Այս դեպքում ինչու պետք է հապաղել...  

Այս դեպքում ինչու պետք է հապաղել...  

14.05.2020թ. որոշվեց, որ բազմաթիվ այլ միջոցառումներին զուգահեռ, մայիսի 25-ից բոլորը և ամենուրեք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ՝ հետագա վարակը կանխելու համար: Խախտողները կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Համոզված եմ, որ այս որոշումը ինքնանպատակ չէ և իրավասու մարմիններն այս հարցը ևս խորությամբ ծանր ու թեթև են արել ու հետո միայն տվյալ որոշումը կայացրել: Սովորաբար, ցանկացած ակտի վերաբերյալ, երբ նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի կամ կգործարկվի այսինչ ժամանակից սկսած, ապա դրա համար հիմնավոր վերլուծություններ են արվում, թե ինչու հատկապես հենց այդ պահից: Տվյալ որոշումն ընդունելու օրվանից մինչև մայիսի 25-ը դեռ 10 օր ժամանակ կա և ինձ համար լիովին անհասկանալի է, թե ինչու չէր կարելի, որպեսզի այն ուժի մեջ մտնի անմիջապես, այլ ոչ թե, ինչպես նշված է որոշման մեջ, մայիսի 25-ից:

Կարծում եմ հանրապետությունը դիմակների պակաս չունի, իսկ եթե անգամ երկարաժամկետ կտրվածքով դիմակների պակաս կա, ապա կարելի է եղած խմբաքանակն օգտագործել մայիսի 15-ից սկսած և զուգահեռաբար ապահովել հետագայում անհրաժեշտ խմբաքանակը: Եթե նայենք վիճակագրությանը, ապա վերջին օրերին վարակվածների միջին թիվն օրական ավելանում է 100-ից 150-ով, որը 10 օրվա ընթացքում կազմում է 1000-ից 1500 հիվանդ: Իհարկե, դժվար է հաշվել, թե նշված հիվանդներից քանիսն է վարակվել իր կամ այլ հիվանդների դիմակ չկրելու հետևանքով, սակայն եթե անգամ մեկ հոգի վարակված լինի հենց այդ պատճառով, ուրեմն լիովին արդարացված է, որ այդ որոշումն ուժի մեջ մտներ հենց անմիջականորեն: Բնավ չեմ կարծում, որ դիմակներ կրելու հետ կապված կան այնպիսի մասնագիտական նրբություններ, որոնց չեմ տիրապետում, որոնք էլ կարող էին պատճառ դառնալ դրա ոչ անմիջականորեն, այլ 10 օր հետո միայն ուժի մեջ մտնելու համար: Այնպես որ, իրավասու ատյաններին առաջարկում եմ, որ մեկ րոպե շուտ՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ կատարել հետևյալ փոփոխությունը. «մայիսի 25-ից բառերը փոխարինել մայիսի 15-ից բառերով»...
            
 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ