Նոյեմբերի 9-ին սպասելիս

Նոյեմբերի 9-ին սպասելիս

«Հայաստան» դաշինքի պատգամավորները խորհրդավոր լռություն են պահպանում նոյեմբերի 9-ին նշանակած իրենց հանրահավաքի մասին։ Երկու օր է՝ պատգամավորները կտրականապես հրաժարվում են պատասխանել հանրահավաքի վերաբերյալ որեւէ հարցի՝ ինչ օրակարգով է խորհրդարանական ընդդիմությունը փողոց դուրս գալու, արդյոք հասկացե՞լ են, որ քաղաքական ճգնաժամն ընտրություններով չլուծվեց, եւ կրկին վերադառնում են փողոցային պայքարի, թե՞ դրանով այլ հարց են լուծելու։

Նախօրեին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը մեզ վստահեցնում էր, որ առաջիկա ժամերին կլինի հայտարարություն, որը կպատասխանի մեր բոլոր հարցերին, սակայն հայտարարությունն առաջիկա ժամերին չեղավ, եղավ միայն երեկ. «Ստի ու կեղծիքի իշխանությունը խաղաղության կարգախոսների ներքո 2020 թվականին բերեց պատերազմ ու պարտություն։ Մեզանից գողացան մեր հաղթանակներն ու տոնական օրերը՝ փոխարենը տալով սգո, նվաստացման, ողբի օրեր։ Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի։

«Պարտության» կուսակցությունը չի՛ կարող խաղաղություն ու զարգացում բերել։ Պարտության խորհրդանիշը չի՛ կարող արժանապատվորեն ներկայացնել մեր երկրի շահերը։ Հանուն սեփական շահի ու աթոռի հազարավոր մարդկանց մահվան տարած մարդը չի՛ կարող մեր պետությունը ղեկավարել։ Պետք է ձեւավորել ազգային դիմադրություն եւ հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է։

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։ 

Հարգելի՛ քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի՛ Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը»։

Ինչու հանրահավաքի օրը փոխվեց, որովհետեւ Ազգային ժողովրդավարական բեւեռը, իր սովորույթի համաձայն, օրեր առաջ բրոնյա էր արել Ազատության հրապարակը, եւ նոյեմբերի 9-ին, փաստորեն, երկու տարբեր ուժ պատրաստվում էին նույն վայրում հավաք կազմակերպել: Հավանաբար, «Հայաստան» դաշինքը որոշել է զիջել եւ փոխել է օրը: 

Բացի այդ, նախապես լուրեր էին շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը նոր փաստաթուղթ է ստորագրելու, անգամ փաստաթղթի բովանդակությունն էր գաղտնազերծվել: Սակայն վերջին օրերին ավելի հավանական է դարձել այն տեղեկատվությունը, որ ոչ մի փաստաթուղթ էլ Փաշինյանը չի ստորագրելու: Մի կողմից` նա գիտակցում է, որ ցանկացած վերջնական փաստաթուղթ մոտեցնում է իր վերջը, մյուս կողմից` կարծես թե ռուսներն են այս պահին դեմ որեւէ փաստաթղթի ստորագրմանը: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նոր փաստաթղթի մեջ պետք է ամրագրվեր ռուս խաղաղապահ զորամիավորման անժամկետ ներկայությունն Արցախում, իսկ այդ կետին էլ դեմ է ադրբեջանական կողմը, ուստի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվում է: Արդյունքում` նոյեմբերի 8-ի հանրահավաքը կլինի հիշատակի հավաք, կհիշատակեն պատերազմի տարելիցը եւ սեպտեմբերի 27-ից սկսված միջոցառումների ամփոփումը կտան: Կհայտարարվի իշխանությունների «հակահայ քայլերի, Հայաստանն ու Արցախն ադրբեջանացնելու» դեմ դիմադրության շարժում սկսելու փողոցային պայքարի նոր փուլ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Պուտինի միջնորդությամբ ստորագրվելիք երկու նոր փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Հայաստանյան իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել եւ ստորագրո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ։ Թերեւս սա է պատճառը, որ ընդդիմությունն անորոշության մեջ է հայտնվել եւ դեռեւս չի ցանկանում խոսել առաջիկա անելիքների մասին։

Ի դեպ, դաշինքի մեր աղբյուրները փորձում են համոզել, որ անորոշությունները տեղական՝ լոկալ խնդիրներով են պայմանավորված, եւ որ իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի այդ օրվա հանրահավաքը չկայանա, ուստի նոյեմբերի 8-10-ը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու թույլտվություն տվել էին նաեւ «Սասնա ծռերի» իրավահաջորդներին` ԱԺԲ-ին։ Նրանք կարծում են, որ իշխանությունն այսպիսով փորձում է սադրանքներ հրահրել եւ նույն օրը նույն վայրում հանրահավաքներ թույլատրելով` բախման տանել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին ու համակիրներին։

Մեզ ասացին նաեւ, որ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկել է իրենց ամրագրած օրերից մեկը՝ նոյեմբերի 10-ը զիջել «ծռերին», փոխարենը իրենք 9-ին անցկացնեն, սակայն համաձայնություն չեն ստացել։ Մինչդեռ, եթե ընդդիմությունն իսկապես ցանկություն ունի փողոցային պայքարի վերադառնալ, ապա մեկնարկային հավաք կարող էր անել ցանկացած օր, ասենք` նոյեմբերի 7-ին կամ 11-ից սկսած:

Ակնհայտ է, որ հայրենի ընդդիմության հույսն արտաքին գործընթացներն են եւ պատեհ պահը, երբ կկարողանան նորից համաժողովրդական ցասում առաջացնել։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցությանը, ապա դա եւս կախված է մի շարք հանգամանքներից, համենայնդեպս ակնհայտ է, որ «չմասնակցության» համար որոշ «ստրախովկաներ» են անում եւ քովիդի ախտանշաններ ունենալու մասին լուրեր տարածում։