Հասարակական պսիխոզի և բազմակարծության սահմանները

Հասարակական պսիխոզի և բազմակարծության սահմանները
Հայաստանում հեղափոխական շարժումն ինքնաբերաբար չի սկսվել, ոչ էլ խմբակային ընդվզման հետեւանք է։ Կազմակերպիչը եղել է ՀՀ ԱԺ գործող պատգամավոր, քաղաքական հարուստ անցյալ ունեցող քաղաքական գործիչ, որն իր ընտրողների պահանջները կյանքի կոչելու համար նախկինում դիմել է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներին։ Սակայն երկրում հասունացող ճգնաժամը, որը չէր կարող չսպառնալ մեր պետականությանը, նրան դրդեց ժողովրդական շարժում կազմակերպել։ Հեղափոխությունը տրամաբանորեն հասունացած, կենսականորեն պահանջված, քաղաքակիրթ եղանակներով կատարված քաղաքական անհնազանդության գործողություն է եղել, որը պարզ ծրագիր է ունեցել՝ ազատել Հայաստանը ոչ լեգիտիմ, կլանային իշխանությունից եւ սահմանադրական կարգով օրինական իշխանություն հաստատել Հայաստանում։ Այդ հեղափոխությունն իր հաղթարշավն ապրեց ու քաղաքակրթության պատմության մեջ մեծ եղելություն է, երբ դանակը ժողովրդի ոսկորին հասցրած իշխանությունների դեմ ժողովուրդը, այն էլ հայերի պես ըմբոստ ժողովուրդը, առանց որեւէ կրակոցի ու տհաճ պատահարի, քաղաքական հեղափոխություն կատարելու գործում աշխարհի համար օրինակ ծառայեց։ Հեղափոխության առաջին կարեւոր հաղթանակից հետո անցել է արդեն 4 ամիս։ Ամեն ինչ գնում է իր հունով, ավելին՝ հեղափոխությունն ամեն օր ապացուցում է իր կենսական կարեւորությունը։ Մեզ մոտ պետության ղեկավարի վերաբերյալ ձեւավորվել էր մի պատկերացում, որ այդ անձը պետք է ժողովրդին երեւար յոթ տակ շրջափակված, զինված թիկնազորով եւ կիլոմետրանոց «ջիպ»-երի շարասյուններով։ Այսօր Երեւանի փողոցներում կարող ես հանդիպել ՀՀ նախագահին, նախարարներին եւ վարչապետին։ Սա մեծ բան չի թվում, սակայն թուլացնում է հոգեբանական լարվածությունն ու ապագայի նկատմամբ ունեցած տագնապը։



Մեդիահարթակներում շրջանառվող հակահեղափոխական դատարկաբանությունների ու հայհոյախոսական ռեպլիկների հետեւում կանգնած են անձինք, որոնք, Վիլյամ Սարոյանի խոսքերով ասած՝ ասել գուզեն, որ իրանք ալ մարդ են։ Կա նաեւ քոչարյանական դարերից եկած հրապարակախոսների բանակ, որը հեղափոխության վրա իբր հույս դրած ու իբր արդեն հիասթափվածների կերպարի մեջ է մտել։ Կա նաեւ տեղին զարմացածների մի խումբ, որը մտածում է՝ ինչպե՞ս եղավ, որ ԱԱԾ-ի հուղարկավորական նվագի տակ Քոչարյանի քաղաքական դիակը «քոչարի» է պարում, еще музыку заказывает։ Ասում են՝ Պուտինը շուտով Հայաստան է գալու՝ за одно Քոչոյին էլ կտեսնի։ Оказывается, если Магомед ни идет к горе, то гора идет к Магомеду։



«Տժժացող ժարիտի» վրա սառը ջուր լցրեցին գաղտնալսողները։ Բանից պարզվեց, որ Վանեցյանն ու էն մյուս պաշտոնյան խոսել գիտեն, այն էլ՝ հեռախոսով։ Ճիշտ է՝ նրանց կողմից չզսպված հայհոյախոսությունը «եթերում» լավ բան չէ։ Մի ժամանակ տաքսիստներին ռացիաներով հայհոյախոսելու համար տուգանում էին։ Այնպես որ՝ ԱԱԾ-ն մեր լեզվաբանության կոմիտեին մի քանի շիշ լավ արաղ է պարտք։ ՀՀԿ-ի հոգեվարքի պատկերը նույնպես սրտակեղեք է։ Այս ոզնին մշուշի մեջ մեկ-մեկ ծակծկում է։ Սերժը ծպտուն չի հանում։ Փիլիսոփայական բարձր պահվածք է ցուցադրում։ Նա իր «բարձրությունից» չի ուզում իջնել՝ խեղդվելուց խիստ վախենում է, համ էլ Վաչոն փողերի գլխին արդեն ավետարան է կարդացել, Դեդ Հասանն էլ էն աշխարհից «за базарь ни отвечает»։ Մնացել է «Доля воровская» լսել, ճամփա գնալ ու հավիտյան երազել։



Իշխանությունն արհեստ է, ընդդիմությունը՝ արվեստ։ Մեր ԱԺ-ն՝ ազգային ժխորը, հոգեբուժարանին տվել անցել է՝ ինչքան գժական գնացողներ կան, այստեղ են հավաքվել։ Օրերով տրվում են դատարկ բանավեճերի՝ կեղծ տարակարծություն խաղալով։ Շատերն էլ իրենց էշի տեղ դնելով՝ «պետականախոհեմություն» են կռում։ Մեկը չկա, ասի՝ ձեզ ո՞վ է ընտրել, որ դուք էլ սատանաների հետ կռիվ եք տալիս։ Ոչինչ, այդ փուչիկն էլ կպայթի։



Ծանր է մեր տնտեսության վիճակը, չի մխիթարում նաեւ շուկայական բոհեմը։ Ներդրողներ չկան, խռովել են։ Նիկոլն էլ, մեր բախտը մեր հետ է, կոռուպցիաֆոբիայով է տառապում։ Ասա՝ այ մարդ, մի քանի միլիարդ դոլար ներդրող ճարի, քո գործն արա հիսուն-հիսուն, քո փայից մի քիչ տուր այսօրվա նահանջահաչ տվողներին, տես ոնց են օրորոցային երգում։ Երկրի արտաքին պարտքերն էլ թող պատմաբաններին։ Ժողովուրդը, մեկ է, քրոնիկ աղքատությունից խելքի չի գա, իսկ եթե մտածում ես, որ մի օր դրա համար մորուքդ կփետի, ապա ժողովրդի փուքսը թողնելու շատ տեխնոլոգներ կան։ Րաֆֆի ունենք՝ աշխարհը չունի։ Վիպասանը չէ՝ սուտասանը։ Մի քիչ փող ես տալիս, էս սոված ժողովրդին հավաքում է, ինչպես հին ու բարի ժամանակներում, այնքան է վանկարկել տալիս ու ոտքի վրա պահում, որ հազիվ չոքեչոք տուն են հասնում ու մոռանում ամեն ինչ։ Իսկ ինքը սպառնում է դիմել Եվրադատարան, հետո ծոցում պահելով մի բուխանկա հաց ու մի բոյ կալբաս՝ կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարում, մինչեւ գումարը նստի քարտի վրա։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_