Միհրան Պողոսյանի փաստաբանը Երեմ Սարգսյանն է 

Միհրան Պողոսյանի փաստաբանը Երեմ Սարգսյանն է 

Միհրան Պողոսյանի գործի ընթացքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս որևէ մանրամասն չի հրապարակում։ Որոշ լուրեր են շրջանառվում, թե ՌԴ գլխավոր դատախազությունից լրացուցիչ ինչ-որ թղթեր են պահանջել։ Այս մասին հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը միայն հայտնեց, որ գործընթացն այս պահին բնականոն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ երբ ապրիլի 21-ին հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվեց Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվեց Ռուսաստանի իրավապահների կողմից, Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ՝ ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացվել 40 օրով կալանավորված Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Հետաքրքիր է՝ արդյոք ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելու, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու ու օֆշորի քրեական գործի վարույթի շրջանակներում մեղադրվող Պողոսյանն ունի՞ փաստաբան, թե՞ ոչ։ Նրա մերձավորագույն շրջանապատից ակնարկել էին՝ նրա ինչի՞ն է պետք։ Բայց, ինչպես հաղորդում են, Միհրան Պողոսյանն ունի փաստաբան, և նա Երեմ Սարգսյանն է։ 

Ավելին՝ նա ունի փաստաբանների խումբ, որոնք էլ հենց հանդես են գալիս որպես Միհրան Պողոսյանի գրասենյակ։ Երեմ Սարգսյանը ողջ օրն անհասանելի էր, այսօր պատասխանեց ու ասաց, որ չի կարող խոսել՝ քննչական գործողությունների է՝ ո՛չ Միհրան Պողոսյանի գործով։