ԲՀԿ-ն դեմ է բոնուսներին, կողմ՝ 5 տոկոս անցողիկ շեմին

ԲՀԿ-ն դեմ է բոնուսներին, կողմ՝ 5 տոկոս անցողիկ շեմին
Արարատ Միրզոյանն այսօր ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հավատում է բանակցությունների հին և հրաշալի արվեստին։



«Ամեն ինչ իրականում շատ պարզ ա՝ մենք գնում ենք ընտրությունների, գործադիրը ունի նպատակ գնալ ընտրություների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով և ավելի առաջադիմական խաղի կանոններով։ Հիմա կհաջողվի՞ մեզ համոզել բոլոր ֆրակցիաներին համագործակցել էս հարցում՝ հիանալի, չի հաջողվի՝ պակաս հիանալի։ Բայց մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաև գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով կարողանանք կյանքի կոչել»,-ասաց Միրզոյանը։



Նրա խոսքով՝ այն, ինչ իրենք առաջարկում են, միանշանակ նպաստելու է քաղաքական դաշտի վերածննդին, կայացմանը։



ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ եթե իրենց համար սկզբունքային կետերն ընդունվեն, բնականաբար, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի։ Բայց շատ մանրամասներ չցանակցավ ներկայացնել, քանի որ քննարկումները դեռ չեն ավարտվել։



«Մեր կողմից ներկայացված առաջարկություններն ունեն խորը տրամաբանություն, և մենք ներքին համոզմունք ունենք, որ մեր մյուս գործընկերների կողմից էլ ընկալելի կլինեն մեր առաջարկությունները»,-ասաց Էնֆիաջյանը։



Պատգամավորի խոսքով՝ իրենք հստակ գտնում են, որ 5 տոկոս անցողիկ շեմը քաղաքական ուժերի համար որոշակիորեն ստուգատես է՝ հասկանալու, թե որ քաղաքական ուժերը կարող են մասնակցել։



«Եվ պետք է կրկնվեմ, որ արհեստական բոնուսներով մասնակցություն ապահովելով մենք արհեստական քաղաքական մասնակցություն ենք ստեղծելու՝ դրանից բխող բոլոր արհեստական գործընթացներով»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**