Հանրապետության մի շարք բուհերում չկան ընտրված ռեկտորներ

Հանրապետության մի շարք բուհերում չկան ընտրված ռեկտորներ

Մինչ իշխանությունը ամեն կերպ փորձում է դասավանդումից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան՝ դա համարելով կրթական համակարգի թիվ 1 խնդիրը, հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձիթողի վիճակ է, կամ, այլ կերպ ասած, անտերություն։ Բանն այն է, որ մի շարք պետական բուհերը նույնիսկ չունեն ընտրված ռեկտորներ և ղեկավարվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ 

Մեկ տարուց ավել է՝ ԵՊՀ-ն ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, մինչդեռ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ուսումանական հաստատության ռեկտորի պաշտոնակատարը կարող է աշխատել մեկ տարուց ոչ ավելի ժամկետով։ Այս ընթացքում լիազորությունների ժամկետը ավարտեց նաև հոգաբարձուների խորհուրդը, որը մինչ այժմ չի ձևավորվել, որպեսզի կարողանա ընտրել ռեկտորին։ Նշենք, որ համալսարանը արդեն ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի իր թեկնածուներին, իսկ կառավարությունից ու ԿԳՍՄ նախարարությունից դեռևս «ձայն ու ծպտուն» չկա։

Նմանատիպ իրավիճակ է նաև Տնտեսագիտական համալսարանում։ ռեկտոր Կորյուն Աթոյանի հեռանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն համալսարանի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, սակայն նա կարճ ժամանակ որպես ԺՊ պաշտոնավարելուց հետո հեռացավ։ Նրա փոխարեն նշանակվեց Դիանա Գալոյանը։ Վերջինս նույնպես հրաժարական է տվել, որպեսզի մասնակցի ռեկտորի սպասվելիք ընտրություններին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 17-ին թեկնածուների դիմումների ներկայացման վերջին օրը հուլիսի 10-ն է։ Դեռևս հայտնի չէ, թե բացի Գալոյանից կա՞ն այլ թեկնածուներ, մեզ հետ զրույցում Գալոյանն ասաց, որ ինքը այդ մասին տեղեկություններ չունի։ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների ընթացքը կներկայացնենք հետագայում։

Հունիսի 25-ին ռեկտորի պաշտոնից հրաժարական է տվել նաև Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն  Աղգաշյանը։ Պոլիտեխնիկական համալսարանում էլ չկա ձևավորված հոգաբարձուների խորհուրդ, և հաշվի առնելով ԿԳՍՄ նախարարության գործելաոճը, դժվար է ասել, թե Պոլիտեխնիկական համալսարանը երբ կունենա ընտրված ռեկտոր։

Դեռռևս 2019 թվականի սեպտեմբերի 2-ից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Դավիթ Խիթարյանը, 2019 թվականի դեկտեմբերի 2-ից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Եղիազար Վարդանյանը։