Անբնական երեւույթը վերանալու հատկություն ունի 

Անբնական երեւույթը վերանալու հատկություն ունի 

Արդեն երկրորդ տարին Անկախության տոնը զրկված է իր իմաստից: Յուրաքանչյուր սոցիալական հանրության համար բարձրարժեք այդ երևույթը դադարել է այդպիսին լինել իրենց զավակներից զրկված ծնողների համար: Եվ բոլորիս համար էլ այն կորցրել է տոնի և՛ իմաստը, և՛ տեսքը: Եվ դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անձի «շնորհիվ»:

Մեկ անձի շնորհիվ կարող էր տեղի ունենալ հակառակ երևույթը: 19-րդ դարի սկզբին, օրինակ, ֆրանսիացիներն իրենց տեր ու տիրական զգացին Եվրոպայում: Եվ կրկին մեկ անձի շնորհիվ: Բայց հայաստանյան մեկ անձը ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ էր: Եվ չնայած Նապոլեոնն իր կյանքն ավարտեց աքսորի մեջ՝ Սուրբ Հեղինե կղզում, այսօր նրանով հպարտանում են ֆրանսիացիները: Իսկ ենոքավանցին հայոց պատմության մեջ կմնա անեծքով պատված: Եվ դա կլինի բնական ավարտ, քանի որ միայն ազգի դավաճանն իր խամաճիկների հետ կարող էր ժողովրդական էյֆորիան օգտագործել ոչ թե ազգային նվաճումների, այլ թիկունքից ազգին հարված հասցնելու նպատակով: Իսկ որ դա այդպես է՝ կասկած լինել չի կարող, եթե 2019-ի աշնանն արդեն առկա էր մի քանի հազար զոհի գնով Ղարաբաղը (իրենց եզրաբանությամբ) թշնամուն հանձնելու գաղափարը: Արցախ հանձնելով իբրև թե փրկում էր Հայաստանը՝ երբ Հայաստանը չուներ փրկության կարիք: Ընդամենը պետք էր պահպանել այն, ինչ ստացել էր որպես ժառանգություն նախկիններից:

Բայց քանի որ նրա ուղղեղը լվացվել էր տեր-պետրոսյանական հակազգային գաղափարախոսությամբ, նա հանձն էր առել հայաստանցիներին «երջանկություն պարգևելու առաքելությունը»:

Ի հաշիվ պատմական Հայաստանի միակ անկոտրում տարածքի՝ Արցախի: Եվ ի հաշիվ բազմահազար զոհերի ու հաշմված տղաների: Եվ բնական է, որ արդեն երկրորդ տարին զավակ կորցրած ծնողները փակում են այդ անձի առջև Եռաբլուրի մուտքը: Այն սրբացված տարածքի մուտքը, որտեղ ամփոփված են իրենց զավակների մասունքները: Եվ դեռևս ոստիկաններն ապահովում են նրա մուտքը՝ քաշքշելով ու բերման ենթարկելով այդ ծնողներին: Բայց դա անբնական երևույթ է, որովհետև չտեսնված ու չլսված է, որ ծնողին բիրտ ուժով հեռացնեն զավակի գերեզմանից: Իսկ այն, ինչ անբնական է՝ վաղ թե ուշ վերանալու հատկություն ունի: Տա Աստված, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ: Եվ դրանից հետո միայն մենք կարող ենք վերականգնել մեր ուժերն ու արժանապատվությունը: Եվ ետ բերել այն, ինչ կորսվել է հանցագործ «առաքելության» պատճառով: Ինչը կլինի միակ մխիթարությունը զավակ կորցրած ծնողների համար: