Դատավորների վեթինգն արեցին, անցան փաստաբանների՞ն

Դատավորների վեթինգն արեցին, անցան փաստաբանների՞ն

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, որ մաքրման, զտման, այլ խոսքով՝ վեթինգի գործընթացը պետք է վերաբերի, առհասարակ, իրավապահ բոլոր մարմիններին եւ փաստաբաններին։ Որովհետեւ, «ցավոք սրտի, ճանաչում են ունենում այն փաստաբանները, որոնք կոմունիկացվում են դատարանների ու իրավապահ մարմինների հետ»։ Հայտարարությունը վերաբերում է անկախ ճյուղ հանդիսացող մի ողջ համայնքի, որի անդամների թիվը հասնում է 3 հազարի։

Մասնագիտական շրջանակների պնդմամբ, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նման բան հայտարարելու իրավասություն չունի։ Կամ էլ՝ իբր դատավորների վեթինգն արեցին, հիմա էլ անցել են փաստաբաններին։ Փաստաբան Արա Ղազարյան․ «Հուսամ՝ Փաստաբանների պալատը շուտով հայտարարությամբ հանդես կգա։ Դա անկախ մարմին է, եւ դա Ջհանգիրյանի ցանկությունն է։ Որեւէ գործառնական կապ ԲԴԽ-ն չի կարող ունենալ փաստաբանական համայնքի հետ։ Իսկ, առհասարակ, միայն փաստաբանները կարող են հայտարարել, որ դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի»։ 

Եթե վերանանք այն մտքից, թե ով է ասել, նման իրավասություն ունի՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ, փաստաբանների վեթինգի կարիք կա՞, թե՞ ոչ։ Արա Ղազարանն ասաց․ «Ոչ։ Ես Հայաստանում առհասարակ վեթինգի անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եվ չմոռանանք, որ վեթինգի ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ տեղ կա՝ էդ վեթինգն անելու, որովհետեւ բոլոր կառուցակարգերը, 98 թվականից սկսած, այնքան շատ ռեֆորմների են ենթարկվել, տարբեր հարթություններում, կառուցակարգերում ամեն ինչ արված է, մնացածն արդեն դրանց ծավալման, զարգացման ընթացքում տեղի ունեցածը բարելավելու մեջ է։ Որեւէ նոր բան պետք չէ հայտարարել»։

Իսկ «վեթինգի հնարավորություն չկա» ասելով՝ ի՞նչ նկատի ունի փաստաբանը։ Արա Ղազարյանն ասաց՝ գերծանրաբեռնված աշխատող դատական համակարգի վեթինգ անելու համար պետք է այն, կոպիտ ասած, կանգնեցնել, «եւ, երկրորդ՝ վեթինգը վարչարարություն է, ոչ թե կարգապահական վարույթներ։ Կարգապահական վարույթներով վեթինգ չեն անում, այլ վարչարարությամբ»։
Փաստաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը գրեթե նույնը կրկնեց․ «Փաստաբանների վեթինգի մասին խոսելու փոխարեն իշխանությունները պետք է մշտապես ծայրահեղ ցածր հանրային ընկալում, վստահություն, մասնագիտական հանրույթի կողմից ցածր գնահատականի արժանացող հայտնի դատավորների դեմ կոնկրետ գործողություններ իրականացնեն, իրավական, ոչ թե կարգապահական վարույթներ հարուցեն։ Տպավորություն է, որ դատաիրավական ոլորտում ինչ-որ հաջողությունների են հասել ու հիմա էլ խոսում են փաստաբանների՞ մասին։ Փաստաբանները, ուզեն թե չուզեն իշխանությունները, անկախ են եւ իրենց գործունեության մեջ միշտ էլ պահելու են օրենքը եւ իրավունքը»,-ասաց Վարդեւանյանը։ 

Փաստաբանների վեթինգի մասով էլ ասաց՝ երբեւէ նման բան չի լսել։ «Երբեւէ չեմ լսել, որ մի եվրոպական երկրում փաստաբանների վեթինգի հարց առաջանար։ Անկեղծ եմ ասում։ Տպավորությունս այն է, որ իշխանություններն արդեն ցանկանում են ազատվել իրենց համար ոչ ցանկալի փաստաբաններից։ Ովքե՞ր կամ որո՞նք են այդ փաստաբանները․ փաստաբաններ, որոնք վճռական եւ համառ պայքար են մղում կոնկրետ քաղաքական գործերով, որոնք պայքար են մղում կոնկրետ ապօրինությունների դեմ, բարձրաձայնում են այդ խնդիրները։ Իհարկե, չեմ ուզում որեւէ մեկի գործունեությանը գնահատական տալ, բայց կան նաեւ փաստաբաններ, որոնք, օբյեկտիվ իրականությունից ելնելով, դժվարանում են հաճախ բարձրաձայնել, եւ դա բնական է, որովհետեւ տեսնում եք, որ այս իշխանությունն իրապես անհանդուրժող է ցանկացած տեսակի՝ իրենց կարծիքը չկիսող սուբյեկտի նկատմամբ»։

Իսկ հիմնականում այդ սուբյեկտները լրագրողներն են ու փաստաբանները, որոնք էլ թիրախավորված են։ Վարդեւանյանն ավելացնում է․ «Դա ակնհայտ է։ Իրենք այդ ոլորտի ներկայացուցիչների հետ ունեն լրջագույն խնդիր։ Ինչո՞ւ, որովհետեւ այդտեղ են տեսնում օբյեկտիվ, իրական, անկախ եւ անկողմնակալ քննադատություն, որն իրենք հանդուրժել չեն կարողանում»։ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ հենց լրագրողներն ու փաստաբաններն են գեներացնում այդ այլակարծությունը՝ հանդիսանալով ոլորտային անկախ ճյուղեր, որոնց վրա իշխանության լծակները հասցված են նվազագույնի։ Այդ անկախությունը չի հանդուրժվում, եւ այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը։ Իսկ փաստաբանների մասին խոսելը Ջհանգիրյանի գործառույթների մե՞ջ է մտնում։ «Բոլորովին»,- ասաց Վարդեւանյանը։