Մեքսիկական նախաճաշ՝ «Չելաքիլես»

Մեքսիկական նախաճաշ՝ «Չելաքիլես»
**«Չելաքիլեսը» (Chilaquiles) **մեքսիկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է, որի հիմքում եգիպտացորենի լոշիկն է, կծու սոուսը հագեցված մսային բաղադրիչով։ Ընդ որում մսային մասը կարող է եւ լինել, եւ չլինել։  Առհասարակ Մեքսիկայում սա անվանում են «չքավորների ճաշատեսակ», քանի որ կարելի է պատրաստել այն ամենով, ինչ մնացել է օրինակ երեկվանից, եւ այս առումով նման է տնային պիցցային, այսինքն պատրաստիր ինչ ձեռքիդ տակ կա խոհանոցում։ Գլխավոր բաղադրիչն իհարկե եգիպտացորենի չիփսերն են կամ տորտիլիաները, որոնք կարող են լինել ասենք նախորդ օրվա տորտիլիաների մնացորդները։ Եվ այսպես սկսենք ներկայացնել, թե ինչպես է այն պատրաստվում



**Բաղադրիչները․**



1․ 12-14 հատ եգիպտացորենի չիփս։ Այպես, եթե վերցնում եք խոշոր կլոր լոշիկ, ապա քանակը պահպանում եք արդեն նշվածի համաձայն, իսկ եթե վերցնում եք եռանկյունաձեւ չիփսերը, ապա ամեն մի կլոր խոշոր լոշիկի դեպքում հաշվում եք վեց եռանկյունաձեւ եգիպտացորենի չիփս։



2․ Երկու բաժակ կծու սոուս։ Սոուսը կարող է լինել ամենատարբեր տեսակի։ Մեքսիկայում ինչն է շատ՝ սոուսները։ Դրանք կարող են լինել կարմիր պոմիդորից, կանաչ պոմիդորից, չիպոտլե պղպեղով, եւ այլն։ Սոուսները հիմնականում տարբերվում են գույնով եւ կծվության խտությամբ։ Արտաքինից սոուսը նման է մեզ ծանոթ աջիկային, սակայն շատ ավելի կծու է եւ մի տեսակ սալորային թթվահամ ունի։



3․ Կես բաժակ ջուր։



4․ Կես հավի մանրացված գրիլ արված միս։ Կարելի է պարզապես եփված հավի մանրացված միս էլ լցնել, եթե գրիլ չկա, կարելի է պարզապես հանել մսային այս բաղադրիչը, եթե այդ պահին չկա։ Եթե միս չկա կարող եք ավելացնել սունկ։



5․ Երկու բաժակ քերած Չեդեր պանիր։  Կարելի է օգտագործել նաեւ անալի փխրուն պանիր, նաեւ նոր պատրաստված։



6․ Մեկ/քառորդ կտրտված պոմիդոր։ Պարզապես մեկ քառորդ պոմիդորը կտրատեք խորանարդիկաձեւ։



7․ Մեկ/քառորդ կտրատված սոխ։ Սոխը նույնպես պետք է կտրատել խորանարդիկաձեւ։ Վերջում զարդարելու համար կարելի է սոխ կտրատել նաեւ շրջանակաձեւ։



8․ Թթվասեր։ Թթվասերի քանակը ըստ քիմքի ու ճաշակի։ Այն պարզապես ավելացվում է որպես սոուս՝ պատրաստի ճաշատեսակի կողքին։



**Պատրաստման եղանակը։**



Խորը թավայի մեջ լցնել ջուրը, կտրատված հավի միսը կամ գրիլը, սոուսը, եւ սկսեք եփել մարմանդ կրակի վրա։ Հաշվի առեք, որ հավի միսն արդեն եփված է եւ խառնուրդը միայն լավ տաքացրեք։ Ավելացրեք եգիպտացորենի լոշիկները կամ չիփսերը եւ խառնեք։ Սպասեք մինչեւ չիփսերը փափկեն, սակայն թույլ չտաք, որ դրանք սկսեն տարրալուծվել խառնուրդի մեջ։ Վերցրեք թավան կրակի վրայից։ Ավելացրեք զանգվածի վրա 1,5 բաժակ քերած պանիրը եւ ամբողջը լցրեք հատուկ ամանի մեջ որը պետք է տեղադրվի դեռ ջեռոցում։ Ապա ավելացրեք սոխն ու պոմիդորը։ Ամանը այս ողջ զանգվածով դրեք ջեռոց մեկ րոպե կամ մի քիչ ավել, մինչեւ զանգվածի վրա կապվի ոսկեգույն կեղեւ։ Կարող է դա տեւի մինչեւ երեք կամ չորս րոպե։ Ամանը հանեք ջեռոցից եւ տասը րոպե թողեք որ սառչի։ Ապա ավելացրեք մյուս բաղադրիչները եւ թթվասերը։ Կարող եք ավելացնել վերջում նաեւ ավոկադոյի սոուս եւ մատուցել։