Քոչարյանի օրոք ճնշում էր, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ ո՞չ

Քոչարյանի օրոք ճնշում էր, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ ո՞չ
Երեկ վաղ առավոտից Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում անսպասելի հյուրեր էին հայտնվել ու մի քանի ժամ շարունակ դուրս չէին գալիս տարածքից։ Քննչական կոմիտեի եւ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն «Էրեբունի պլազայի» 5-րդ հարկում խուզարկություն էին իրականացնում։ Իրավապահների «հեղափոխական» տրամաբանությունը հուշել էր, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրության օրիգինալը պետք է փնտրել այն լրատվական կայքերի համակարգիչներում, որոնք առաջիններից մեկն են հրապարակել այն։ Առաջիններից մեկն այն հրապարակել էր Yerevan.today-ը։



Ավելի քան 6 ժամ խմբագրությունը քրքրելուց հետո, ժամը 4-ի սահմաններում իրավապահները մի շարք փաստաթղթեր, կրիչներ եւ համակարգիչներ շալակած՝ դուրս եկան Yerevan.today-ից։ Ի դեպ, հիշեցնենք, որ այս կայքը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Խուզարկությունից հետո կայքի խմբագիր **Սեւակ Հակոբյանն** ասաց, որ առգրավել են ինչպես իր համակարգիչը, այնպես էլ խմբագրության մի շարք այլ համակարգիչներ, այդ թվում՝ երկու տարի ընդհանրապես չմիացված համակարգիչ։ Նրա համար այս ամենը տարօրինակ է, դեռ պետք է խորհրդակցի փաստաբանների հետ, քանի որ նրանք 7 կետով խախտում են առանձնացրել իրավապահների գործողություններում։ Այնուհետեւ կորոշեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։ «Ավելի լավ ճնշում էլ ո՞րն է, երբ որ գալիս են, մի քանի ժամ ստուգում են, դրանից հետո ստուգում են քո բոլոր փաստաթղթերը, կապ չունի՝ գործի մասին են, գործի մասին չեն, պայմանագրեր են ստուգում, հազար ու մի բան են ստուգում, էլ ճնշումը ո՞րն ա։ Այսինքն՝ մենք հայտարարություն էինք տվել, որ ընդունում ենք աշխատանքի լրագրողներ՝ ամիսներ առաջ, ռեզյումեները պահել էինք։ Նրանք էդ ռեզյումեները մանրակրկտորեն նայում էին, ես չգիտեմ՝ գուցե նրա՞նց էլ գնան խուզարկեն»,- տեղի ունեցածը գնահատեց Սեւակ Հակոբյանը։



Իրավապահների կողմից կասկածելի տրամաբանության խուզարկությունները մեզանում նորություն չեն․ դրանք եղել են ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի օրոք պիտի չլինեին, բայց նոր թափով են իրականացվում։ Ընդ որում՝ իրավապահների գործողություններից Քոչարյանի օրոք տուժել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ «Հայկական ժամանակի» խմբագիրն էր։ Միայն այն է փոխվել, որ այն ժամանակ լրագրողական կազմակերպություններն ու լրատվադաշտը համարձակ արձագանքում էին, հիմա լռում են։ Լրագրողական կազմակերպությունները երեկ չշտապեցին գնահատական հնչեցնել կամ հայտարարություն տարածել՝ առաջարկեցին սպասել իրավապահների գնահատականներին։ Միայն Ժուռնալիստների միության նախագահ **Սաթիկ Սեյրանյանը** մեզ ասաց, որ սա, իհարկե, ճնշում է լրատվամիջոցի նկատմամբ։ «Բնականաբար, դատապարտելի է այս երեւույթը, եւ եթե նախկին իշխանությունների ժամանակ լիներ, մամուլը նույնիսկ ավելի կոշտ կարձագանքեր, ոչ միայն մամուլը, այլեւ՝ հասարակությունը։ Առայժմ զերծ կմնամ հայտարարություն տարածելուց»,- ասաց տիկին Սեյրանյանը եւ նշեց, որ չի ուզում վնասել նախաքննությանը։ Ու չնայած Քննչական կոմիտեն բարձրացված աղմուկից հետո հայտարարություն տարածեց, որ Yerevan.today-ում իրականացվող խուզարկությունը որեւէ կերպ առնչություն չունի կայքի կողմից իրականացվող լրագրողական գործունեության հետ, Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը։



Իսկ, ահա, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ **Աշոտ Մելիքյանն** առհասարակ խուսափեց որեւէ գնահատական տալուց, այդ թվում՝ սա լրատվամիջոցի նկատմամբ ճնշում որակելուց։ Նրա համար ընկալելի են իրավապահ մարմինների գործողություններն այն առումով, որ սա շատ արտառոց երեւույթ է, երբ գաղտնալսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը։ Սա այնպիսի բան է, որ, ըստ Մելիքյանի, պետությունն ուղղակի պարտավոր է մինչեւ վերջ հետաքննել։ «Եվ եթե որեւէ փաստարկ ունի, թե ինչու պիտի խուզարկություն իրականացնի լրատվամիջոցի խմբագրությունում, իհարկե, պետք է անցկացնի, որովհետեւ սա իսկապես պետության անվտանգության հարց է»,- քննչական գործողություններին ըմբռնումով վերաբերվեց նա։ Իսկ, անկախ իրավապահների հիմնավորումներից, արդյոք ճնշում չէ՞ սա կոնկրետ լրատվամիջոցի վրա։ Մելիքյանը վաղ համարեց նման գնահատականներ տալը, քանի որ առայժմ գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել, միայն դրանից հետո կերեւա՝ դրանով ճնշո՞ւմ է գործադրվել լրատվամիջոցի վրա, թե՞ ոչ։ «Որովհետեւ մեծ հաշվով այդ մարմինները չեն ասել, թե ինչու եք հրապարակել կամ այլեւս չհրապարակեք, կարծես թե այդպիսի արգելքներ դեռ չկան։ Մյուս կողմից՝ մենք չունենք այն հիմնավորումները, որոնք որ հիմք են հանդիսացել այդ գործողությունները կատարելու համար։ Տեսնենք, թե ում հիմնավորումներն ավելի շատ կլինեն, բայց կարծում եմ՝ էստեղ նաեւ դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, կարծում եմ՝ էստեղ նաեւ քաղաքական ենթատեքստ կա»,- ասաց Մելիքյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**