«Հայաստանից կհաստատեն կամ չեն հաստատի Արցախի ընտրությունները»

«Հայաստանից կհաստատեն կամ չեն հաստատի Արցախի ընտրությունները»
Աղասի Ենոքյան

Աղմուկը, որը Հայաստանի վարչապետի ելույթի շուրջ բարձրացրել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքագետները, հասկանալի է։ Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, այդ աղմուկի համար հիմք է ծառայել այն, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ, մյուս կողմից էլ ասում է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից։ «Երևի, սա երկվություն է, կամ տրամաբանական հակասությունն է աղմուկի պատճառը», - ասում է քաղաքագետը։ Ստորև ներկայացնում ենք «Հրապարակի» զրույցը քաղաքագետի հետ։ 

- Նիկոլ Փաշինյանը այդ նախադասությունը՝ «Արցախը Հայաստան է», արել է տնտեսական զարգացման կոնտեքստում, Հայաստանում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին է խոսքը եղել, սա եղել է պատասխան հարցին, թե իսկ Արցախին ի՞նչ է սպասում։ Կարելի՞ է արդյոք կտրել այս նախադասությունը կոնտեքստից։

- Խնդիրը այն է, որ և վարչապետի քաղաքական ընդդիմախոսները Հայաստանում, և ընդդիմախոսները Հայաստանից դուրս հանգիստ կարող են այդ բառերը հանել կոնտեքստից դուրս։ Վարչապետը պետք է ուշադիր լինի նման բառակապակցություններ օգտագործելիս։

- Շատերը ասում են, որ վարչապետի ելույթը պոպուլիստական է,  ապակայունացնող, հրահրող։ Ինչպե՞ս Դուք կգնահատեիք վարչապետի ելույթը։

- Վարչապետի ելույթում իրապես որևէ քննարկելու, որևէ լուրջ բան չկար։ Զուտ ոգևորող ելույթ էր Արցախում։ Հիմա կարող ենք վիճել, ում ինչն է շատ դուր եկել, որ Հայաստանի բնակչությունը կլինի 5 միլիոն, իսկ տուրիստների քանակը կլինի 15 միլիոն, թե՞ որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն, այս պնդումներից որևէ մեկը արգումենտավորված չէր։ Միակ պահը, որը որ ես նկատեցի էական, ծրագրային առումով կարևոր, դա այն է, որ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն է լինելու Արցախի ընտրությունների անկախության, թափանցիկության երաշխավորը։ Սա նշանակում է,  որ, այնուամենայնիվ,  Հայաստանից կհետևեն, Հայաստանից կհաստատեն կամ չեն հաստատի, և նույնիսկ գուցե կթելադրեն Արցախի նախագահի ընտրությունների արդյունքը։ Միակ կոնկրետ, ծրագրային փաստը դա էր։ 

- Իսկ Արցախի ներքաղաքական իրավիճակում Ստեփանակերտի հանրահավաքը ի՞նչ փոխեց։ Բակո Սահակյանի, Սամվել Բաբայանի վարկանիշները կտրուկ ընկան դրանից հետո։

- Չեմ կարծում, որ սուլոցները Բակո Սահակյանի ելույթի ժամանակ, կամ Քոչարյանի մասին հիշեցնելը Փաշինյանի ելույթի ժամանակ էական ազդեցություն կունենային։ Բայց էական ազդեցություն կարող է ունենալ այն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է կազմակերպում այս միտինգը, որ ինքն է 10 հազար մարդ բերում, և այն, ինչպես արդեն ասեցի, որ Նիկոլ Փաշինյանը էս ելույթով հայտարարեց, որ Հայաստանն է դառնում երաշխավորը Արցախի ընտրությունների։ Ինչ-որ տեղ կարելի է մտածել, որ նա հավանություն է տվել Արայիկ Հարությունյանի նախագահությանը Արցախում։ Միգուցե իհարկե, հետագա ընթացքը կարող է իր ճշգրտումները մտցնել այդ նախընտրական պայքարում։

- Բայց Ձեր կարծիքով Փաշինյանը ունի՞ լծակ ներազդելու Արցախի ընտրությունների վրա, եթե, ասենք, ինչ-որ ուժեր փող բաժանեն, այլ խախտումներ անեն։
 
- Կլինի, ըստ երևույթին, այսպես․ եթե փող բաժանվի, լինեն ճնշումներ Փաշինյանի համար ոչ հաճո թեկնածուի օգտին, ապա դրանց մասին աղմուկ կբարձրացվի,կզեկուցվի Հայաստան, և Հայաստանի կողմից կլինեն համապատասխան հայտարարություններ և որոշակի ճնշումներ։

- Փաշինյանի ելույթը բանակցային գործընթացի վրա, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կունենա։ Կա՞ր այս առումով մի նորություն, մի իրողություն, որը ազդի բանակցությունների ընթացքի վրա, նոր ուղղություն նախանշվի։ 

- Շատ վաղուց Արցախի բանակցային գործընթացում նորություններ չկան։ Վերջին երկու նորությունը եղել է այն, որ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ուզում է,որ Արցախը դառնա բանակցությունների մասնակից, և երկրորդը այն է, որ Նիկոլ Փաշինյանի բանակցող դառնալուց հետո բանակցային սեղանից վերացան Վիենայի, Սանկտ -Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Այս նորություններն են, որ եղել են մի քանի ամիս առաջ, և դրանից հետո ես որևէ նորություն չեմ տեսնում։ 

- Միտք, որ այսօր Հայաստանը պետք է բանակցի Արցախի փոխարեն, Դուք չլսեցի՞ք։

-Ոչ։ 

- Իսկ հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է , վտանգի տակ դնու՞մ է բանակցային գործընթացը։ Կարո՞ղ ես Ադրբեջանի կողմից կտրուկ գործողություններ լինեն դրա հետևանքով։

- Ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից։ Եթե Բաքուն հիմա, տվյալ պահին ցանկանա իրավիճակը սրել, ապա իհարկե, կարող է օգտվել  այդ հայտարարությունից։