Լինելու են հերթական ընտրություններ, ու մենք էլի մեծամասնություն ենք կազմելու

Լինելու են հերթական ընտրություններ, ու մենք էլի մեծամասնություն ենք կազմելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն իր թիմի հետ՝ լինի ԱԺ, Երեւանի ավագանի, թե ՔՊ վարչություն, հաճախակի են դարձել։ Տարին դեռ չմեկնարկած՝ արդեն վարչության, խմբակցության փակ նիստեր են հրավիրվել։ Չեն դադարում իշխող ֆրակցիայի տրոհման մասին խոսակցությունները, որոնք տարածվեցին դեռեւս անցած տարվանից։

Մեկ շաբաթ առաջ էլ լրատվամիջոցները հաղորդեցին, որ «Իմ քայլ»-ից պոտենցիալ անջատվողներ կան, որոնց մասին վաղուց են խոսում։ Եվ նրանց թիվն արդեն հասել է մոտ 20-ի։ Սակայն նրանց հայտարարությունը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին, կանխվել է, քանի որ այդ մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, կանչել ու ձգել է նրանց «գյամերը», ոմանց եւ որոշների հարազատներին սպառնալով քրեական գործերով։ Հենց այդ ինֆորմացիոն արտահոսքից հետո վարչապետը գրեթե օրումեջ սկսեց այցելել կուսակցության կենտրոնական գրասենյակ, թիմի հետ փակ հանդիպում արեց, անգամ հետտոնական խնջույք կազմակերպվեց, չնայած տարեվերջին մի անգամ արդեն նշել էին Ամանորը։ Այդ հանդիպումների, անգամ խնջույքների ժամանակ գործնական քննարկումներ են անում, նույնիսկ դաստիարակչական ելույթներ են հնչում՝ քողարկված սպառնալիքների ներքո։ Իսկ խմբակցության վերջին նիստի ժամանակ էլ ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, ինչն անցյալում չկար։ 

Փաշինյանը զգուշացրել է, որ բոլորի աշխատանքներին, առհասարակ՝ գործունեությանը, հետեւելու է անձամբ, ոչ մեկը չի կարող թպրտալ։ Ավելին, ակնարկներ են հնչել, որ եթե ոմանք ծածուկ համագործակցում են այլ՝ «մութ» ուժերի հետ, ապա նրանց հաշվարկներն ինքն անձամբ կխափանի մի որոշմամբ՝ կփոխի Ընտրական օրենսգիրքը, կվերադառնան մաքուր համամասնական ընտրակարգին, հրաժարական կտա եւ կանցկացնի արտահերթ ընտրություններ։ «Ու կտեսնենք՝ ձեզանից քանիսն են այդ համակարգով ընտրվելու»,- սպառնացել է Փաշինյանը՝ հասկացնելով, որ 88 հոգանոց ֆրակցիան միայն իր ռեյտինգի շնորհիվ է մանդատ ստացել։ 

Ուշագրավ է, որ իմքայլականներից շատերը երեկ չունեին այն պարզ հարցի պատասխանը, թե անցնելո՞ւ են արդյոք «մաքուր» համամասնական  ընտրակարգի՝ հրաժարվելով ռեյտինգայինից, թե՞ հնարավոր է այլ տարբերակների շուրջ կոնսենսուս կայանա։ Խնդիրն այն է, որ չնայած Փաշինյանի զգուշացումներին, այդուհանդերձ, չկա վերջնական որոշում, ու քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված է լուծվելու՝ վերադառնա՞լ համամասնական ընտրակարգին, թե՞ պահպանել ռեյտինգայինը։ 

Մինչ «Իմ քայլում» դաստիարակչական գործընթացներ են, պատգամավորները շտապում են հերքել թիմում ճյուղերի, թեւերի, հնարավոր պառակտման մասին բոլոր լուրերը։ Լիլիթ Մակունցը հիշեցնում է, որ ընդունված աշխատակարգի համաձայն է ամիսը մեկ անգամ վարչապետի հետ ֆրակցիայում հանդիպում կայանում։ «Իսկ նման ինֆորմացիաները գոնե ինձ համար հասկանալի է, թե ինչու են առանձին անձինք լրատվամիջոցներում տարածում։ Պիտի հիասթափեցնեմ այդ անձանց, որ նման բան չկա»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ ոչինչ չի բացառում․ «Գլոբալ, փիլիսոփայության առումով առհասարակ ոչինչ չի կարելի բացառել, բայց դա արտահոսք ձեւակերպելը եւ նման տեղեկատվություն տարածելն ինձ համար ունի կոնկրետ ուղղվածություն»։

«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ վստահեցրեց․ «Մեզ մոտ ո՛չ խմբակներ կան, ո՛չ թայֆայական բաներ։ Մենք հանդիպում ենք ու առօրյա թեմաներ քննարկում»։ Հակոբյանը չի էլ հավատում, որ իրենց խմբակցությունում կան մարդիկ, ովքեր կարող են կամ երբեւէ կհամագործակցեն այլ ուժերի հետ։ Երբ նկատեցինք, որ անկրակ ծուխ չի լինում, ու երեք ամիս շարունակ նման լուրերը հենց այնպես չէին կարող տարածվել, Հակոբյանն ասաց, թե այդպիսի տարածողներից մեկն էլ մենք ենք։ Մեր դիտարկմանը, որ ձեր թիմից ենք նման ինֆորմացիաներ ստանում, առավել եւս՝ մամուլը միայն «Հրապարակը» չէ, եւ մենք ամենաքիչն ենք այդ մասին գրել, Հակոբյանը 88 հոգու անունից հերքեց․ «Չի կարող նման բան լինել, ես վստահ եմ ու չեմ հավատում»։
 

Հակոբյանի համոզմամբ, իրենք շատ համերաշխ ու միակուռ խմբակցություն են։ Փաշինյանն է՞լ է այդ կարծիքի, գո՞հ է ձեր բոլոր պատգամավորներից։ «Նիկոլ Փաշինյանը որքանով որ գոհ է, այնքանով էլ պահանջատեր է, որ էլ ավելին անենք»։ Ի՞նչ անեք՝ օրենսդրական աշխատա՞նքը, միմյանց հետ փոխհարաբերություննե՞րը կամ իրար ոտքի տակ չփորե՞լը նկատի ունի, կոնկրետ ի՞նչ պահանջներ է ներկայացնում վարչապետը ձեզ։ «Իրար ոտի տակ փորել հաստատ չկա, ամենահամերաշխ թիմն է, ֆրակցիան»։ Քննարկումների ժամանակ հրապարակավ չեք խնայում իրար, ձեր նախարարներին, ինչպե՞ս եք ամենահամերաշխը։ «Դե բա հենց դա էլ լավն է»։ Այսինքն, դեմոկրատիայի իմիտացիա՞ եք անում։ «Չէ, իմիտացիա չենք անում, եթե որեւէ օրենքի հարցում կան տարաձայնություններ, դա բոլորովին այլ բան է, իրար ոտքի տակ փորելը՝ այլ»։ Հրաչյա Հակոբյանը վստահ է նաեւ․ «Արտահերթ ընտրությունների ո՛չ պահանջ կա, ո՛չ էլ օդում կախված պատճառներ»։ Նա բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը կլուծարի այս խորհրդարանը․ «Ինչի՞ պետք է լուծարի, կասկածներ չկան։ Արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու, լինելու են հերթական, ու էլի մենք լինելու ենք մեծամասնություն»։