Ցանկանում եք առողջ լինել՝ պատրաստվեք համաճարակների

Ցանկանում եք առողջ լինել՝ պատրաստվեք համաճարակների

Մի փոքրիկ համառոտ ակնարկ՝ համաճարակների պատմությունից: Համաճարակները նույնքան հին են, որքան եւ մարդկությունը: Պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը 6-րդ դարի կեսի ժանտախտի համաճարակն է՝ «Հուստինիանական ժանտախտը», որը հանգեցրեց մոտ 100 միլիոն մարդու մահվան՝ սպանելով Եվրոպայի բնակչության 50-60%-ը: Ժանտախտի երկրորդ համաճարակը, որը կոչվում էր «Սեւ մահ», առաջացել է 14-րդ դարի կեսերին եւ հանգեցրել Ասիայի բնակչության 30%-ի եւ եվրոպացիների մինչեւ 50%-ի մահվանը: Ժանտախտի երրորդ համաճարակը սկսվեց Չինաստանում՝ 19-րդ դարի կեսին, եւ մի քանի տասնամյակի ընթացքում գրավեց ամբողջ մոլորակը: Ֆրանսիացի հայտնի գիտնական Լ. Պաստերի աշակերտ Վ. Խավկինի կողմից մշակված ժանտախտի պատվաստանյութով 1897 թվականի հունվարին առաջին անգամ կատարվեց մարդու պատվաստում, որի շնորհիվ այլեւս դադարեցին ժանտախտի համաճարակները:

 Բնական ծաղիկի տարածումը եվրոպական տարածաշրջանում կապված է 11-13-րդ դարերի խաչակիրների արշավանքների հետ: 16-րդ դարում բնական ծաղիկի վիրուսը ներթափանցեց Անգլիա, իսկ շուտով՝ նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկա, ինչը հանգեցրեց տեղի բնակչության մինչեւ 90%-ի մահվան: Հաջորդ երկու դարերում, որոշակի տարիների, Եվրոպայում 10-12 միլիոն մարդ վարակվել է բնական ծաղիկով՝ մինչեւ 25-40% բնակչության մահացության ցուցանիշով: Բնական ծաղիկի դեմ առաջին պատվաստումը կատարվել է 18-րդ դարի վերջին՝ անգլիացի բժիշկ Է. Ջենների կողմից, դրանով իսկ հիմք դնելով այս սարսափելի հիվանդության հետագա վերացմանը, որի վերջին դեպքն աշխարհում գրանցվել է 1977-ի հոկտեմբերին՝ Սոմալիում:
19-րդ դարում տուբերկուլյոզը սպանեց Եվրոպայի չափահաս բնակչության մոտ մեկ քառորդը: 1882 թվականին Ռ. Կոխն առանձնացրեց տուբերկուլյոզի հարուցիչը`միկոբակտերիան, ստեղծելով մի նյութ` տուբերկուլին, որը սկսեց կիրառվել տուբերկուլյոզի ախտորոշման համար: Հետագայում ֆրանսիացի գիտնականներ Ալբերտ Կալմետը եւ Կամիլլե Գերինը ստեղծեցին տուբերկուլյոզի դեմ մարդու առաջին պատվաստանյութը:

Չցանկանալով ավելի մանրամասն ներկայացնել վակցինաների ստեղծման եւ համավարակների դեմ մարդկության պայքարի պատմությունն աշխարհում՝ նշեմ, որ, շնորհիվ այդ ամենի, մարդկությունն ի վիճակի եղավ սանձել համաշխարհային պանդեմիաների պատճառ դարձած եւ միլիոնավոր մարդկային կյանքեր խլած միկրոօրգանիզմների եւս մի ամբողջ շարք, այդ թվում՝ պոլիոմիելիտը, կարմրախտը, կատաղությունը, խոզուկը, դիֆթերիան, ջրծաղիկը, կարմրուկը, տիֆը եւ այլն, տեղայնացնելով կամ իսպառ վերացնելով դրանք:
Ժամանակակից պայմաններում մինչ վերջերս գրիպի վիրուսն էր շարունակում հանդիսանալ էպիդեմիաների եւ պանդեմիաների հիմնական պատճառը: Շատերին հայտնի է գրիպի համաճարակի մեկ օրինակ՝ իսպանական գրիպը, որը 1918-1919 թվականներին աշխարհում խլեց 50-100 միլիոն մարդու կյանք, 1957-ին՝ ասիական գրիպը`մոտ 2 միլիոն մարդու, 1968-ին՝ հոնկոնգյան գրիպը՝ շուրջ 34 հազար մարդու կյանք:

2017 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորացված տվյալներով՝ սեզոնային գրիպով տարեկան շնչառական վարակները հանգեցնում են աշխարհում 290-650 հազար մարդու մահվան:
Ինչպես տեսնում ենք վերը նշվածից, մարդկության պատմությունը համավարակների եւ դրանց դեմ մարդկանց պայքարի պատմություն է, որը հնարավոր չէ կանգնեցնել, առավել եւս հնարավոր չէ չեղարկել: Ներկայումս երկրագնդի վրա ընթացող դեմոգրաֆիական ավելի ու ավելի արագացող պրոցեսները` բնակչության գերբնակեցումը, միգրացիան, ուրբանիզացիան, առաջացնելով դեմոգրաֆիական ճգնաժամ, բերում են աշխարհում սննդային ռեսուրսների կտրուկ նվազման, գործազրկության աճի, նպաստում շրջակա միջավայրի անդառնալի փոփոխությունների, կենսատեսակների հարաբերակցության խախտման: Մարդկությունը կենաց-մահու պատերազմ է հայտարարել բնության դեմ, բայց դրանով իսկ առաջին հերթին վտանգելով սեփական գոյության փաստը:

Այդ իսկ պատճառով բնությունը մեր ձեռքերով բացել է իր «Պանդորայի արկղը»՝ վիրուսային եւ գուցե նաեւ այլ համաճարակների, պատերազմների ու այլ գլոբալ աղետների միջոցով կարգավորելու այդ դեմոգրաֆիական ճգնաժամը, կանգնեցնելու մարդու օր-օրի սաստկացող բացասական ազդեցությունը բնության վրա: Բնությունն ընդունել է այդ մարտահրավերը, եւ այսօր մենք գտնվում ենք այդ պատերազմի կիզակետում: Բնության մեջ մարդկային գործոնի շնորհիվ խախտվել է հավասարակշռությունը, խախտվել են ամեն տեսակին նրա կողմից տրված ապրելու իրավունքը, սահմանները, հնարավորությունները եւ ձեւերը: Օրինակ, 1970-ականներին Արգենտինայի նախագահի կողմից գայլերի բնաջնջմանն ուղղված մի օրենք ընդունվեց, որը, իրենց կարծիքով, պետք է նպաստեր խոտակեր կենդանիների թվի աճին: Սկզբնական շրջանում այն իրոք տվեց դրական արդյունք, սակայն հետագայում հիվանդ, ծեր, թույլ կենդանիների թվի չափից ավելի ավելացման հետեւանքով տեղի ունեցավ ճիշտ հակառակը` սկսվեց այդ կենդանիների մասսայական անկումը՝ պայմանավորված հիվանդությունների աննախադեպ աճով: Վերացման եզրին գտնվող կենդանիներին փրկելու համար որոշվեց Եվրոպայից մի քանի հազար գայլ բերել եւ վերաբնակեցնել Արգենտինայում, ինչից հետո հավասարակշռությունը կրկին վերականգնվեց, եւ խոտակեր կենդանիների այդ տեսակները փրկվեցին վերացման վտանգից:

Այս իմաստով գոնե ինձ համար սպասելի էր 2019թ. բնության կողմից մարդկությանը նետած նոր մարտահրավերը COVID-19-ի տեսքով՝ ձեւավորելով հարյուր հազարավոր մահերի պատճառ դարձած մի նոր համաշխարհային պանդեմիա: Մինչ պատվաստանյութի հայտնաբերումը, մարդկությունը ստիպված պետք է ապրի եւ ապրելու է այդ հիվանդության հետ համատեղ, կողք-կողքի, ինչպես ապրել է ժամանակին ժանտախտի, ծաղիկի, տիֆի եւ այլ համաճարակների ժամանակ: Ինձ համար բավականին անընդունելի եւ, միաժամանակ, անհասկանալի է ներկայիս առողջապահական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական ճգնաժամի պայմաններում սեփական շահերից ելնելով էժանագին դիվիդենտներ հավաքագրող, 90-ականներին նմանատիպ ճգնաժամի հետեւանքով ի հայտ եկած «վանգա-չումակ-կաշպիրովսկի» հիշեցնող բժիշկների, պայծառատեսների, բժիշկ-պայծառատեսների, որոշ քաղաքական գործիչների հակազգային կեցվածքը, երբ իրենց ինտելեկտով ընդհանրապես չծանրաբեռնված դեմքով, բայց լուրջ մարդու կեցվածք ընդունելով՝ կարծիքներ են հայտնում իրենց ոլորտից բավականին հեռու վիրուսոլոգիայից եւ համաճարակաբանությունից, երբ այսօր նույնիսկ աշխարհի լավագույն միկրոկենսաբանները, վիրուսոլոգները եւ համաճարակաբաններն են խուսափում դեռեւս բավականին քիչ ուսումնասիրված այս վիրուսի թեմայով ինչ-որ եզրահանգումներ անել: Մեր այս վայ-բժիշկները եւ նրանց հետեւում կանգնած որոշ քաղաքական ուժեր նույնիսկ կարողանում են կանխատեսել վիրուսի ապագան, ժողովրդի մեջ, իբր, զանգվածային իմունիզացիա առաջացնելու համար մարդկանց մասսայաբար վարակվելու կոչեր են հնչեցնում, խոսում օրգանիզմի վրա դիմակների թողած, իբր, բացասական ազդեցության մասին՝ չհասկանալով, որ այսքան մահերի եւ շատ հիվանդների պատշաճ օգնություն ցուցաբերել չկարողանալու մեջ իրենց սեւ լուման են ներդնում: Ցանկանում եմ այդ վայ-բժիշկներին ասել, որ մարդկանց մոտ այդ վիրուսի նկատմամբ ձեւավորվող իմունիտետը ցմահ չէ, այլ տեւում է երեք ամսից մինչեւ մեկ տարի, ինչպես, օրինակ, գրիպի եւ որոշ այլ սուր շնչառական վարակների ժամանակ, եւ ամեն տարի, էլի, ինչպես գրիպի պարագայում, չպատվաստվելու դեպքում համարյա նույն սցենարն ենք ունենալու՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, թոքաբորբերով, մահերով եւ այլ ծանր հետեւանքներով: Նման բժիշկները, ինչպես նաեւ կորոնավիրուսի ալիքի վրա իրենց արդեն բժիշկ նշանակած եւ բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցողները ժողովրդի հոգեկան ընկճվածության ֆոնի վրա, իրենց անձնական գովազդի համար, ժողովրդին իբր հուսադրելու պատրվակով կանխագուշակում են համաճարակի շուտափույթ նահանջը: Դա ամբողջ աշխարհին է հայտնի, եւ նորություններին քիչ թե շատ հետեւողնեը գիտեն, որ մտնելով պլատոյի փուլ՝ համաճարակը գնալով նահանջելու է: Բայց որ արդեն օրերով, ժամերով, վայրկյաններով, միլիմետրերով են որոշ մարդիկ համեմում իրենց հորինած գուշակությունները՝ մարդկանց մոտ կեղծ հանճարի տպավորություն ստեղծելու համար, դա արդեն, մեղմ ասած, անբացատրելի է: Որքան էլ որ վատատեսական չհնչեն ասածներս, այս համաճարակը նահանջելու է, բայց չի անցնելու, մինչեւ վիրուսի վրա ազդող հավաստի պատվաստանյութի հայտնաբերումը:

Կլինեն թուլացումներ, կլինեն բռնկումներ, բայց քանի դեռ չկան ամենամյա համատարած պատվաստումներ, լինելու են պանդեմիաների եւ էպիդեմիաների նոր ալիքներ: Նույնիսկ համատարած պատվաստումների պարագայում էլ, ինչպես գրիպի դեպքում, այն լիովին չի վերանալու: Նորից ուզում եմ կրկնել, կորոնավիրուսը չի առաջացնում ցմահ իմունիտետ, եւ արդեն բուժվածները կարող են որոշ ժամանակ անց կրկին հիվանդանալ, եւ միայն հետագայում պարբերաբար պատվաստվողները, քիչ թե շատ, կարող են ապահովագրված լինել այս հիվանդությունից կամ դրա ծանր ընթացքից: Նույնիսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ հավաստի պատվաստանյութի ստեղծումից հետո էլ մարդկությունը, պայմանավորված անընդհատ խորացող դեմոգրաֆիական ճգնաժամով, շարունակելու է մնալ նոր, դեռեւս մեզ անհայտ վիրուսներով, բակտերիաներով եւ այլ միկրոօրգանիզմներով պայմանավորված համաճարակների բռնկման վտանգի առջեւ: Այնպես որ, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, կրեք դիմակ, որքան էլ որ այն կրելն անհարմար է եւ տհաճ, աշխատեք քիչ շփվել միմյանց հետ, հետեւեք անձնական եւ հասարակական հիգիենայի կանոններին, եւ ամենակարեւորը՝ քիչ լսեք հիմարներին, որքան էլ որ նրանց ասածները ձեր սրտով են եւ հուսադրող, քանի որ դրանք ասվում են որոշ ազգադավների կողմից երկրում բարձր հիվանդացության միջոցով անկառավարելի քաոսային իրավիճակ ստեղծելու եւ դրանով իսկ իշխանափոխության համար հող նախապատրաստելու, իսկ մյուսների կողմից էժանագին ժողովրդականություն ձեռք բերելու համար: 
Մնացեք առողջ եւ միշտ հիշեք՝ ցանկանում եք առողջ լինել, պատրաստվեք համաճարակներին:


Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ
Բժիշկ, բ.գ.թ.
«Դիագնոստիկա» ԲՄ
Ընդհանուր բժշկության կլինիկայի ղեկավար