Պարոն Երնջակյան․ «Էս ո՞նց էղավ, որ սենց էղավ»

Պարոն Երնջակյան․ «Էս ո՞նց էղավ, որ սենց էղավ»

Իրավամբ կարող եք վրդովվել. ինչպե՞ս կարելի է անծանոթին, նույնիսկ՝ ծանոթին, դիմել այսչափ անվայել տոնով: Սակայն սա միակ հարցն է, որ մնում է Ձեր հեղինակած ու բեմադրած պիեսը («Չկա տղամարդ, չկա պրոբլեմ») դիտելուց հետո: «Հռետորական» հարց, որ հնչեցնում է ներկայացման հերոսուհիներից մեկը: Այո, ինչպե՞ս պատահեց, որ խորհրդային գրաքննության ամենակուլ մամլիչին հակառակ՝ համարձակ, անգամ խիզախ, ինտելեկտուալ հումորի առաջամարտիկ Կամերային թատրոնն անկախության ու ազատության պայմաններում հասավ շրիշակային նշագծին: Էժան, ծանծաղ ծիծաղ կորզող երգիծանքից ավելի տխուր բան չկա: Չասեք, թե պահանջարկն է այդպիսին: Անհեթեթություն:

Արվեստը միշտ, բոլոր ժամանակներում մեկ առաքելություն է ունեցել եւ ունի՝ կրթել ու դաստիարակել հասարակության ճաշակը, ձեւավորել արժանապատիվ քաղաքացի:
Տպավորություն ունեմ, թե պիեսը գրելիս կատարելապես շփոթել էիք թիրախներն ու վեկտորները: Կամ գուցե չէիք էլ հստակեցրել: Թե կանանց իրավունքների պաշտպան եք, ինչո՞ւ եք ծաղրում ՄԱԿ-ի տխրահռչակ եզրակացությունները՝ ՀՀ-ում յուրաքանչյուր երրորդի բռնության ենթարկվելու մասին: Թե ավանդական, թաց ու թացանի, ակութի պահպանման ջատագով եք, ինչո՞ւ եք հեգնում ընտանիքին նվիրված կանանց: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ եք միանգամայն անիմաստ, անպատեհ հնչեցնում հայ կին, մայր Զարուհի Փոստանջյանի (նրա նկատմամբ ո՛չ լավ, ո՛չ վատ, որեւէ վերաբերմունք չունեմ) անունը: Եվ դերասանուհին երկար էլ (գրեթե փափազյանական) դադար է պահում, որ բոլորը հասցնեն հռհռալ, «ղժժժալ» այդ անվան վրա: Միայն անվան: Քաղաքական սատիրան անանուն պետք է լինի: Պետք է կերտվեն բնորոշ, անշփոթելի տիպեր-կերպարներ, որոնք ապրում են բոլոր ժամանակներում: Եվ երբեք ժամանակավրեպ չեն դառնում: Բայց սա ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ, առավել եւս՝ սատիրա…

Աստվածաշունչն ինչո՞ւ եք խոշտանգում… Աստծո կերպարն ինչո՞ւ եք ծաղրանկարային մակարդակի հասցնում: Եթե աղանդավորներին եք փորձում հաճոյանալ, կարծում եմ՝ նույնիսկ այստեղ եք ձախողվել: Նրանց համար էլ այդ ամենը ծիծաղելի պետք է որ չլինի…
Անկեղծ ասած, չգիտեմ, ներկայացումից հետո ավելի շատ թատրոնի դերասանուհիների՞ն էի կարեկցում (գեղեցիկ, երաժշտական, պլաստիկ, ռիթմի զգացողությամբ, երգելու կարողությամբ օժտված, նրանք կարող էին հրաշալի կերպարներ կերտել), թե՞ «դուդուկի տակ պարելու» զարհուրելի գռեհկաբանությունից երջանկացած-խեղդվող երիտասարդներին: 
Գուցե կամեցել եք լավ բան անել: Չեմ բացառում: Բայց գահավիժել, հասել եք հեռուստատեսային սիթքոմների, ձախորդ սերիալների մակարդակին: Հասել ու անցել եք…

ՀԳ 1․ Ի վերջո, հո պատահակա՞ն չէ, որ համաշխարհային գրական ահռելի ժառանգություն թողած անթիվ պոետների, վիպասանների կողքին մատների վրա կարելի է հաշվել հանճարեղ երգիծաբաններին: Որովհետեւ երգիծանքը գրականության թերեւս ամենաբարդ ժանրն է: Այստեղ երերուն ու շատ նուրբ է ճաշակի ու անճաշակության սահմանը:

ՀԳ 2․ Մի խնդրանք: Համաշխարհային դասականների գործերը բեմադրեք: Միայն: Թեեւ այս դեպքում էլ պետք է ցավով փաստենք, որ Պարոնյանն ու Օտյանն այլեւս անհասանելի են ե՛ւ արտիստների, ե՛ւ հանդիսատեսի համար: Քանզի անխոհեմաբար ահռելի-անհաղթահարելի վիհ ենք ստեղծել արեւմտահայերենի եւ արեւելահայերենի միջեւ: Բայց սա արդեն Ձեր մեղքը չէ եւ այլ թեմա է…

ՀԳ 3․ Եվ եթե տոմսի վրա գրում եք, թե ներկայացումը պետք է սկսվի ժամը 7-ին, սկսեք 7-ին: 15-20 րոպե նստած սպասում էինք, թե դահլիճը երբ է լցվելու, ճիշտ՝ ինչպես գեղի կլուբում (խնդրում եմ չշփոթել գյուղի մշակույթի տան հետ), ինքնագործ խմբի ելույթի սպասելիս…


Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
մշակութաբան