Դաշնակցականին վայել աննկուն կամքով

Դաշնակցականին վայել աննկուն կամքով

Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ արցախյան կառույցի նորընտիր ԿԿ անդամ Վահրամ Բալայանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում «հակասություն է առաջանում Սահմանադրության հենց առաջին հոդվածի առաջին մասի հետ» եւ հորդորում, որ հանրությունը «պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին եւ լուրջ վերաբերմունք ցուցաբերի»: 

Ասված է հուլիսի 16-ին, երբ ստորագրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, եւ հանրության այն հատվածը, որ հավատացել է նախաձեռնողներին կամ տրվել գայթակղությունների, արդեն իսկ իր որոշումը հիմնականում կայացրել եւ ի կատար է ածել: Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 4-ին: Այդ ընթացքում Դաշնակցության մի շարք ներկայացուցիչներ արտահայտվել են այն իմաստով, որ եթե սահմանադրությունը թույլ է տալիս, որ ընտրողների տասը տոկոսի պահանջով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակվի, ապա իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում: Ավելին, համայնքներից տեղեկություններ էին ստացվում, որ որոշ դաշնակցականներ նույնիսկ աջակցում են ստորագրահավաքին: Ներկայումս, երեւում է, Դաշնակցության համար իրավիճակ է փոխվել: Կուսակցությունը քաղաքական ուժերի հետ խորհրդատվությունների շարք է նախաձեռնում՝ «միասնական օրակարգ ձեւավորելու եւ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու» օրակարգով:

Դա ուղեկցվում է ներքաղաքական համախոհության եւ համերաշխության հասնելու կոչերով: Այս իրավիճակում, ըստ երեւույթին, Դաշնակցությանը չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող խմբի հետ: Եւ եկել է դաշնակցականին վայել «աննկուն կամք» ցուցաբերելու ժամանակը: Միայն թե, ինչպես վերեւում ասվեց, ստորագրահավաքի գնացքը մեկնել է վաղուց եւ արդեն մոտենում է հանգրվանին: Եթե Դաշնակցությունը մեկ ամիս առաջ հանրությանը հորդորեր տեղեկանալ հարցի բոլոր նրբություններին եւ լուրջ վերաբերմունք ցուցաբերել ստորագրահավաքին, ապա կոչը կունենար իմաստ ու, երեւի, կարժանանար համարժեք վերաբերմունքի: Այսօր Դաշնակցությունը փորձում է հարմարավետ տեղավորվել ներարցախյան քաղաքական զարգացումներում: Այն դեպքում, երբ հանրության ջախջախիչ մեծամասնությունն արդեն իսկ մերժել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ընդ որում, պարզ է, թե քաղաքական որ ուժի ձեռքբերումն է դա: Դաշնակցությունն ուզում է կիսե՞լ այդ ռեսուրսը: