Աշիկ Անդրեյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Աշիկ Անդրեյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն

«Պատմության մեջ առաջին անգամն էր, որ Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի ունեցավ Սերբիայի Նովի Սադ քաղաքում, մասնակցում էին 27 երկրներից միանգամից 3 տարիքային խումբ։ Առաջին օրը պատանիների խաղերն էին, երկրորդ օրը՝ երիտասարդները, երրորդ և չորրորդ օրերը՝ մեծահասակները։ Եվրոպայի առաջնության խաղերը՝ բաժանված   ըստ տարիքային խմբերի, միշտ տեղի են ունեցել տարբեր երկրներում»,-այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաստան» ՄՀԿ-ի Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի Ձյուդոյի և Սամբոյի մարզիչ Նարեկ Սուքիասյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 15-18-ը  Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությանը երիտասարդների պայքարում 58 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Աշիկ Անդրեյանը` «Հայաստան» ՄՀԿ-ի Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սանը։ 

«Աշիկը մասնակցել է Հայաստանի առաջնությանը և զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը, որից հետո մասնակցել է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարին, որը միջազգային մրցաշար է։ Այստեղ էլ է առաջին մրցանակային տեղ գրավել։ Անցած տարվա հոկտեմբերին մասնակցել է նաև Աշխարհի առաջնության խաղերին և զբաղեցրել 3-րդ մրցանակային տեղ և դարձել բրոնզե մեդալակիր։ Մոտ մեկ տարի պատրաստվել էր Եվրոպայի առաջնության խաղերին։ Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Աշիկը գերազանց մրցելույթներ ունեցավ։ Կարողացավ 8-0 հաշվով հաղթանակ գրանցել Իսպանիան ներկայացնող մարզիկի նկատմամբ, կիսաեզրափակիչ գոտեմարտում հաղթել ռուս մարզիկին 4-1 հաշվով, իսկ եզրափակչում բացարձակ միավորների տարբերությամբ հաղթեց Բելառուսիան ներկայացնող մարզիկին և հռչակվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-ասաց մարզիչը։ 

Ըստ Նարեկ Սուքիասյանի, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ հոկտեմբերի 14-16-ը, Հայաստանում տեղի կունենան Սամբոյի առաջնության խաղերը, որին կմասնակցեն մոտ 30 երկիր, ինչպես նաև  Հայաստանի առաջնության հաղթողները։