Ճտիկով գրիչը, ընձառյուծն ու Սասուն Միքայելյանի քայլը

Ճտիկով գրիչը, ընձառյուծն ու Սասուն Միքայելյանի քայլը

Երկրի ղեկավարի ամենակարեւոր հատկությունն ադեկվատությունն է, իրականության զգացողությունը եւ հասարակական արձագանքը կանխատեսելու ունակությունը։ Երբ պետությանդ ղեկավարը կորցնում է իրականության զգացումը, դադարում է զգալ, թե իր խոսքերն ու արարքներն ինչպես կընկալվեն լայն հանրության կողմից, ուրեմն վիճակը բարդ է․․․ Ընդ որում, բարդ է հասարակության վիճակը, ոչ թե այդ ղեկավարի։

Այդ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից եւ չի կարողանում ադեկվատ ընկալել մարդկանց ռեակցիան, առաջին անգամ ունեցանք, երբ Կապանի ասուլիսից հետո խրոխտ հայտարարեց, թե Երեւան գալով՝ մերկացնելու է Հրայր Թովմասյանին, մի այնպիսի ապացույց է ներկայացնելու, որ մենք բոլորս ցնցվենք ու համոզվենք, թե ինչ կոռումպացված ՀՀԿ-ականի հետ գործ ունենք, որի տեղը Սահմանադրական դատարանը չէ։ Բայց ինչքան մեծ էր մեր հիասթափությունը, երբ պարզվեց, որ խոսքն ընդամենը մի ճտիկով գրիչի մասին է, որը նրան նվիրել է Հրայր Թովմասյանը։ Նախաբանի հզորությունը չարդարացրեց մեր սպասումները, մենք բացարձակապես չհասկացանք, թե ինչով էր այդ գրիչն այդքան ուշագրավ, եւ ինչ էր ապացուցում Հրայր Թովմասյանի կողմից իրեն գրիչ նվիրելու փաստը։ Բայց մի բան հասկանալի էր, որ երկրի վարչապետը կորցրել է իրականության հետ կապը։ Նա այլեւս չի հասկանում, որ իր պայքարը նախկինների դեմ անթույլատրելի լինելուց բացի նաեւ արդեն ծիծաղաշարժ է դառնում։ Կամաց վերածվում է պարանոյայի։ Ավելին՝ հոգնեցնում է անգամ իր կողմնակիցներին։ Եվ մարդիկ օրինական հարց են տալիս՝ մինչեւ ե՞րբ ես պայքարելու Սերժ-Քոչարյան-հանրապետականներ-նախկիններ կոնգլոմերատի դեմ։ Մինչեւ ե՞րբ ես քո անհաջողություններն արդարացնելու նրանց գոյությամբ։ Մինչեւ ե՞րբ ես կրկնելու, որ նրանց պատկանող լրատվամիջոցներն ու փիառն են քեզ խանգարում, որ երկիրը ծաղկի, ներդրումներ գան, տնտեսությունը զարգանա, Ղարաբաղի հարցը լուծվի, եւ, առհասարակ՝ լուծվեն մեր բոլոր խնդիրները։ Եթե փիառով են որոշվում նրանց հզորությունն ու քո անկարողությունը, ապա այդ փիառը միշտ եղել է մեր երկրում։ Ժամանակին քո «Հայկական ժամանակը» չէ՞ր գրում, քննադատում։ Հիմա էլ քեզ են քննադատում, դա բոլոր իշխանությունների ճակատագիրն է, դրանից չես փախչի։

Բայց ժամանակի ընթացքում այս մարդու հիվանդությունը սկսեց խորանալ։ Ամեն քայլափոխի սկսեց արտառոց հայտարարություններ անել, զավեշտալի ու ողբերգական իրավիճակներում հայտնվել։ Ասենք, ադեկվատ, իրականությունը համարժեք ընկալող մարդը ո՞նց կարող էր Սասուն-Էդմոն բախումից հետո նման ելույթ ունենալ։ Բոլորին ներշնչել, որ Սասունը տեղից բարձրացել էր դահլիճից դուրս գալու համար, այլ ոչ թե Էդմոնին խփելու։ Իսկ իր թիմն ավելի առաջ գնաց՝ մեր աչքի տեսածը փորձում էին հերքել, թե Էդմոնին մեջքից ոչ ոք չի խփել։

Բայց այս օրերի թագն ու պսակը, իհարկե, Տավուշում հայտնված ընձառյուծի մասին հայտարարությունն էր՝ բյուջեի կատարողականի մասին վարչապետի եզրափակիչ ելույթում։ Պարզվում է, որ ընձառյուծն արգելոցից գնացել հասել է Ենոքավան՝ Նիկոլ Փաշինյանի պապական գյուղը․ դրա մեջ մեծ խորհուրդ կա, եւ վարչապետը դրանից ոգեշնչված է։ Պապս ասում էր՝ ձուն գա գլխիդ։ Ախր, դա ինչ մի հպարտանալու փաստ է, հո դու բանաստեղծ կամ բնապահպան չե՞ս, որ այդ փաստից ուրախանում ես։ Մանավանդ՝ հաջորդ օրը բնապահպաններն ասացին, որ արու ընձառյուծը հետ է գնալու, որովհետեւ Ենոքավանի հատվածներում էգ ընձառյուծներ չկան, զուգավորվելու համար նա պետք է հետ գնա։ Այնպես որ, շատ մի ուրախանալու փաստ չէ եւ առավել եւս վարչապետի կողմից հրճվելու եւ այդ մասին խոսելու բան էլ չէ։ Իսկ նման ոչ ադեկվատ ելույթները ներքին ու արտաքին ունկնդիրներին մի բան են ասում միայն՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կորցրել է իրականության զգացումը, ապրում է իր ստեղծած աշխարհում, որտեղ ում ուզում՝ բռնում է, ում ուզում՝ հանում-նշանակում է եւ ռոմանտիկ ու անիմաստ լուրեր է հաղորդում՝ որպես մեծ ձեռքբերումներ։

Հրայր ՄԵՍՐՈՊՅԱՆ