց համար որոշակի խնդիրներ է առաջացնելու։ Ես այդ մարդկանց հասկանում եմ, որ պայքարում են իրենց տեղի համար, և տարբեր մեթոդների են դիմում, այդ մեթոդներից մեկն էլ դատարան հայցով դիմելն է՝ ենթադրելով, որ կանոնակարգի որոշ դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրությանը, ինչը որ, մեր կարծիքով, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց, իհարկե, դա իրենց իրավունքն է, որ դատական կարգով դա վիճարկեն։

Դատարանի հետ մինչ այս մեր հարաբերությունը այն է եղել, որ մենք դիմել ենք, որպեսզի չեղարկեն արգելանքը, ինչը բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, կասեցման այդ որոշումը մեզ պրակտիկորեն ստիպելու էր օրենք խախտել այն առումով, որ դասաբաշխումը այնուամենայնիվ պետք է իրականացվի, նոր ուսումնական տարի ենք սկսում, իսկ «Բարձրագույն բուհական և հետբուահական կրթության մասին» օրենքի համաձայն թափուր պաշտոնների տեղակալմանը պետք է նախորդի բաց մրցութային ընտրություն»,- ասաց Հայրապետյանը։

Այսինքն՝ արդեն հայտնի՞ են «գնացողները և մնացողները», և հայց ներկայացված դասախոսները ո՞ր ցուցակում են՝ գնացողների՞, թե՞ մնացողների, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց․

«Վերջնական որոշումը դեռևս չկա, բայց մրցութային գործընթացի մոտ 90 տոկոսն արդեն ավարտված է։ Դատարան հայց է ներկայացրել և ստորագրել, եթե չեմ սխալվում, 17 հոգի, որի մի մասը ընդհանրապես չի դիմել մրցույթին, մյուս մասը դիմել է մրցույթին, ինչը ինձ համար մի փոքր տարօրինակ է, քանի որ եթե պահանջում ես, որ այդ մրցույթի կանոնակարգը իրավաբանական ուժ չունեցող ճանաչեն, մրցույթն անօրինական է, բայց մասնակցում ես այդ անօրինական մրցույթին։ Արդյունքներից պարզ կլինի, կտեսնենք՝ իրենք գնացողների՞ մեջ են, թե՞ մնացողների»։