Ադրբեջանում անհանգիստ են՝ թանկանում է հացը, բանջարեղենը, նույնիսկ՝ բենզինը

Ադրբեջանում անհանգիստ են՝ թանկանում է հացը, բանջարեղենը, նույնիսկ՝ բենզինը

Ադրբեջանում սկսվել են թանկացումներ, որոնք անհանգստություն են սկսել պատճառել տեղի բնակչությանը։ Այսպես, 50 գյապիկանոց հացը դարձել է 55 գյապիկ, 65 գյապիկանոց հացը՝ 70 գյապիկ, իսկ 50 կիլոգրամանոց պարկով ալյուրը՝ 36,6 մանաթից դարձել է 41,3 մանաթ։ Ի դեպ այս տարվա հունվարին էլ հացի, հացամթերքի ու ալյուրի թանկացումներ եղել էին։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն նավթ ունեցող այդ երկրում թանկացել է նաեւ բենզինը։ АИ-95 տեսակի բենզինի մանրածախ գինը թանկացել է 1,6 մանաթից հասել է 2 մանաթի՝ մեկ լիտրի դիմաց։ Սա դեռ կարելի է հասկանալ, քանի որ АИ-95 ռւ АИ-98 տեսակի բենզին այդ երկիրը չի արտադրում եւ ներմուծում է Ռումինիայից։ Ադրբեջանը տեղում արտադրում է միայն դիզվառելիք ու АИ-92 տեսակի բենզին, որոնց գինը մնացել է անփոփոխ։ Գնային սպառողական ինդեքսը մեկ տարում աճ է գրանցել, տարեկան սղաճն էլ կազմել է 12,6 տոկոս։

Ի դեպ մրգերի եւ բանջարեղենի մանրածախ գինը Ադրբեջանում թանկացել է առնվազն 50 տոկոսով, երբեմն էլ՝ կրկնակի։ Այս ամենը անշուշտ դարձել է քննարկումների թեմա ադրբեջանական տելեգրամյան եւ սոցկայքային տիրույթում։ Շատ օգտատերեր պարզապես առաջարկում են ցորենի ցանքսերը ավելացնել, ու հենվել տեղական արտադրանքի վրա։ Հատկապես, որ հողի պակասություն չկա։ Որոշներ ակնհայտ հեգնանքով նկատում են, որ հացի հացամթերքի ու ալյուրի թանկացումով իշխանությունները հոգ են տանում, որ շարքային ադրբեջանցիները լինեն բարեկազմ ինչպես առաջին տիկինը, չէ որ հացն ու հացամթերքները գիրացնում են։ Կան օգտատերեր, որոնք գրում են, որ իշխանությունները հայտարարել էին, որ «ազատագրված տարածքներում» նոր ցանքսեր են արվելու, բա ուր կորան այդ նոր ցանքատարածությունները։ Կան ադրբեջանցիներ որոնք գնաճի մասին խոսելիս՝ ծաղրանքով նկատում են, որ դա «ամենայն հավանականությամբ ադրբեջանական տնտեսության զարգացման բարձր տեմպի ցուցիչն է»։

Կան ադրբեջանցի օգտատերեր էլ, ովքեր փորձում են հանդարտեցնել, նշելով, որ հիմա ամբողջ աշխարհում է սննդամթերքը թանկանում։  Ի դեպ․ պարզվում է, որ Ադրբեջանը գյուղնշանակության հողեր է վարձակալած եղել Ուկրաինայում, որպեսզի իր հացի հարցը լուծի եւ հիմա, քանի որ այնտեղ ռազմական ճգնաժամ է, ապա այդ հողերն էլ իրենց բերքով ու ամեն ինչով հայտնվել են անհասկանալի վիճակում եւ ադրբեջանական իշխանությունները ոչինչ անել չեն կարող դրանց ուղղությամբ։ Ամեն դեպքում, որքան էլ պաշտոնապես իշխանությունները հայտարարում են, որ պարենային ապահովվածության հետ խնդիրներ չկան, սակայն ամեն դեպքում գնաճը որոշակի խլրտոցներ Ադրբեջանում առաջացրել է։