Նոր ԱԺ-ն մեկնարկեց իշխանական քծնանքի եվ դիֆերամբների մթնոլորտում

 Նոր ԱԺ-ն մեկնարկեց իշխանական քծնանքի եվ դիֆերամբների մթնոլորտում

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի ու նրա տեղակալների առաջադրումն ու ընտրությունը երեկ կայացան անսպառ քծնանքի, ցիտատների եւ դիֆերամբների գաղջ մթնոլորտում։ Եվ այս հարցում հատկապես առաջամարտիկ էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք այս հարցում էլ գերազանցեցին ՀՀԿ-ականներին․ մեկը մյուսին հերթ չտալով՝ նրանք դիֆերամբներ էին ձոնում իրենց թեկնածուների հասցեին։ Քծնանքը շատերը համեմում էին պատմափիլիսոփայական մեջբերումներով։

Պատգամավորները երբեմն այնքան հեռուն էին գնում, որ առաջադրված թեկնածուներին հավասարեցնում էին համաշխարհային մտքի գիգանտների հետ, կարելի է ասել՝ նրանց Հին Հունաստանի յոթ իմաստուններից էլ վեր էին դասում ու մեջբերումներ անում, օրինակ, Լենա Նազարյանի կամ մյուսների տված հարցազրույցներից, նրանց արտահայտած «դարակազմիկ» մտքերից, ասես Արիստոտելի, Անաքսիմանդրեսի կամ Մաքիավելու մասին էր խոսքը։ Տպավորություն էր, թե «Իմ քայլում» բաժանել էին դերերը՝ որ թեկնածուի մասին ով պետք է ելույթ ունենա եւ ինչ բովանդակության դիֆերամբներ ձոնի։

Դրանից կարելի է եզրակացնել նաեւ, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ունի «Իմ քայլում», ով ում հետ է մտերիմ եւ ով ում թիմից է։ 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, օրինակ, ելույթը նվիրեց Արարատ Միրզոյանին, ում շնորհիվ հայտնվել է խորհրդարանում, եւ նրան գովերգելիս այնպիսի ընդգծումներ արեց, որ բոլորը մտածեցին, թե բոլորովին այլ անձի մասին է խոսքը։ Նա նկարագրեց, թե ինչ հրաշալի անձնավորություն է Միրզոյանը, ինչպես է նա միշտ հարգել այն մարդկանց, որոնց կարծիքը չի կիսել, եւ ինչպես է միշտ առանձնացել գրքի նկատմամբ իր հարգանքով։ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է ունենալ ԱԺ նախագահի այսպիսի թեկնածու, եւ կոչ արեց՝ ի գործ, պարոն Միրզոյան։


«Լուսավոր Հայաստանից» վերջին պահին փախած ու իշխանական ճամբարում տեղավորված Հայկ Կոնջորյանն էլ, ով, ըստ լուրերի, այստեղ է հայտնվել Ալեն Սիմոնյանի ջանքերով, իր ձոնը հղեց առ Ալեն Սիմոնյան։ Հայկը, ով մասնագիտությամբ պատմաբան է, իր ելույթի սկզբում գնաց-ընկավ պատմագիտական խորխորատներն ու հիշեց ֆրանսիացիներին, գերմանացիներին, անգլիացիներին։ Որ ֆրանսիացիներն իրենց խնդիրները լուծում էին փողոցում, գերմանացիները՝ ինստիտուտներում, անգլիացիները՝ պառլամենտում եւ այլն։ Հետո էլի մի քանի պատմագիտական զեղումներ, ապա մի քանի դար պտտվելով՝ ի վերջո, եկավ-հասավ մեր օրեր ու վերջապես սահուն կերպով անցում կատարեց «պարոն Սիմոնյանին»։

Նա Ալեն Սիմոնյանին համեմատեց մագնիսի հետ՝ նրան վերագրելով տիեզերական հատկություններ, որ ձգողական ուժ ունի եւ այլն։ Իսկ թե ինչ կապ ունեին Ֆրանսիան, Գերմանիան եւ Անգլիան պարոն Սիմոնյանի ձգողական հատկությունների հետ, անհայտ մնաց։ Սիմոնյանին գովեց նաեւ Հովիկ Աղազարյանը, ով բարձր գնահատեց Ալեն Սիմոնյանի տեսակն ու մարդկային որակները։

Գոռ Գեւորգյան անունով մի անհայտ պատգամավոր էլ իր վրա վերցրեց Լենա Նազարյանին փառաբանելու գործառույթը՝ հիշելով նախ Պողոս Առաքյալին, որից անհասկանալի բառակույտով մի մեջբերում արեց, ապա՝ Մովսես Խորենացուն։  Ի դեպ, Գեւորգյանն իր ելույթը սկսեց «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ» արտահայտությամբ՝ հընթացս նշելով, որ վարչապետը դահլիճում չէ, եւ ակնարկելով, որ նա անգամ եթե բացակայում է, միշտ ներկա է մեր սրտերում եւ հոգիներում։ Վարչապետը երեւի կգնահատի նորաթուխ պատգամավորի այս ժեստը։ Մի աղջնակ էլ՝ Տաթեւիկ Հայրապետյան անունով, մեջբերումներ արեց Լենա Նազարյանի հարցազրույցներից, Նազարյանին դարձրեց կուռք, կին քաղաքական գործչի էտալոն եւ հայտարարեց, որ Լենա Նազարյանն իր մոտիվացիայի աղբյուրներից է եղել, եւ ինքը գնացել է նրա ճանապարհով։

Իշխանական թեկնածուներին ուղղված սուր, ընդդիմադիր հարցադրումներ չհնչեցին, հնչեցին որոշ զավեշտալի հարցադրումներ։ Օրինակ՝ Էդգար Առաքելյանը որոշեց Լենա Նազարյանին հարցնել՝ արդյոք ինքը գիտակցո՞ւմ է ԱԺ փոխխոսնակի այդ հսկայական պատասխանատվությունն իր ուսերին։ Հարցը հռետորական էր, բայց Լենա Նազարյանը հերոսաբար պատասխան տվեց։ Թերեւս չկար մեկը, որն ակնկալում էր, թե Նազարյանը բացասական պատասխան կտա, որ ոչ՝ չի գիտակցում այդ պատասխանատվությունը։

Պակաս ուշագրավ չէին նաեւ թեկնածուների ելույթները։ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանն իր ելույթը խրոխտ տոնով սկսեց՝ հիշելով սրանից 2800 տարի առաջ հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալի՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ սեպագիր արձանագրության մեջ դրոշմված հետեւյալ խոսքերը․ «Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամյաց»։ Հետո, չգիտես ինչու, հիշեց մեր ազգային էպոսի հերոսներին՝

Սանասարին, Բաղդասարին, Սասունցի Դավթին, Փոքր Մհերին, Մեծ Մհերին։
Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում խոսեց ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԺ բարձր դռներից, որոնք իրեն դուր չեն եկել։ Նրա խոսքով՝ այդ դռները հատուկ բարձր են սարքել այն նպատակով, որ երբ քաղաքացին մոտենա դրանց, իրեն զգա փոքր, իսկ այն անձը, որ գտնվում է այդ դռների մյուս կողմում, շատ մեծ եւ ուժեղ, եւ կոչ արեց հանել այդ դռները։ Փաստորեն, ըստ նրա տրամաբանության, երկրի եւ խորհրդարանի պրոբլեմներն ԱԺ դռների չափերի մեջ են, ու եթե ժամանակին այդ դռները փոքրացվեին, երեւի այսքան խնդիրներ չլինեին, ու հեղափոխություն էլ, թերեւս, տեղի չունենար։

Բայց ԱԺ ղեկավարների հարցում, անշուշտ, գլխավոր ընտրիգը թաքնված էր երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի առաջադրման եւ ընտրության մեջ։ Այստեղ գրեթե կենաց ու մահու պայքար էր ընթանում ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ։ Նրանք, նախկինի պես, մոռացել էին այն փաստը, որ իրենք ընդդիմադիր են իշխանությանը, ոչ թե իրար։ ԲՀԿ-ն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ԼՀ-ն՝ Մանե Թանդիլյանի։ Իսկ «Իմ քայլն» էլ արդեն բացահայտ հասկացրել է, որ իրենք աջակցելու են ԲՀԿ-ին՝ մեծությամբ երկրորդ ուժին։ Թանդիլյանն ու նրա կողմնակիցներն իրենց ելույթներում փորձեցին ապացուցել, որ իրենք են այս խորհրդարանի իրական եւ ուժեղ ընդդիմությունը, եւ որ պետք է իրենց թեկնածուն ընտրվի ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ն էլ Թանդիլյանին հիշեցրեց նրա սկզբունքների եւ դիրքորոշումների փոփոխականության մասին։ Եվ այս փոխհրաձգությունը տեւեց բավականին երկար, այն դեպքում, երբ «Իմ քայլի» թեկնածուների քննարկումն ու հարցուպատասխանն անցան ընդամենը մի քանի րոպեում։

Երեկ հասցրեցին քվեարկել միայն ԱԺ նախագահի հարցով։ Միակ թեկնածու Արարատ Միրզոյանի oգտին 132 պատգամավորից քվեարկեց 131-ը։ Անգամ ՀՀԿ-ի ժամանակներում նման «միակարծություն» չի եղել։ Միայն մի քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Եվ քվեարկության այս  «դեմոկրատական» պատկերն Արարատ Միրզոյանն իր համար շատ պարտավորեցնող համարեց։ Փոխնախագահների քվեարկությունը կկայանա այսօր, քանի որ ԲՀԿ-«Լուսավոր» բանավեճի կեսից որոշում կայացվեց նիստն ընդհատել եւ շարունակել այսօր։