10 մլն ծառը չտնկած «Հայանտառի» տնօրենի ԺՊ-ն ուզում է համայնքապետ դառնալ

10 մլն ծառը չտնկած «Հայանտառի» տնօրենի ԺՊ-ն ուզում է համայնքապետ դառնալ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Պավել Ցուգունյանն Աբովյանի քաղաքապետ է ուզում դառնալ: Ճիշտ է, քարոզչական ելույթներում, իր ՖԲ էջի միջոցով նա ասում է, որ թիմի ցանկությունն է իրեն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար տեսնելը, եւ աբովյանցիներին խոստանում է կոտրել կարծրատիպերը, առեւտրի կետերից մաքրել մայթերն ու կանգառները, նորոգել վերելակները, մաքրել քաղաքը:

Պավել Ցուգունյանը չի սիրում «կենդանի» շփվել լրագրողների հետ, վիրտուալ տիրույթն է նախընտրում, անգամ հեռախոսազրույցներից է խուսափում եւ ոչ մեկին իր հեռախոսահամարը չի տալիս: Ու երբ նրան այդ նույն վիրտուալ տիրույթում հարց ես ուղղում, նա հորդորում է գրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին ու արագ պատասխանում է․ «Շնորհակալություն ստեսություն ձեզ»` կանխելով հետագա հարցադրումները: Սա էլ է ինֆորմացիա: Փաստորեն, մեկ նախադասության մեջ պարոն Ցուգունյանը երեք սխալ է անում: Մենք նրան ուղղելու շատ հարցեր ունեինք, կարծում էինք՝ թեկնածուն գոնե բաց է շփումների համար, բայց ստիպված բավարարվեցինք մեկ հարցով: 

Մեր տեղեկություններով, «Հայանտառը» մեծ թվով ծառեր է տնկել Նոր Նորքում, Արզնիի շրջակայքում, Նուբարաշեն համայնքի իր տարածքներում, որոշ տեղերում նույնիսկ ընկերության սեփական միջոցներն են օգտագործվել, սակայն բոլոր տնկարկները չորացել են: Ինչո՞ւ: Ցուգունյանը չցանկացավ մեր հարցին պատասխանել, իսկ համապատասխան ֆեյսբուքյան էջից պատասխանեցին. «Նշած տարածքներում պարոն Ցուգունյանի օրոք տունկ չի կատարվել։ Այդ տարածքներում տունկ կատարվել է 4 եւ ավել տարի առաջ»։ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ խոստացան ավելի ուշ մանրամասներ հաղորդել: 

Իսկ մինչ խոստացված պատասխանները ստանալը հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ երկու տարի առաջ հայտարարում էր ամբիցիոզ ծրագրի մասին՝ որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 մլն ծառ է տնկելու՝ որպես 10 մլն հայության միասնության խորհրդանիշ: Հետո, պատերազմի ու համավարակի պատճառով, ծրագրի ժամկետը երկարաձգվեց: 2021 թվականի ապրիլի 24-ին տնկեցին ծառեր: Որոշ տեղերում, ինչպես, օրինակ, Արմավիրի մարզում, ծառերը ոռոգման բացակայության պատճառով չորացան, մի մասն էլ արդեն չորացած վիճակում էր տրամադրվել:

Մարզպետարաններին եւ Երեւան քաղաքին, ըստ նախարարության, գարնանը տրամադրվել է 161 հազար 480 հատ տնկի: Իսկ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում, մասնավորապես՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, 2020թ. տնկվել է 339 հազար եւ 2021-ին՝ 201 հազար 800 ծառ։ Քանի՞ տնկի է տնկվել Երեւանում, եւ ինչո՞ւ 10 մլն հայության միավորումը խորհրդանշող 10 մլն «ծառը» չունեցանք՝ փաստորեն, երկար մտածելու հարց է: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Բայց մինչ այդ նկատենք, որ 10 միլիոն ծառը չտնկեցին, խոսում են «Հայանտառի» տնօրինության տակ եղած տարածքներում հսկայական տնկարկների չորանալու մասին, ինչը ոռոգման թերացումների մասին է վկայում, բայց «Հայանտառի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին որոշել են առաջ քաշել եւ նշանակել խոշորացված համայնքի ղեկավար:

ՏԻՄ ընտրություններում որոշել են առաջադրել լուսակերտցի Պավել Ցուգունյանին` «Պաշ» մականունով, որի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ նա շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է: Ցուգունյանը հեղափոխությունից առաջ ռուսաստաններում է աշխատել, ապա 18-ին վերադարձել է Հայաստան եւ նշանակվել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, ապա՝ Կոտայքի Ջրօգտագործողների միության տնօրեն, դրանից հետո էլ՝ «Հայանտառ» հսկայական ու մեծ ֆինանսական շրջանառություն ունեցող կառույցի տնօրենի ԺՊ: «Արմինկոյի» նախկին ինտերնետ պրովայդեր Ցուգունյանի կենսագրությունը տեղավորվում է 3 տողում՝ «դպրոց-բանակ-բուհը» հանած: 2007-2008 թթ․ ինտերնետ պրովայդեր է եղել, արտագաղթել է ՌԴ, հեղափոխությունից հետո՝ վերադարձել: Իսկ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ հիմնարկներից մեկի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին` Ռոմանոս Պետրոսյանի` շրջակա միջավայրի նախարար նշանակվելուց մի քանի ամիս անց:

Դրանից անցել է մեկ տարի, սակայն ՊՈԱԿ-ում մինչ օրս տնօրենի մրցույթ չեն հայտարարել, որովհետեւ Պաշի տվյալները չեն համապատասխանել պաշտոնի համար անհրաժեշտ չափանիշներին` կենսագրության, ստաժի հետ կապված: Եվ քանի որ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող 6 ամսից ավելի ԺՊ լինել, ուստի արդեն մի քանի անգամ նա դիմում է գրել` ազատվել պաշտոնից, ապա կրկին ԺՊ նշանակվել: Մեկ անգամ` 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին, սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հավանաբար, ուշացումով հասկացել են, որ օրենքի խախտմամբ չեն կարող մրցույթն անցկացնել:

Հիմա, փաստորեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այլեւս չի բավարարում Ցուգունյանի «մասշտաբներին», եւ նրան որոշել են ընտրովի պաշտոնում կարգել: Դրա համար նախապես ամեն ինչ արվեց, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը չառաջադրվի: Ռոմանոսի բարեկամի ընտրվելու հավանականությունը բացառապես պայմանավորված է ավելի արժանավոր թեկնածուների բացակայությամբ, իսկ տեռորով ու շանտաժով թեկնածություններ հանելն իշխանությունների գործելաոճի մեջ է մտնում: 

Ի դեպ, Պավել Ցուգունյանի անունը շրջանառվել է նաեւ կաթողիկոսի դեմ ծավալված շարժման հետ կապված․ նա սոցիալական ցանցերում կաթողիկոսին եկեղեցուց մերկ դուրս շպրտելու հրապարակային կոչով հանդես եկողներից էր, որի հետ կապված՝ անգամ ոստիկանություն են դիմել, եւ նյութեր են նախապատրաստվել: