Ռուսական վարկի փոխարեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից կվերցնենք

Ռուսական վարկի փոխարեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից կվերցնենք

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց հրաժարվել ատոմակայանի վերազինման եւ շահագործման երկարաձգման համար հատկացվելիք ռուսական վարկից եւ երկրորդ էներգաբլոկի վերազինումն ու շահագործման երկարաձգումն ապահովել սեփական միջոցների հաշվին։ Հիշեցնենք, որ 2015-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի եւ «Ռոսատոմի» միջեւ կնքված պայմանագրով, ռուսական կողմը Հայաստանին 300 մլն դրամի վարկ է տրամադրել՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար։ Հիմա որոշել են, այսպես կոչված, անկախանալ ռուսական կապիտալից։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս թեմայով մեզ ասաց, որ այդ 300 մլն դրամից 270 մլն-ն էր վարկային միջոց, իսկ 30 մլն-ն դրամաշնորհի տեսքով է։ Եվ այդ վարկային միջոցների մի մասն օգտագործված, այսինքն՝ դեռ վերցված չէ, եւ հիմա կառավարությունը որոշել է այդ չօգտագործված չափի փոխարեն ներգրավել այլ աղբյուրներից միջոցներ։ Այլ աղբյուրն էլ, ըստ Ջանջուղազյանի, կարող է լինել ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպություններից պարտք ներգրավելու տեսքով, այնպես էլ ներքին պարտքի, օրինակ՝ պետական պարտատոմսեր թողարկելու միջոցով, ընդ որում՝ դրամով, ոչ թե դոլարով, ինչն ավելի կայուն ու ձեռնտու տարբերակ կարող է լինել մեզ համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս թեմայով մեզ ասաց հետեւյալը․ «Երբ վարկատուն նաեւ մասնակցում է աշխատանքներին եւ ինքն է սահմանում ժամանակացույց, օգտագործման հերթականություն, ձեւ, դրա արդյունքում ձեռքբերվելիք ապրանքներ եւ ծառայություններ, իսկ դա, որպես կանոն, վարկային ծրագրերում արվում է, այդ պարագայում կախվածությունը՝ աշխատանքների ավարտման եւ ազատությունը, երբ մենք անում ենք այդ ծրագիրը մեր սեփական ռեսուրսներով, շատ կարեւոր է՝ ավելի շատ լիազորություններ ենք ունենում գնումների ընթացակարգերում, աշխատանքների հերթականությունը որոշելու հարցում եւ այլն»։

- Այսինքն՝ սա Ռուսաստանից անկախանալու փո՞րձ է։

- Բացարձակ դրա հետ կապ չունի, ավելին ասեմ․ ես կարծում եմ՝ այդ ծրագրի շրջանակներում դեռեւս աշխատանքների մի զգալի մասն էլի կանի «Ռոսատոմը», բայց խնդիրը, նորից եմ ասում, մոբիլության մեջ է, որովհետեւ ատոմակայանի վերազինման աշխատանքները ենթադրում են տեմպ, ինչը մեզ համար շատ կարեւոր է։

- Իսկ մեր կողմից այդ ֆինանսավորումը որքա՞ն է կազմելու։

- Երեք տարվա համար մենք նախնական պլանավորել ենք 60 մլրդ դրամից ավելի գումար, կառավարության նիստով հաստատեցինք, բայց, իհարկե, ընթացքում չեմ բացառում, որ ճշգրտումներ կլինեն։

- Իսկ մենք պայմանագրային պարտավորություններ չունե՞նք ռուսական կողմի հետ, ազա՞տ ենք նման որոշումներ կայացնելու հարցում։

- Մենք ազատ ենք նման որոշում կայացնելու հարցում։

- Ռուսական կողմը տեղյա՞կ է դրանից, քննարկում ունեցե՞լ եք նրանց հետ։

- Իհարկե, տեղյակ է, բազմաթիվ քննարկումներ են եղել։

- Իրենք նորմա՞լ են վերաբերվել մեր այդ ցանկությանը, որով որոշակիորեն ազատություն ենք ձեռք բերում։

- Ես կարծում եմ՝ որոշակի ազատությունից մեզ սահմանափակելու ցանկություն էլ չունի ռուսական կողմը, բայց նման խնդիր չկա, էստեղ ավելի շատ արդյունավետ կառավարման խնդիր է։

- Իսկ այդ 60 մլրդ դրամը որտեղի՞ց ենք հայթայթելու, ունե՞նք բյուջեում նախատեսված գումար, թե՞ դարձյալ վարկային միջոցներ պետք է ներգրավենք։

- Գուցե՝ վարկային միջոցներ, բայց հիմա էլ է, չէ՞, վարկային միջոցներ։ Ես կարծում եմ, որ մեր վարկունակությունն այն վիճակում չէ, որ մենք նույնիսկ կասկած ունենանք, եթե մենք մի աղբյուրից վարկ չենք վերցնում, հաստատ՝ մյուս աղբյուրից կարող ենք վերցնել, այդ թվում՝ ներքին։

- Հիմա մեր պետական պարտքի վիճակն ինչպիսի՞ն է՝ հատկապես այս իրավիճակով պայմանավորված․ մենք զիջումներ ունեցե՞լ ենք միջազգային կազմակերպությունների կողմից։

- Երեկ հրապարակվեց, որ Համաշխարհային բանկը տարեկան 1.7 տոկոսի չափով մարժան նվազեցրեց, ինչը, կարծում եմ, շատ էական էր։

- Մե՞նք ենք դիմել Համաշխարհային բանկին այդ հարցով, թե՞ իրենք են որոշել նման քայլի գնալ։

- Ես կարծում եմ, որ, հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները, իրենք են որոշել ու այդ քայլն իրականացրել։

- Իսկ պարտքի մասով մենք շեմն անցե՞լ ենք, կրիտիկական կետո՞ւմ ենք գտնվում, որովհետեւ նախորդ իշխանությունները պարբերաբար ասում էին՝ կառավարելի է։

- Ես Ձեզ մի բան ասեմ․ իրականության մեջ կարեւորը ոչ թե շեմն է, այլ հավելյալ միջոցների օգտագործման արդյունավետությունը, որովհետեւ, եթե Դուք հիմա ուզենաք հիպոթեքային վարկ ստանալ կամ եթե արդեն ստացել եք, դա, իհարկե, մեծ բեռ է իմ եւ Ձեզ համար, բայց եթե Դուք դա արդյունավետ եք օգտագործում, ի վերջո, դրա դիմաց ունենում եք բնակարան, ինչը շատ լավ է։

- Մենք հիմա արդյունավե՞տ ենք օգտագործում այդ վարկային միջոցները։

- Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացառիկ արդյունավետությամբ օգտագործենք, որովհետեւ պետական պարտքը պետք է ունենա մեկ պարտադիր պայման՝ բացարձակ արդյունավետ օգտագործում, այդ դեպքում շեմն այդքան մեծ նշանակություն չի ունենա։