ՀԱՊԿ-ի «պերճանքն» ու թշվառությունը

ՀԱՊԿ-ի «պերճանքն» ու թշվառությունը

ՀԱՊԿ-ի անդամ եւ ըստ այդմ՝ Հայաստանի պաշտոնական դաշնակիցը հանդիսացող թյուրքալեզու Ղազախստանի ղեկավար Տոկաեւը մշտապես աջակցել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: Նա Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացումն անվանել է «պատմական արդարության վերականգնում»: Իսկ օրերս Տոկաեւը հայտարարել է, որ իր երկիրը մեծ ներդրումներ կանի Ադրբեջանի «դեօկուպացված» քաղաքներում: Տոկաեւն այդպիսին է համարում նաեւ հայկական Շուշին: Վարանդայում նա որոշել է կառուցել «Կուրմանգազիի անվան երեխաների ստեղծագործության զարգացման կենտրոն»։

Իսկ որտեղի՞ց է գալիս Տոկաեւի այդ  «սերը» ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ. թերեւս լեզվական արմատներից՝ նրանք երկուսն էլ թյուրքալեզու են: «Ալիևն ու Տոկաևը խոսեցին առանց թարգմանչի՝ ոչ անգլերեն, ոչ ռուսերեն, ամեն մեկն իր լեզվով: Եվ միևնույն ժամանակ նրանք հիանալի հասկանում էին միմյանց»։ Ընդհանուր թյուրքական արմատներն իրենց զգացնել են տալիս, և կոչ են անում նոր մակարդակի ռազմավարական կապեր հաստատել երկու պետությունների միջև: Հատկապես հիմա, երբ աշխարհում նոր իրականություն է հաստատվում։ Անկարա-Բաքու զույգը վերածվել է քառյակի՝ Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ: 

Այն, որ ՀԱՊԿ-ն այլեւս իրեն սպառած կառույց է, փաստեց 2020-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ այդ կառույցի անգործությունը: Մինչդեռ Հավաքական անվտանգության պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունեցող 4-րդ հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան»: 

44-օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ մեր թիկունքում չզգացինք ՀԱՊԿ-ի ուժը, ռազմական եւ այլ օժանդակությունը: Նույնը չստացանք ավելի քան մեկ տարի առաջ՝ անցած տարվա մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ դիրքեր զբաղեցնելով Սյունիքի Սև լճի շրջանում և Գեղարքունիքում: Դեռ ավելին, Հայաստանը ՀԱՊԿ-ից ոչ միայն չի ստանում որեւէ օժանդակություն, դեռ ավելին. Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ 2011-2020թթ. Ադրբեջանը Հայաստանի դաշնակից համարվող երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը`ավելի քան 2/3-ը: Այդ մասին են փաստում Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ինստիտուտի ուսումնասիրությունները։ Ստացվում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը պատերազմել է, եւ հայերը զոհվել են նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների զենքերով: 

Ս.թ. հունիսին Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դժգոհություն հայտնեց եւ հայտարարեց, որ երբ 2021թ. ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ դիրքեր զբաղեցնելով Սյունիքի Սև լճի շրջանում և Գեղարքունիքում, մեկ տարի անց էլ ՀԱՊԿ-ի արձագանքի հարցը դեռեւս բաց է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դարձյալ անարձագանք թողեց Միրզոյանի դժգոհությունը։ Նա իր ելույթում միայն հպանցիկ նշեց, որ իրականում իրավիճակը դյուրին չէ ՀԱՊԿ պատասխանատվության երեք՝ կենտրոնասիական, կովկասյան և արևմտյան ուղղություններում։ Սակայն նա խոր մտահոգություն հայտնեց արեւմտյան՝ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակի սրման շուրջ: Ասել է թե` Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում «Ձեր Հայաստանը, Սյունիքն ու Սեւ լիճը»: Նրան հետաքրքրում են միայն իր ռազմաքաղաքական շահերը:      

Հավանաբար, այստեղ շատերը կհիշեցնեն, թե բա՝ Փաշինյանը ժամանակին Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցեց՝ ՀԱՊԿ-ին խայտառակեց: Սակայն հիշեցնենք, որ թյուրքալեզու Ուզբեկստանը նոր չի բարեկամացել թյուրքալեզու Ադրբեջանի հետ: Իսկ ՌԴ-ն ու Բելառուսը զինել են Ադրբեջանին դեռեւս Փաշինյանի՝ իշխանության գալուց շատ առաջ: 
Ի՞նչ է ստացվում․ Հայաստանն անդամակցում է մի ռազմաքաղաքական կառույցի, որին անդամակցում են նաեւ Հայաստանի թշնամի երկրի ռազմաքաղաքական ուղղությանը հարող այլ պետություններ, որոնք Հայաստանի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան եւ Հայկական տարածքների օկուպացիան համարում են «պատմական  արդարության վերականգնում»:

Դեռ մի բան էլ ավելի. այդ կառույցի անդամ երկրները սպառազինում են Հայաստանի թշնամի ագրեսոր երկրին: Այս կառույցը Հայաստանին միայնակ է թողնում ռազմական ագրեսիաների, պատերազմների ժամանակ: Ուրեմն արժե՞ մնալ նման «փուչիկ» կառույցի մեջ, որտեղ բոլորն իրենց աշխարհաքաղաքական շահերով են առաջնորդում, իսկ այդ շահերը հակասում են մեր՝ հայկական շահերին: