Նախագահ Տեր-Պետրոսյանը վերջապես կգործի՞

Նախագահ Տեր-Պետրոսյանը վերջապես կգործի՞

Այս հոդվածը որոշել էի գրել գրեթե երկու ամիս առաջ, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել էին ԱԺ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի նիստին, եւ համարյա նույն օրերին երկարատեւ (եթե ճիշտ եմ հիշում` շուրջ երկու տարվա) լռությունից հետո վերջապես նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց: Ճիշտ է, իր խոսքում նա անհամոզիչ, անհասկանալի կոչեր էր արել, բայց, ըստ իս, երկրորդական, երրորդական նշանակություն ուներ, թե Տեր-Պետրոսյանն ինչ էր ասում: Ավելի էականը հրապարակավ խոսք ասելու իրողությունն էր, որ երկարատեւ լռության խզումով առաջին նախագահը, կամա-ակամա, հավաստում էր իր հետաքրքրությունն ու անհանգստությունը երկրում ընթացող իրադարձությունների առնչությամբ:

 Տեքստի բովանդակային մասով կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի համարյա ոչ մի դիտարկման հետ համաձայն չէի, իսկ հատկապես անընդունելին առաջին նախագահի բարձրաձայնումն էր, թե իր տպավորությամբ Ավինյանի պարետատունը եւ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի համավարակի դեմ ճիշտ պայքար են տանում: Մասամբ դրան արձագանքելու ցանկությունից էլ ծագեց հոդված գրելու միտքը: Սակայն գրելս այնքան ձգձգվեց, մինչեւ նախագահ Տեր-Պետրոսյանն օրերս նորից խոսեց: Նախորդ ելույթի համեմատ այժմ այն առաջխաղացումը կար, որ Տեր-Պետրոսյանը գրեթե ամեն ինչում տապալված Փաշինյանի իշխանությանը չէր վերագրել «ճիշտ կամ հաջողված» պայքար կորոնավիրուսի դեմ: Անառարկելի եւ անհաշվելի փաստերը երեւի օգնել էին տեսնել իրականությունը։

Իսկ այդ ընթացքում, անցնող երկու ամսում, ինձ մոտ միայն խորացավ եւ ամրապնդվեց համոզումը, որ Տեր-Պետրոսյանը պարտավոր է թոշակառուի իր կենսակերպից դուրս գալ եւ պաշտոնաթող նախագահներին հասանելի ինստիտուցիոնալ մի կառույցով` լինի հիմնադրամ, նախագահի գրասենյակ, հանրային նախաձեռնություն, թե այլ բան, ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի գործին: Խնդիրն այն է, որ ուրիշ ոչ ոք այս երկրում (գոնե՝ ըստ իս) չի կարող անել այն, ինչ կարող է անել ինքը:

 Եթե ՀՀ գործող նախագահը դատարկ ցուցափեղկ չլիներ, նա էլ կարող էր արդյունավետ լինել: Բայց Արմեն Սարգսյանն անգամ պետական ինստիտուտների դեմ ամբոխի հարձակումներին չդիմակայեց, Սահմանադրությանն ակնհայտ հակասող օրենքները ՍԴ-ում չի վիճարկում, մեծ հաշվով՝ քվանտային ֆիզիկայի դրվածքները հասարակության վրա պրոյեկտելու ճառասացությունից եւ աննպատակ գումարներ վատնելուց բացի առհասարակ ոչինչ չի անում: Հետեւաբար, նրանից համարժեքություն-գիտակցություն-պատասխանատվություն-գործողություն ակնկալելու նախադրյալ չկա: Գուցե բրիտանական քաղաքացիության հանգամանքն էլ իր հերթին է նրան խոցելի եւ անգործունակ դարձնում (ի վերջո, Արմեն Սարգսյանը ոչ միայն ՄԹ քաղաքացի է եղել իր առաջադրմանը նախորդած տարիներին, որոնց մասին վկայող փաստաթղթերն իր ընտրվելուց առաջ հրապարակեցինք, այլեւ այսօր էլ թերեւս ՄԹ քաղաքացի է, նրա քաղաքացիությունը 2019-ի հունվարի դրությամբ էլ դադարած չի եղել: Այդ մասին է վկայում 2019թ. հունվարի 24-ի թվակիր, ՄԹ Home Office-ից ստացած փաստաթուղթը, որը հերքման պարագայում կարող ենք հրապարակել:

 Հետեւաբար, մի կողմ թողնենք Արմեն Սարգսյանին, որի գոյությունն ու չգոյությունը ՀՀ նախագահի աթոռին նույն նշանակությունն ունեն Հայաստանի համար, եւ անդրադառնանք Տեր-Պետրոսյանից մասնակցություն ու գործողություններ պահանջող քայլերին։ Քայլեր, որոնք Փաշինյանի կառավարությունը երեք ամիս շարունակ անզոր ու անկարող է իրականացնել, քանի որ իր կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները` նույնիսկ իրար գումարած կամ բազմապատկած, չունեն ինտելեկտի, կազմակերպական ունակությունների, միջազգային կապերի եւ հեղինակության այնպիսի պաշար, որ թույլ տար դրանք կյանքի կոչել: 
Առաջին խումբ քայլերը, որ Փաշինյանն իր անառողջ հոգեվիճակի, թերի կրթության, գիտական մտքի հանդեպ անընկալունակության, քաղաքավարությունից ու բարեկրթությունից լուսնային հեռավորության պատճառով չի կարող իրականացնել, համաճարակաբանության ասպարեզի մեր գիտնականներից աշխատանքային խումբ ստեղծելն է, դրսից էլ թերեւս ոչ ամենաճանաչված, բայց որոշակի փորձ ու հեղինակություն ունեցող մեկ-երկու գիտնականի այդ խմբում ընդգրկելը եւ նրանց համատեղ ուժերով Հայաստանում կորոնավիրուսի տարածման մոդելավորումը կազմելը: Գրողը տանի, դա այդքան դյուրին գործ չէ:

 Իմ հիշողության մեջ մնացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Փենսը, ով ղեկավարում է Սպիտակ տան COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խումբը (White House Coronavirus Task Force), դեռ մարտին ամենօրյա ասուլիսներից մեկի ժամանակ պատմեց, որ ինքն անձամբ 1-2 շաբաթ շարունակ բանակցել, ջանացել էր, որ արտերկրում գտնվող Դեբորահ Բիրքսին համոզի վերադառնալ ԱՄՆ եւ երկրում կորոնավիրուսի սփռման ժամանակային, տարածական հաշվարկները կատարել, դրանից բխող մոդելավորումները կազմել: Տիկին Բիրքսը, եթե ոչ աշխարհում, գոնե ԱՄՆ-ում համարվում է համավարակների մոդելավորման լավագույն մասնագետը: Այսինքն՝ դա մի գործ չէ, որ նույնիսկ ամեն մասնագետ կարող է անել։

 Իսկ առանց կանխատեսման ու մոդելավորման, մի օր կամայականությամբ երկիրը shut-down անելով, մի ուրիշ օր նույն կամայականությամբ տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերսկսումն արտոնելով՝ միայն առողջապահական ու տնտեսական կոլապսի ենք տանում երկիրը: Այդպես ուղղակի չի կարելի: 
Վարակի տարածումն Իջեւանի գյուղական տան դարպաս չէ, որ երբ ուզես, բացես, երբ ուզես, փակես եւ դրանով ընթացք կանգնեցնես: Փաշինյանի գեղջկական նեղմտությունն ու գիտության հանդեպ անընկալունակությունն են խնդիրը, որ այսօր կորոնավիրուսի տարածման ամենաբարձր տեմպն ունենք երկրագնդի վրա եւ չենք էլ պատկերացնում, թե վարակի ներկա ալիքի պիկը երբ, որքան է տեւելու, ինչքան մահ է լինելու: Փաշինյանի մտավոր մակարդակը թույլ չի տալիս ընկալել, որ ինքը չի կարող կորոնավիրուսին վարք թելադրել` կուզի մի քանի դիմակ դնի դեմքին, երկուսն էլ կախի ականջներից: Միակ բանը, որ մարդիկ կարողանում եմ անել այս վարակի դեմ, կորոնավիրուսի բնույթը, տարածման աշխարհագրությունը, տեմպը պարզելը եւ իրենց վարքը դրան ենթարկելն է: Դրա համար էլ ամբողջ Արեւմտյան Եվրոպայում չես գտնի մի երկիր, որտեղ համաճարակաբան-գիտնականների task force չգործի այս պահին:

Արդյունքում նրանք ճիշտ ժամանակին իրենց երկրները shut-down արեցին, հետո ճիշտ ժամանակին աստիճանական վերաբացում են, որպեսզի վարակի մոլեգնելու գագաթնակետին երկիրը փակ լինի: Մինչդեռ Փաշինյանը հակառակ նշանի տակ է բոլոր հարցերում. երբ երկրում ընդամենը 18 վարակակիր էր, մարդկանց տեղաշարժն անգամ սահմանափակեց, հիմա, երբ օրական 18 հոգի են մահանում, ոչ մի սահմանափակում չի կիրառվում: Ամբողջ բարդությունն այն է, որ չի կարելի ո՛չ երկիրն ամբողջությամբ սահմանափակումների ենթարկել, ո՛չ էլ դրանք ամբողջովին վերացնել: Գիտնականները միայն կարող են մոդելավորել եւ հաշվարկել, թե երբ ինչը փակելու դեպքում, երբ ինչը բացելու դեպքում ինչ արդյունք կլինի:

Իսկ Փաշինյանը եւ իր վայ-կառավարությունը 3 ամիս շարունակ ոչ մի գիտական աշխատանքային խումբ չեն ձեւավորում, որովհետեւ ո՞ր գիտնականը Փաշինյանի, Ավինյանի կամ Թորոսյանի նման անհավասարակշիռ, անպատասխանատու, անլուրջ անձանց հետ կաշխատի: Մեր գիտնականները կարող է անգամ չցանկանան աշխատել: Իսկ դրսի գիտնականները, վստահաբար, նրանցից որ մեկի հետ երկու անգամ խոսեն, երրորդ անգամ գրողի ծոցը կուղարկեն, ինչպես Տարոն Աճեմօղլուն 2018-ին Փաշինյանի հետ երկու հեռախոսազրույցից հետո դադարեց շփվել։ Բայց առանց գիտնականների առաջ շարժվել չի լինի: Համավարակը դեռ նվազագույնը մեկ տարի մոլեգնելու է աշխարհում, ինչը նշանակում է, որ բոլոր երկրներում էլ նոր ալիքներ են լինելու: Հայաստանում որպեսզի գոնե հասկանանք ներկա ալիքի պիկը երբ է, ապագա ալիքները երբ են լինելու, հրամայական անհրաժեշտություն է համաճարակաբանների աշխատանքային խումբ ձեւավորելը` արտերկրից ներգրավված գիտնականներով: Տեր-Պետրոսյանը կարող է դա անել՝ ելնելով թե՛ միջազգային իր կապերից, կշռից ու հեղինակությունից, թե՛ գիտնականի իր հանգամանքից:

Ի վերջո, երբ Բիլ Քլինթոնն իր գրադարանն էր բացում, Հայաստանից Տեր-Պետրոսյանին հրավիրեց, երբ Ելցինը Հայաստան էր գալիս, Տեր-Պետրոսյանին հանդիպեց, Տեր-Պետրոսյանը Փարիզի պատվավոր քաղաքացի է, գիտության ասպարեզից եկած անձ՝ Հայաստանի ղեկավարների թվում, որը գիտության հետ կապը չի խզել: Հետեւաբար, եթե Տեր-Պետրոսյանը մտահոգ է Հայաստանի հումանիտար իրավիճակով, պետք է անձամբ գործի անցնի եւ ձեռնամուխ լինի նրան, ինչը երկրին ծայրահեղ անհրաժեշտ է եւ այլոք չեն կարող անել: