«Հրապարակ». Շոուն շարունակվելու է՝ անկախ դերասանների քանակից

«Հրապարակ». Շոուն շարունակվելու է՝ անկախ դերասանների քանակից

Տեւական քննարկումներից հետո Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունում որոշել են բոյկոտել այսօր մեկնարկելիք խորհրդարանի նիստը։ Նիստի  ընթացքում քննարկվելու է նաեւ խմբակցության երկու պատգամավորներին՝ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Որոշումն առաջարկել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությանը եւ աջակցություն ստացել։ Այսինքն՝ այսօր ընդդիմությունը ներկա չի լինի իրենց գործընկերների հետ հաշվեհարդարի արարողությանը, չի առարկի գլխավոր դատախազին, հարցեր չի տա, հակափաստարկներ չի ներկայացնի, այլ թաքուն՝ իրենց գրասենյակներից կհետեւեն ԱԺ նիստի ընթացքին, թե ինչպես են ՔՊ-ականները դատապարտող ելույթներ ունենում, ինչպես է գլխավոր դատախազը մտացածին մեղադրանքներ շարադրում եւ օգտվում հանրության անտեղյակությունից ու իրավական թերի գիտելիքներից։ 

Մի քանի շաբաթ առաջ, երբ գլխավոր դատախազը միջնորդությունն ուղարկեց խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունում օրը մի քանի ժամանոց քննարկումներ էին ունենում, սցենարներ էին գծում՝ ինչպես անել, որ  ՔՊ-ն հերթական շոուն չբեմադրի խորհրդարանում, եւ բանակում տիրող անտերության թիվ մեկ պատասխանատու ու մեղավոր չկարգեն նախկիններին եւ նրանց ժամանակ պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Մուշեղիչին։ 

Հատկապես, որ իշխանության գործողությունները դրան են տանում։ Օհանյանի դեմ միջնորդություն ներկայացվեց հունվարի կեսերին՝ Ազատում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհից անմիջապես հետո, որը 16 զինծառայողի կյանք խլեց։ Մինչ հանրությունը վրդովված քննարկում էր զինվորական կացարան կոչվող հյուղակների անմխիթար պայմաններն ու ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջում՝ այս ամենի մեղավոր կարգելով Նիկոլ Փաշինյանին, իշխանության դատախազ Աննա Վարդապետյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ երեք միջնորդություն ուղարկեց խորհրդարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, քանի որ, ըստ դատախազության, Օհանյանը նախարար աշխատելու ընթացքում  ինչ-ինչ «հափշտակություններ» ու չարաշահումներ է կատարել։

Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է  հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորները։ Դրանք, իհարկե, «նախկիններն» են, որոնք «թալանել» են երկիրը, բանակը հասցրել այս վիճակին։ Եվ նախկինների մեղքի ավարտն ու իրենց պատասխանատվության մեկնարկը ոչ մի կերպ չեն գալիս։ Մի քանի օր անց Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդությունն էլ հետեւեց։ Սա էլ բժշկի մասնագիտությանը դավաճանած, խեղճ, հիվանդ մարդու մասին կեղծ եզրակացություն տված պրոֆեսորին էր բացահայտում։  
«Հայաստան» խմբակցությունում ի սկզբանե որոշել էին, որ պետք է մասնակցեն պատգամավորների վերաբերյալ նիստերին եւ հանրությանը ցույց տան, որ թե՛ Օհանյանը, թե՛ Չարչյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում, անգամ դերաբաշխում էին կատարել, թե ով պետք է ստանձնի դատախազին պատասխանելու, ով՝ ՔՊ-ականների ռեպլիկներին արձագանքելու առաքելությունը։

Կարճ ասած՝ կոնտրքայլեր էին ծրագրում, որոնց շարքից է նաեւ խորհրդարանում այսօր  հրատապ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, որով ընդդիմությունն առաջարկում է բանակի խնդիրների վերաբերյալ խորհրդարանում հրատապ քննարկում կազմակերպել՝ հիմնական նիստի երկրորդ կեսին՝ հրավիրելով նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։  
Սակայն երկար քննարկումներից հետո ընդդիմությունը, հաշվի առնելով Սեյրան Օհանյանի համեստ անձն ու բնավորությունը, որոշել է ընդհանրապես դահլիճ չներկայանալ, չմասնակցել իշխանության բեմադրած շոուին՝ բոյկոտել նիստը։ Միեւնույն է՝ Մուշեղիչը չի կարողանալու նույն լեքսիկոնով պատասխանել, ՔՊ-ականները նեղելու են, չի բացառվում, որ գեներալն էլ հունից դուրս գա, ինչպես եղավ անցած տարի, երբ Շիշ բռնող ՔՊ-ական պատգամավորի ուղղությամբ Օհանյանը ջրի շիշ նետեց, ու մի նոր բոլոլա է ստացվելու՝ կռիվ, ծեծ, անվտանգության աշխատողներ, լեզվակռիվ։  
Մեր այն հարցին, թե բայց չէ՞ որ Օհանյանը կարող էր լռել, անգամ չմասնակցել, բայց նրա փոխարեն խմբակցության մյուս անդամները կարող էին ակտիվ լինել եւ հակափաստարկներ ներկայացնել հանրությանը՝ օգտագործելով ԱԺ ամբիոնը։ Որովհետեւ՝ ընդդիմության ներկայությամբ, թե առանց նրա, ՔՊ-ականներն իրենց սեւ գործն անելու են, դաշինքի մեր աղբյուրը ասաց, որ իրենց ներկայության պարագայում աղմուկն ավելի մեծ կլինի, քան՝ եթե բոյկոտեն։  

Անձամբ Սեյրան Օհանյանը կողմ է եղել, որ մասնակցի, անպատասխան հարցեր չթողնի կամ գոնե նիստի սկզբում ներկայանա, ամբիոնից իր պարզաբանումները հնչեցնի ու դուրս գա՝ չպատասխանելով պատգամավորների հարցերին, սակայն մեծամասնությունը, ի վերջո, բոյկոտի որոշում է կայացրել։ Որոշվել է, որ Օհանյանը կխոսի ոչ թե ամբիոնից, այլ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների համար ճեպազրույց կտա։

Ի դեպ, Օհանյանը երեկ մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ որոշումը վերջնական չէ, որ դեռեւս քննարկում են առաջիկա նիստին իրենց մասնակցության եւ մարտավարական հարցեր՝ երբ որոշում լինի, կհայտնեն։ Դաշինքում երեկ չէին ցանկանում խաղաքարտերը բացել «հակառակորդների» համար։

Մինչդեռ ՔՊ-ում բացարձակ հուզված չեն ընդդիմության բոյկոտից, ինչպես իշխանության մեր աղբյուրն ասաց՝ իրենք պատրաստ են մեկ դերասանով թատրոն էլ բեմադրել։ Ստացվում է, որ իշխանությունը նույն հետեւողականությամբ իր գործն անում է, իսկ ընդդիմությունը, ընկրկելով այդ շանտաժներից, օրըստօրե վերածվում է պասիվ դիտորդի։ Նախ հրաժարվեցին տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին մասնակցելուց, փողոցային պայքարից հրաժարվեցին, հետո ԱԺ նիստերը մեկումեջ բոյկոտեցին, իրենց ուղղված մեղադրանքներին անգամ համարժեք չեն արձագանքում։ Եվ այդ բոլորը՝ որպեսզի չդառնան իշխանության թիրախ, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունն ավելի համառորեն ու հաջողությամբ է բեմադրում իր շոուները՝ նոր  սցենարներով ու նոր գործող անձանցով։

ՀԳ․ Երբ 2012-ին իշխող ՀՀԿ-ն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց էր սկսել, որեւէ մեկը չէր կասկածում, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, սակայն անգամ կառավարվող ընդդիմություն համարվող ԲՀԿ-ն այն ժամանակ չբոյկոտեց նիստը՝ ելույթներ ունեցան, իսկ Վարդան Օսկանյանի ելույթից որոշ պատառիկներ անգամ թեւավոր խոսք էին դարձել․ «Մենք կարծես վերադարձել ենք 1937 թվական եւ գործում ենք ստալինյան սկզբունքով․ մարդ լինի՝ հոդված կգտնենք: Այս պարագայում գտել են մարդ, հոդված, բայց չեն գտել փաստ»։ Այդ ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, ով այսօր «Հայաստան»-ի քարտուղարն է, կարծիք էր հայտնել՝ եթե Հրանտ Մաթեւոսյանը ողջ լիներ, դատի կտար դատախազությանը՝ իր «Մենք ենք, մեր սարեր»-ի սցենարը կրկնելու համար: