Ներկայացվեց ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Ներկայացվեց ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում երեկ կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ. դափնեկիրն է «Origami World» տեսության հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ եւ դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել եւ մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքն էլ ավելի են հեշտացնում»,- ասել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է, եւ այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա:

Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են, եւ Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որեւիցե մեկը դեռեւս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մրցանակը հիմնվել էր 2009թ․, եւ այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ․ դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսության հիմնադիրը, ինչպես նաեւ  «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է»,- ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին եւ յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական եւ ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսեւորումներ։

Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից եւ հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից: