«Հրապարակ». ՍԴ «նախկիններից» ովքեր են մասնակցել երեկվա միջոցառմանը

«Հրապարակ». ՍԴ «նախկիններից» ովքեր են մասնակցել երեկվա միջոցառմանը

Երեկ՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի կազմավորման 27-ամյակի առթիվ Սահմանադրական դատարանում միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հանդես է եկել ելույթով։ Տեղեկացանք, որ միջոցառմանը ՍԴ աշխատակազմը հրավիրել է նաեւ Սահմանադրական դատարանի նախկին անդամներին, որոնցից իշխանությունը 2019 թվականին ազատվեց՝ ժամկետից շուտ կենսաթոշակի ուղարկելով եւ այդ նպատակի համար բազմաթիվ մեթոդներ օգտագործելով, չնայած վերջիններս դեռ պետք է պաշտոնավարեին։ Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ գահընկեց արվեց ու այժմ պաշտոնավարում է որպես ՍԴ դատավոր։

ՍԴ աշխատակազմից մեզ ասացին, որ հրավերն ուղարկել են ՍԴ բոլոր նախկին անդամներին, այդ թվում՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ով, սակայն, այդ միջոցառմանը չի մասնակցել։ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հրավեր ստացել է, սակայն չի մասնակցել, պատճառաբանեց նրանով, որ այդ ժամին դասի է եղել։
ՍԴ նախկին անդամներից Աշոտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է հրավեր ստացել, սակայն հարցին՝ մասնակցել է, թե ոչ, համառորեն չպատասխանեց, ապա անջատեց հեռախոսը։ Փոխարենը այս հարցին պատասխանեց ՍԴ նախկին անդամ Հրանտ Նազարյանը, ով մասնակցել էր միջոցառմանը։ Նա ասաց, որ բացի իրենից, ՍԴ եւս երկու նախկին անդամ է մասնակցել՝ Վալերի Պողոսյանը եւ Աշոտ Խաչատրյանը։ Նազարյանին հարցրինք՝ իսկ այն հանգամանքը, որ իրենցից, ինչպես բազմաթիվ իրավաբաններ ու ՍԴ նախկին անդամները պնդում են, ապօրինի ազատվեցին, եւ իրենց փոխարեն ուրիշները դարձան ՍԴ դատավոր, իրեն չի՞ խանգարել, որ մասնակցի այդ միջոցառմանը, ՍԴ նախկին անդամը պատասխանեց․
«Կոնկրետ ես որեւէ խնդիր չունեմ, կոմպլեքս չունեմ։ ՍԴ-ն այն օրրանն է, որտեղ ես իմ մասնագիտական գործունեությունը ծավալել եմ։ Ես խնդիր չեմ տեսնում, ի՞նչ կա այդտեղ, որեւէ սուբյեկտիվ գործոն ես այդտեղ չեմ տեսնում մասնակցելու առումով։ Ես գնում եմ այդ հիշարժան, հարգարժան օրը հարգելու եւ ես այդտեղ որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»,- պատասխանեց Նազարյանը։

Հիշեցնենք, որ 2019-ին օրվա իշխանությունների կողմից ՍԴ-ն, կարելի է ասել, հայտարարվել էր «ժողովրդի թշնամի», այդ ժամանակ գործող կազմի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականների պահանջով ցույցեր էին կազմակերպվում իշխանությունների կողմից, նույնիսկ ՍԴ դատավորներից ազատվելու համար սահմանադրական հանրաքվե էին նախաձեռնել, որը չկայացավ, քանի որ սկսվել էր քովիդի համաճարակը։ Սակայն մի քանի ամիս անց ՍԴ նախկին դատավորներին Փաշինյանը հեռացրեց՝ առանց հանրաքվեի, ԱԺ որոշմամբ։