Զրույց հին ու նոր «աղվեսների» մասին

Զրույց հին ու նոր «աղվեսների» մասին

Հավանաբար արդեն տեղյակ եք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը չեղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել նրա աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։  Այս օրերին վարչապետ Փաշինյանը, հավանաբար, խիստ զբաղված է, բայց նա, հնարավոր է, շուտով իր «համեստ» կարծիքը արտահայտի այս կապակցությամբ: ՀՔԾ պետի հավաստիացումները, թե բոլոր հիմքերը կան դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, դեռ չեն խոսում այն մասին, որ իրավապահները, դատավորի աշխատասենյակներ ներխուժելիս, առանձնապես հետևել են օրենքին: Եվ, եթե նույնիսկ Փաշինյանն էլ չխառնվի այս գործին, հնարավոր է՝ Վերաքննիչի վճիռը՝ այն է բավարարել Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել նրա աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը, կարող է լուրջ, ընդհուպ բարոյական հետևանքներ ունենալ հեղափոխական ՀՔԾ-ի և դատախազության համար:

Վերաքննիչի «համարձակ» քայլի հետ կապված՝ կարծիք է շրջանառվում, որ «կա՛մ դատախազությունն ու ՀՔԾ-ն են հերթական անգամ «արջի ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ էլ՝ դատական համակարգը շարունակում է սաբոտաժը՝ դառնալով հին համակարգի ռեստավրացիայի մասնակից և մարմնավորելով սողացող դավադրությունը»։

Եթե հետաքրքիր է այս մասին նաև իմ կարծիքը, ապա կարող եմ ասել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի հետ կապված պատմության արմատները գտնվում են ավելի մեծ խորություններում, քան կարող է թվալ ոմանց, որոնք ահաբեկվել են Վերաքննիչի այս վերջին որոշումից ու հավարը գցել Փաշինյանին, թե՝ արի, սողացող դավադրություն ենք հայտնաբերել: Ես բոլորին խոնարհաբար խնդրում եմ՝ թույլ տվեք, որ Փաշինյանն այլևս չմիջամտի դատական իշխանության գործերին: Այլևս բավական է: Համարեք՝ վեթթինգն ավարտված է, իսկ Փաշինյանն էլ դատական համակարգում վերջնականապես կատարյալ կարգուկանոն է հաստատել: Հակառակ պարագայում՝ մենք վտանգում ենք մեր վարչապետի «ռեպուտացիայի» վերջին փշրանքները: Եվ մի փորձեք սարսափեցնել Փաշինյանին ձեր այն հիմար մտքերով, թե Վերաքննիչի քայլից հետո «Հայաստանում կարող ենք ունենալ ավելի վատ դատական համակարգ կամ մի իրավիճակ, երբ արդարադատության համակարգը լիովին կաթվածահար կլինի»։

Մեր կարծիքով՝ մենք միանգամայն հակառակ ընթացքի հետ գործ ունենք:  Հայաստանում դատական համակարգի առողջացման միտումներ են նկատվում, և կարիք չկա դատավորների ու դատարանների վրա հերթական գրոհը հրահրելու:
Մեր խնդիրը հիմա մի փոքր այլ է: Մենք պարտավոր ենք այնպես անել, որ ՀՀ իշխանություններն ու հատկապես վարչապետ Փաշինյանը չոր դուրս գան այն սկանդալներից, որոնք հաջորդաբար տեղի ունեցան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելուց հետո: Հիշեցնեմ, որ մարդն իր ոտքով եկել, կանգնել էր Հայաստանի դատարանի առջև և ոչ մի կարիք չկար՝ «խույվորել» այդ հանգամանքից ու մտացածին մեղադրանքներ առաջադրել նրան: Ասենք՝ Փաշինյանի անփորձությունը խանգարում էր նրան կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Իսկ ի՞նչ էին մտածում փորձված աղվեսները, որոնք Փաշինյանին անընդհատ դրդում էին Մարտի 1-ը բացահայտել այնպես, որ Քոչարյանի վրա ընկնի ողջ պատասխանատվությունը: Այդ նույն աղվեսներն էլ թող հիմա Փաշինյանին հանեն էն բանի միջից և ոչ թե իրենց ահից գոռան, թե Հայաստանում սողացող հակահեղափոխություն է տեղի ունենում:

Բայց Փաշինյանի ցավը միայն հին աղվեսները չեն: Նորերն էլ կան, որոնց ժողովուրդը կնքել է «սորոսական» անվամբ: «Սորոսական աղվես»՝ գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Նրանք քիչ չեն, բայց ես մեկի մասին կխոսեմ: Փաշինյանն արդեն կասեցրել է նրա կողմից ՊՎԾ պետի պարտականությունների կատարումը, սակայն չի շտապում դատի տալ կոռուպցիոն գործունեության համար: Դա տեղի է ունենում Փաշինյանի քաղաքական հեղինակության հաշվին, ինչն այս իրավիճակում անթույլատրելի է: Բայց բավական է Փաշինյանը չմիջամտի այս գործին, և այն արագ կհասնի դատարան ու «սորոսական աղվեսը» կհայտնվի ճաղերի հետևում: Այլապես նա շարունակում է իր կիսահանցագործ կարգավիճակով խայտառակել ՀՀ վարչապետին՝ վերջինիս դեմ հանելով բոլոր նախկիններին: Խոսքը ոչ անհայտ Դավիթ Սանասարյանի մասին է, որն իր իսկական էությունը չպարզած՝ ուրիշներին է կոչ անում տարբերվել բորենիներից ու շակալներից:

Մի խոսքով՝ ժամանակն է, որ Փաշինյանը հեռու մնա այս խառը գործերից և թողնի դատարաններին ու դատավորներին հանգիստ աշխատեն: Թե դրանից հետո նրանք ում կդատեն, ում կկալանավորեն և ում կազատեն, իրենց գործն է: Այլապես ինչի՞ նման է, երբ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, դատախազության, սորոսական հանրույթի բոլոր սխալների համար մեջտեղ են քաշում վարչապետին ու նա է դատարանների փոխարեն որոշումներ կայացնում: Սա շատ վտանգավոր միտում է, որովհետև, եթե վաղը պատահաբար իշխանափոխություն տեղի ունենա, նորերն են դատարաններին ստիպելու՝ դատել Փաշինյանին: Եվ ո՞ւր կհասնենք այսպես: