Ընտրությո՞ւն ես ուզում՝ վճարիր

Ընտրությո՞ւն ես ուզում՝ վճարիր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ այսօր խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ներկապնակը, եւ հասարակական ճնշման տակ պետք է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: Կարծես ասվածի մեջ արտառոց ոչինչ չկա, եւ հստակ է, որ մեր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժն այլեւս չունի վստահության այն քվեն, որ նրան ընդամենը մեկ տարի առաջ իրավունք էր տալիս ժողովրդի անունից որոշումներ կայացնել եւ, առհասարակ, անել այն, ինչ խելքին կփչեր:

Այլ խոսքով՝ մեծամասնությունն այսօր լեգիտիմության խնդիր ունի, եւ պետք է մտածել այդ խնդիրը վերացնելու մասին: ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչը ելքը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնց պետք է հասնել հասարակական ճնշման տակ: Սաղաթելյանը, անշուշտ, նկատի ունի նաեւ հասարակության այն մեծ հատվածի ճնշումը, որ նախորդ արտահերթ ընտրությունների ժամանակ, Փաշինյանի տված «դեղերի» ազդեցության տակ, իշխանության բերեց քայլարածների այս խմբակը՝ չկասկածելով, որ ընդամենը երկու տարի անց կանգնելու է աղետի առաջ: Այդ սխալը պետք է ուղղվի եւ այդ սխալն ուղղելու ժամանակն է՝ այս է ասվածի քաղաքական միտք բանին:

Խորհրդարանական կառավարմամբ երկրներում խորհրդարանական արտահերթ ընտրություններով ոչ մեկին հնարավոր չէ ո՛չ վախեցնել եւ ո՛չ էլ զարմացնել: Սպասելիքները չարդարացրած կառավարությունները փոխվում են ձեռնոցների պես, իսկ իշխանությունները երբեմն էլ չեն սպասում հասարակական ճնշումներին եւ իրենք են նախաձեռնում արտահերթ ընտրություններ, բնականաբար, կառավարության անվստահելի անդամներից ազատվելու եւ դրան զուգահեռ՝ հանրային վստահության ավելի մեծ քվե ստանալու ակնկալիքով: Հայաստանի իշխանությունները, սակայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններից վախենում են ինչպես սեփական մահապատժից: Ընդդիմությունից հնչող ցանկացած նման կոչ նրանք ընդունում են սվիններով, երբեմն էլ իրենց հատուկ այնպիսի ցինիզմով, որ ակամայից սկսում ես կասկածել նրանց «մտավոր եւ իտելեկտուալ» ունակությունների ողջ բազայի վրա:

Մենք գիտենք, թե ինչի հանգեցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ այս կառավարությունը 100 տոկոսով փոխելու մասին: Երկար չպատմեմ՝ դատախազին բերեցին ԱԺ, ապա ողջ «թմով» քվեարկեցին Ծառուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ դատախազի միջնորդության օգտին: Այսինքն՝ մի բան, որ ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական հաշվեհարդարի պարագծի մեջ: Իսկ ահա ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու մասին հայտարարությանն իշխանություններն առայժմ որեւէ հոդաբաշխ արձագանք չեն տվել՝ թողնելով, որ իշխանության սատելիտ դեմքերն իրենց լրատվամիջոցներով ջրեն ծանր տպավորությունը:

Բայց նախ՝ մի երկու խոսք իշխանական սատելիտի մասին: Արման Բաբաջանյան՝ մարդ, որ ցանկացած նոր ընտրության դեպքում զրկվելու է մանդատից: Բնականաբար, նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք չեն, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ պարտավորություն չի ստանձնի նրան կրկին խորհրդարան բերել, իսկ ինքն էլ կարողացել է այս ընթացքում ընդամենը 4-5 մարդ հավաքել շուրջը: Եվ ահա այս Արման Բաբաջանյանի անձնական դպիր Արամ Ամատունին օրումեջ նիկոլատու իրենց կայքում մի հոդված է հեղինակել այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ մի լուրջ փոփոխության չեն ենթարկելու քաղաքական գունապնակը՝ Նիկոլի քաղաքական ուժը կրկին հաղթելու է (մի քիչ ավել, մի քիչ պակաս քվեներով), եւ պայքարը, ըստ էության, ընթանալու է մյուս քաղաքական ուժերի միջեւ: «Այդ պայմաններում լուծվում են գերազանցապես խմբային շահեր ու խնդիրներ»,- գրում է Ամատունին՝ իբր չհասկանալով, որ հասարակական ճնշման տակ անցկացվող արտահերթ ընտրությունների սլաքներն առաջին հերթին ուղղված են իշխանությունների կարգավիճակը փոխելուն եւ հետո միայն մնացած հարցերի կարգավորմանը: Այս հասարակ բանը «չընկալելը» դեռ հարցի մի կողմն է միայն: Ավելի հետաքրքիր է հարցի մյուս կողմը, որ ճշտությամբ բնութագրում է գործող իշխանության ողջ ցինիզմն ու ապաքաղաքական էությունը: 

«…ինչի համար, փաստորեն, արտահերթ ընտրության պարագայում պետք է վճարի հանրությունը, քանի որ այդ ընտրությունը տեղի է ունենալու պետական բյուջեի փողով, որպեսզի խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտում որոշ ուժեր փոխվեն տեղերով: Այլ հարց, որ կարելի է քննարկել արտահերթ ընտրության տարբերակը, որի համար կվճարեն դրա շահառու քաղաքական ուժերը: Հատկապես, որ ֆինանսական կողմը կարծես թե նրանց ուժեղ կողմերից մեկն է»: Տեղ հասանք… Ընտրություն եք ուզում՝ վճարեք: Եվ սա ասում է իշխանության սատելիտի կայքը, որն իր լկտիությամբ հետ չի մնում Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է նրան՝ նպաստելով իշխանությունների հանդեպ ատելության բյուրեղացմանը:
Գուցե ասեք՝ կատակում է «Արամ Ամատունին», ի՞նչ վճարովի ընտրություններ, նման բան լինել չի կարող: Շատ ներողություն, բայց մի երկրում, որտեղ կա քաղաքական դեգեներատների առաջնորդ Նիկոլ Փաշինյան, որտեղ հարցերը լուծվում են բացառապես էշ-էշ դուրս տալով ու օրենքները ոտնահարելով, այդ երկրում ամեն ինչ էլ հնարավոր է, ընդհուպ վճարովի արտահերթ ընտրություններ:

Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ