Եթե հոգուդ խորքում մարզպետ չես

Եթե հոգուդ խորքում մարզպետ չես

Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Բարև Ձեզ պարոն Հարությունյան, լա՞վ եք… Ուզում էի հարցնել լոխ լավա՞… Ուրախ եմ, բայց մի երկու խոսք ունեմ ասելու, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի, դեմ չե՞ք:

Անկեղծորեն ասեմ՝ ուրախ եմ, որ առաջադրվել եք Արցախի նախագահի թեկնածու: Դա մեծ պատիվ կլիներ յուրաքանչյուր հայ մարդու համար, և այս առումով, կներեք, իհարկե, ես ինչ-որ չափով նախանձում եմ Ձեզ և մյուս թեկնածուներին: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, որովհետև գիտեմ, բոլորդ եք արժանի՝ դառնալու Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ և պատվով կրելու այդ մեծ պատասխանատվությունն՝ ի փառս Արցախի հերոսական ժողովրդի, ի փառս հայկական երկրորդ հանրապետության և ի փառս հայ ազգի:

Գովեստներս, ավաղ, այսքանով ավարտվեցին, պարոն Հարությունյան: Պատճառները շատ են, բայց ես կխոսեմ երկուսի՝ Ձեր թեկնածուական վարքագծի և Ձեր շտաբից՝ ծագումով ղարաբաղցի գրագետների պահվածքի մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Արցախում սպասվող ընտրություններում ֆավորիտ չունի, չի միջամտելու ընտրություններին, չի աջակցելու թեկնածուներից ոչ մեկին, սակայն հետևելու է, որ ընտրությունները լինեն ներկայացուցչական, արդար, բաց ու թափանցիկ: Դիցուք, ես այս հարցում առանձնապես չեմ վստահում Փաշինյանին, սակայն չեմ էլ կարողանում հասկանալ, թե Դո՞ւք ինչու չեք վստահում, ինչո՞ւ եք Փաշինյանի հետ ամեն ձեռքսեղմում ներկայացնում որպես նրա բարձր հովանու ներքո գտնվելու ապացույց: Փաշինյանը հայերեն չի՞ ասել՝ ես թեկնածու չունեմ: Սա, կներեք, Արցախի մարզպետի հոգեբանություն է: Ձեր՝ Արցախի նախագահի թեկնածուի պահվածքի հետ կապված այլ ասելիք չունեմ: Թերևս մի բարի խորհուրդ տամ Հայաստանի Հանրապետությունում խիստ արդիական դարձած սատանայի թեմատիկայով. աշխատեք չգայթակղվել սատանայից, գայթակղել նրան՝ առավել ևս:

Իսկ այժմ Ձեր շտաբում հանգրվանած պատմաբանների մասին, որոնք հայաստանյան մամուլում և սոցցանցերում կռիվ են տալիս ի փառս Ձեզ: Հուսամ՝ հայոց պատմությունը վերաշարադրելու այդ փորձերը Ձեր ինտելիգենտ շտաբականների ինքնադրսևորումներ են և ուրիշ ոչինչ: Բայց եթե դա ուղղորդվում է հենց Ձեր կողմից, պարոն Հարությունյան, ապա պետք է ասեմ, որ մրցակիցներին հաղթելու անազնիվ ճանապարհ է:

Ես չեմ բացառում, որ Ձեզ դուր չի եկել վերջերս «Վերնատուն» ակումբի համաժողովում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը, որտեղ նա ասաց. «Արցախում, սիրելիներս, չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Սուտ է: Նախագահ ընտրելու օրակարգ չկա Արցախում: Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու, Արցախի տեղը համահայկական օրակարգում, իբրև ազգային ազատագրական պայքարի օրրան, վերագտնելու անհրաժեշտությունը կա Արցախում: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որ Փաշինյանի փեշերի տակ ծվարել են: Չի ընտրելու: Կընտրի մարդուն, ոչ թե որ հականիկոլ է, այլ որովհետև Արցախի արժանապատվության տերն է և կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել, դիալոգ ստեղծել… Արցախցին պետք է այնքան իմաստուն լինի, որ այդ լուծումը գտնի: Մի բան էլ եմ ուզում ասել, այս խոսակցությունը ճիշտ տոնայնությամբ ամփոփելու համար: Արցախը գերխնդիր է: Դա առանձին խնդիր չէ և շաղկապված է ընդհանուր իրավիճակի և ամեն ինչի հետ, բայց Արցախը գերխնդիր է: Եթե ես մի օր վստահ լինեմ, որ այս իշխանությունը Ղարաբաղի հարցով տրամադիր չէ բան զիջել, պատրաստ է գնալ կռվի և հաղթել, կարող է, իհարկե, ակամա նաև պարտվել, բայց եթե գնում է կռվի, որ հաղթի, ես այս իշխանության հետ կհամագործակցեմ»:

Հրանտ Մարգարյանի այս ելույթը թեկնածուներին, հավանաբար երկընտրանքի առջև է կանգնեցրել: Ես հիմա ո՞ր թեկնածուն եմ, ա՞յն, որ «ծվարել է Փաշինյանի» փեշերի տակ, թե՞ մյուսը, որ «Արցախի արժանապատվության տերն է» և պատրաստ է վերականգնել Արցախի տեղը համահայկական օրակարգում, իբրև ազգային ազատագրական պայքարի օրրան»: Արդյոք այս երկվության հետևանքը չէ՞, որ Ձեր շտաբում հարմար տեղավորված առանձին ինտելիգենտներ այս օրերին հայաստանյան օդը թնդացնում են իրենց հակադաշնակցական հոդվածներով: Ինչո՞ւ նրանց հոդվածները չեն տպագրում արցախյան թերթերում, ինչո՞ւ արցախյան կայքերում չեն հրապարակվում նրանց մեծադիր լուսանկարները:

Այս հարցերի պատասխանը ես գիտեմ, պարոն Հարությունյան, իմացեք նաև Դուք՝ արցախցին չի ընդունի հայոց ազատամարտի ու հայոց պատմության թրքաբոլշևիկյան այդ մեկնաբանություններն ու զառանցանքները, որոնք փորձ է արվում ներկայացնել իբրև հայ ժողովրդի վերջին 1,5-դարյա պատմության մեջ ՀՅ Դաշնակցության դերակատարության մասին վերին ճշմարտություն: Իսկ ամենացավալին այն է, որ Ձեր շտաբի պատմաբանը, պարոն Հարությունյան, կասկածի տակ է առնում նաև Դաշնակցության դերակատարությունը նորանկախ Հայաստանի կերտման և Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակի, բնականաբար, նաև Շուշիի ազատագրման գործում: Այս վերջին ընդգծումը հատուկ եմ արել, որովհետև տեղեկություններ կան, որ Շուշիի ազատագրմանը մասնակցել եք նաև Դուք՝ որպես ինքնապաշտպանական ջոկատի մարտիկ և պարգևատրվել համապատասխան մեդալով:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ հենց Ձեր շտաբն այսպես ցավագին ընդունեց ՀՅԴ նախկին ներկայացուցչի հայտարարությունն ու անցավ Դաշնակցությանը «քլնգելու սուրբ գործին»: Դա մարտավարությո՞ւն է, թե՞… Ի վերջո՝ ընտրությունը, թեկուզ և Արցախի Հանրապետության նախագահի, հաստատ այն սահմանագիծը չէ, որտեղ ավարտվում է ամեն ինչ:

Հ.Գ. Որոշել եմ, երբ այս ղալմաղալն ավարտվի, գալ Արցախ և Ձեզ մի համեստ գրքույկ նվիրել, որտեղ ներկայացված են ՀՅ Դաշնակցության պատմության խեղաթյուրման վերջին փորձերը: Ընթերցելով՝ Դուք այնտեղ կտեսնեք ծանոթ հրապարակումներ, որտեղ կրկնվել են մեր հակառակորդների «գիտական»  ու «քաղաքական» գրականության մեջ սփռված կեղծիքները մեր ժողովրդի վերջին 130 տարվա պատմության վերաբերյալ: 
Կրկին հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա ընտրություններում և խնդրում՝ նկատառումներս որպես բարեկամի դիտարկումներ ընդունել:  
Հարգանոք՝ Էդիկ Անդրեասյան