«Գոլդեն փելես»-ի համար գնորդ չի գտնվում. պատճառը «Բջնիի» աղմո՞ւկն է

«Գոլդեն փելես»-ի համար գնորդ չի գտնվում. պատճառը «Բջնիի» աղմո՞ւկն է

Ծաղկաձորի երբեմնի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ «Գոլդեն փելեսի» ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Ժամանակին այս հյուրանոցը ՀՀԿ վերնախավի սիրելի հավաքատեղին էր, հեղափոխության օրերին ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հենց այստեղ էին հավաքվել, երբ Սերժ Սարգսյանին զեկուցեցին՝ Նիկոլ Փաշինյանը, մուտքի դուռը կոտրելով, գրավել է Հանրային ռադիոյի շենքը, եւ որին ի պատասխան, ըստ տեղեկությունների, նա հրահանգել է որեւէ կտրուկ քայլ չձեռնարկել: Արդեն մեկ տարի կլինի՝ «Գոլդեն փելեսը» չի գործում, կամաց-կամաց վերածվում է ավերակի: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանն իրեն պատկանող այս հյուրանոցն «ինքնակամ» նվիրաբերեց պետությանը՝ որպես փոխհատուցում իր «թալանածի»:

Կառավարությունն էլ, մի քանի ամիս ձգձգելուց հետո, անցյալ տարեվերջին որոշեց «Գոլդեն փելեսը» հանել աճուրդի, որ մասնավորեցվի, եւ երբեմնի խոշոր բիզնեսը շարունակի գործել ու հարկեր վճարել պետությանը: Բայց, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աճուրդի առաջին փուլով, որը 2019-ի դեկտեմբերի 18-ին պետք է կայանար, գնորդ չի գտնվել:

«Մենք շուտով աճուրդի երկրորդ փուլը կհայտարարենք, առայժմ բան չեմ կարող ասել, առաջին փուլով չեղավ»,-ասաց Նարեկ Բաբայանը: Նա հիշեցրեց, որ մեկնարկային գինը սահմանված էր 7,5 մլրդ դրամ, երկրորդ փուլով 5 տոկոսով կիջնի գինը: Երկրորդ փուլը, ըստ Բաբայանի, նախատեսված է եկող ամիս, սակայն դեռ օրը հստակ որոշված չէ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ, որ գնորդ չի գտնվել:

- Տարբեր կարող են լինել պատճառները, չեմ կարող միանշանակ պատասխան տալ, էլի: 

- Օրինակ՝ ի՞նչ տարբեր պատճառներով չպիտի ցանկանան ձեռք բերել այդ հյուրանոցը:

- Ոչ լիարժեք ինֆորմացիայի, մտավախությունների պատճառով, կա՛մ գինը բարձր լինի ուղղակի, կա՛մ լավ իրազեկված չլինեն ավելի լայն շերտեր:

- Իսկ հաշվարկ ունե՞ք, որ եթե այդ հյուրանոցը չհանձնվեր պետությանը եւ շարունակեր գործել, որքան օգուտ կստանար պետությունը վճարած հարկերի, մուլտիպլիկատիվ էֆեկտի մասով:

- Ոչ, չունենք:

- Չե՞ք կարծում, որ ավելի խելամիտ տարբերակ կլիներ, որ հյուրանոցը շարունակեր գործել, մինչեւ աճուրդի կհանվեր, եւ գնորդ կգտնվեր:

- Էդ հարցն իմ տիրույթում չէ:

- Բայց Դուք՝ որպես պետական գույքը կառավարող կոմիտեի նախագահ, ի՞նչ եք կարծում՝ արդյունավետության տեսանկյունից ճիշտ է, որ այդ գույքն աշխատի՞, թե՞ ամիսներով մնա ու ավերակի վերածվի:

- Ցանկացած գույք ճիշտ է, որ աշխատի, եւ կաշխատի:

- Իսկ ե՞րբ, կարո՞ղ է եւս մեկ-երկու տարի հյուրանոցն այդպես մնա:

- Չի մնա եւս մեկ տարի, երկու տարի:

- Ինչո՞ւ եք վստահ:

- Կվաճառվի հաստատ:

ՀԳ. Մենք տեղեկացանք, որ աճուրդի առաջին փուլի ժամանակ, իրականում, գնորդ եղել է, որը ցանկացել է մասնակցել աճուրդին եւ ձեռք բերել հյուրանոցը, սակայն վերջին պահին մտափոխվել է: Մեր տեղեկությամբ, նա օտարերկրյա գործարար է եղել, թե ինչու է վերջին պահին հետ կանգնել մտադրությունից, պատճառը, ինչպես մեզ բացատրեցին, եղել է «Բջնի» գործարանի շուրջ վերջերս առաջացած աղմուկը։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը ցանկություն ունի հետ վերցնել ժամանակին իրեն պատկանած գործարանը: Առաջին հայացքից, դրանով արդարությունն է վերականգնվելու, սակայն դրսից նայող մարդու համար դա սեփականության վերաբաշխում է եւ վտանգավոր՝ այսօր գործող բիզնեսմենների համար։ Ինչը նշանակում է, որ իրավիճակի փոփոխությունը սեփականության վերաբաշխման է հանգեցնում մեր երկրում:

Նշենք, որ «Գոլդեն փելեսը» Ծաղկաձորի ամենալավ աշխատող հյուրանոցներից էր, որը միլիոնավոր հարկեր էր վճարում պետությանը: Եվ հիմա, հայրենի կառավարության անպտուղ որոշումների հետեւանքով, երբ նախընտրում են գործող բիզնեսը որպես նվիրատվություն գործարարից «խլել» ու հետո ի վիճակի չեն աշխատեցնել, պետական բյուջեն զրկվում է այդ հարկերից: Գումարած դրան, որ հյուրանոցը նաեւ իր հերթին աշխատատեղ էր ապահովում, տնտեսական շրջանառություն՝ այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առեւտրի մեջ գտնվելով, նաեւ հյուրանոցում կազինո էր գործում, որը եւս տնտեսական էֆեկտ էր առաջացնում: