Ծնողավարություն․ Մաման մեքենա չէ

Ծնողավարություն․ Մաման մեքենա չէ

Հաճախ ծնողները չեն կարողանում հասկանալ` ինչու հանկարծ երեխան սկսեց նյարդայնացնել ու բարկացնել: Պոռթկում են, բղավում երեխայի վրա, հետո հարցերով դիմում հոգեբաններին` ինչպես խուսափել դրանից: Եվ թեեւ ծնողները մեծամասամբ հասկանում են, որ այդ պահվածքը սխալ է, այնուամենայնիվ, իրավիճակը կարող է անընդհատ կրկնվել: Եվ որքան փոքր է երեխան, այնքան ծնողի նման պահվածքը կարող է ավելի լուրջ հետեւանքներ թողնել երեխայի հոգեկան առողջության վրա, քանի որ փոքրիկները ծնողների բացասական հույզերն ընկալում են այսկերպ` «ուրեմն մաման կամ պապան ինձ չի սիրում»: Հաճախ պատճառը թաքնված է հուզական սպառվածության մեջ: 

Հուզական սպառվածության պատճառները

Երեխայի դաստիարակությունը բարդ աշխատանք է, որին շատ մայրեր ու հայրեր պատրաստ չեն լինում: Երեխայի ի հայտ գալով՝ ընտանեկան կյանքի սովորական ձեւը փոխվում է: Անքուն գիշերները, երեխայի առողջության համար մշտական տագնապները, ինչ-որ բան սխալ անելու վախերը, նոր սոցիալական դերի ադապտացիայի բարդությունները, ինչպես նաեւ ազատ ժամանակի բացակայությունն ուղեկցում են ծնողներին երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում: Բազմաթիվ ընտանիքներում այս ամենին գումարվում են նաեւ ֆինանսական խնդիրները, բնակարանի չլուծված հարցերը եւ այլն:
Բնական է, որ այս ամենն անդրադառնում է ծնողների հուզական վիճակի վրա, այն սկսում է աստիճանաբար խարխլվել, ինչը վերջնականապես հանգեցնում է նյարդային պոռթկումների, դեպրեսիայի, գերհոգնածության:
Շատերը կարծում են, որ հուզական սպառվածությունը հանդիպում է միայն մայրերի մոտ, սակայն` ոչ, այն հանդիպում է նաեւ հայրերի, տատիկ-պապիկների մոտ: Այնուամենայնիվ, մայրերի մոտ այն ավելի հաճախ է հանդիպում:

Ովքեր են առավել հաճախ ունենում հուզական սպառվածություն․

• 5 տարեկանից փոքր 2 եւ ավելի երեխաներ ունեցողները
• Հաճախ հիվանդացող երեխաների ծնողները
• Ովքեր աշխատանքի են գնում մինչեւ ֆիզարձակուրդի ավարտը կամ աշխատում են տնից` զուգահեռ դաստիարակելով երեխային
• Միայնակ մայրերը կամ հայրերը
• Ովքեր իրենք մանկության շրջանում ունեցել են հոգեբանական բարդություններ
• Ովքեր ունեն գերբարձր պահանջներ սեփական` ծնողական դերի նկատմամբ:

Հուզական սպառվածության ախտանշաններն ու աստիճանները

Ախտանշաններն են` մշտական հոգնածություն, ինչ-որ բան անելու ցանկության բացակայություն կամ սովորութային գործողությունների կատարում ինքնաբերականությամբ, ոչ մասնակցայնություն, ապատիա, սեփական երեխայի նկատմամբ անտարբերություն կամ հակառակը` դյուրագրգռություն ու անպատճառ ագրեսիա, ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ շփման հետաքրքրության կորուստ, մշտական տագնապի ու դեպրեսիայի վիճակ:

Հուզական սպառվածությունն ունի երեք աստիճան

Առաջին աստիճանը կոչվում է «զսպման աստիճան»: Այս դեպքում ծնողն զգում է, որ ինքը լավ չէ, սակայն իր ամբողջ ուժով փորձում է կարգի բերել իրեն: Նա դեռ փորձում է հավասարակշռել ինքն իրեն, սակայն նկատում է իր դյուրագրգռությունն ու իրեն մեղադրում ծնողական դերը լավ չկատարելու մեջ: Մշտական մտքերը` «ես վատ ծնող եմ», «ինձ մոտ ոչինչ չի ստացվում», «ես չեմ կարողանում երեխայիս դաստիարակել», հանգեցնում են դյուրագրգռության ու ագրեսիայի սեփական անձի, մարդկանց, երեխայի հանդեպ: Համապատասխանաբար՝ ընկնում է ծնողի ինքնագնահատականը, ի հայտ է գալիս մշտական տագնապայնություն, որն ավելի է խորացնում նյարդային սպառվածությունն ու ազդում երեխայի հուզական վիճակի վրա: Երեխան, զգալով ծնողի հուզական անկայունությունը, սկսում է կամակորություններ անել ու ավելի վատ իրեն պահել, ինչն էլ հանգեցնում է ծնողի ավելի շատ դյուրագրգռությանը:

Երկրորդ աստիճանը կոչվում է «չզսպելու աստիճան», ունի հետեւյալ ախտանշանները. ծնողը հասկանում է, որ այլեւս ի վիճակի չէ կրել հուզական այդ բեռը, ուզում է ամեն բան թողնել, կոտրել փակ շղթան, ազատվել այդ ճնշող իրավիճակից:
Երրորդ աստիճանում սովորաբար սկսվում են անձի բնավորության լուրջ խեղումներ: Հուզական սպառվածությամբ մարդու հոգեկանը շեղման այս աստիճանում բնորոշվում է հատուկ պաշտպանողականությամբ, եւ ծնողը ստեղծված իրավիճակում մեղադրում է սեփական երեխային, միաժամանակ նաեւ` իրեն շրջապատողներին: Որպես հետեւանք` առաջանում են ատելություն ու ագրեսիա երեխայի նկատմամբ, եւ նա, փոխանակ սիրի ու խնամի իր փոքրիկին, սկսում է նրան չափազանց վերահսկել ու նսեմացնել: Այս աստիճանում գտնվող ծնողին օգնելն ամենաբարդն է:

8 խորհուրդ` ինչպես հաղթահարել

Եթե նկատում եք ախտանշաններ, սկսե՛ք զբաղվել այն հաղթահարելով, քանի դեռ դա չի վերաճել ամենաբարդ ատիճանի:
1. Ավելի շատ հանգստացեք:
Օրգանիզմը կարիք ունի լավ հանգստի: Հանգստյան օրեր վերցրեք, շատ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ, զբաղվեք այն գործով, ինչը վաղուց ցանկանում էիք անել: Այս ընթացքում օրգանիզմը կվերականգնվի, եւ դուք կվերադառնաք ձեր կյանքի սովորական ռիթմին լրիվ այլ տրամադրությամբ:
2. Սովորեք օգնություն խնդրել:
Խնդրեք մտերիմներին օգնել ձեզ երեխայի խնամքի հարցում, թոթափեք ձեր ուսերից առօրյա բեռի գոնե մի մասը: Դա կարող է լինել նաեւ ցանկացած տնային գործ: Սա օգտակար է հատկապես, երբ դուք միայնակ ծնող եք:
3. Ընդունեք ձեր ու այլոց թերությունները:
Ընդունեք, որ մարդիկ տարբեր են, եւ ոչ ոք անթերի չէ:
4. Մի կողմ թողեք երկրորդական գործերը:
Հետաձգեք ոչ առաջնային գործերը, մտածեք ձեր մասին, չէ որ սպառված ծնողը չի կարող լիարժեք կատարել իր ծնողական պարտականությունները:
5. Քնեք լիարժեք:
Ապահովեք ձեր 8-10-ժամյա քունը: Օրգանիզմի սպառվելուց խուսափելու համար` գոնե շաբաթական մի քանի անգամ անհրաժեշտ է քնել լիարժեք: Ավելի օգտակար է քնել կեսգիշերից շուտ ու արթնանալ առավոտյան 7-8-ից ոչ ուշ:
6. Փնտրեք ներքին ռեսուրսներ:
Օգտագործեք ձեր ներքին բոլոր ռեսուրսները, որոնք կօգնեն ձեզ լավացնել ձեր հուզական վիճակը: Դրանք կարող են լինել հոբբի, մերսման այցելություններ, այցելություններ կինոսրահ կամ ռեստորան, հանդիպումներ ընկերների հետ:
7. Ազատվեք սեփական հաճույքների համար ձեր ունեցած խղճի խայթից:
Եթե դուք մեղավոր եք զգում, որ որեւէ բան եք արել ձեզ համար (նոր զգեստ եք գնել ձեզ համար՝ երեխայի համար նոր խաղալիք գնելու փոխարեն, կամ երեխային թողել եք տատիկի մոտ՝ ձեր ժամանցը կազմակերպելու համար), ապա ազատվեք այդ մեղքի զգացումից, մի՛ մեղադրեք ձեզ: Հիշե՛ք` երեխաները նրբանկատ են` ծնողի հուզական վիճակը զգալիս: Եվ եթե դուք ձեզ ուրախ, հանգստացած եք զգում, ապա այդպիսի հոգեկան վերելք կապրեն նաեւ ձեր բալիկները:
Միաժամակ հիշե՛ք` ծայրահեղության մեջ ընկնելն ու միայն սեփական անձով զբաղվելը վատ որոշում է: Փորձեք հետեւել հավասարակշռությանը` ինչ եք անում ձեզ համար, ինչ` երեխայի:
8. Սնվեք ռեժիմով ու զբոսնեք մաքուր օդին: 

Օրական 40 րոպե զբոսանքը կարող է էականորեն փոխել ձեր հուզական վիճակը:
Հուզական սպառվածության երրորդ աստիճանի բուժումը պետք է կատարվի անպայման մասնագետների վերահսկողության ներքո` նյարդաբան, հոգեբան: Եթե նկատել եք մտերիմի կամ ձեզ մոտ այս բարդ աստիճանը, անմիջապես դիմե՛ք մասնագիտական օգնության, քանի որ մենակ հաղթահարել դա այն մեթոդներով, որոնք կիրառելի ու օգտակար են առաջին ու երկրորդ աստիճանների դեպքում, մեծամասամբ անհնար է:

Հուզական ապառվածության ախտանշանների դեպքում երբեք մի՛ փորձեք այն լռեցնել ստիմուլյատոր մթերքների օգնությամբ: Թեյը, սուրճը, ալկոհոլը ոչ միայն ձեզ չեն ազատի հոգնածությունից, այլեւ ավելի մեծ վնաս կհասցնեն առանց այդ էլ գրգռված նյարդային համակարգին: Իսկ ալկոհոլի պարբերական ընդունումն օրգանիզմի վրա ազդում է որպես դեպրեսանտ, ինչն ավելի է խորացնում հուզական վիճակի անկայունությունը:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ