Սերժի Վաչոյի փաստաբանը ՀՔԾ-ին բանկային գաղտնիքի հրապարակման մասին հարց է տվել

Սերժի Վաչոյի փաստաբանը ՀՔԾ-ին բանկային գաղտնիքի հրապարակման մասին հարց է տվել
«Սիրո եւ հանդուրժողականության» բառերի հեղինակները հոգու խորքում երեւի փոշմանել են մեր հեղափոխության հետ դրանք կապելու համար։ Այդ բառերը հաճախ են նետվում նոր իշխանության երեսին, եւ եթե դրանք չլինեին, շատերը, այդ թվում նաեւ օլիգարխները, հարստացած նախկին չինովնիկները, որոնք համալրել են գործարար մարդկանց դասը, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, նրա կինը, Սերժ Սարգսյանի եղբայրները, «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, նախահեղափոխական ժամանակների մյուս մեծահարուստները կիմանային իրենց անելիքը։



**Սաշիկը պատասխանեց Նիկոլին**



Բիզնեսը հաշվարկ է սիրում։ Օրինակ, էքսնախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը եթե իմանար, որ ատելության եւ թշնամանքի հեղափոխություն է եղել, ոչ թե սիրո, չէր պահի իր 30 մլն դոլարը հայկական բանկերից մեկում, այլ կդներ արտասահմանյան բանկում։ Այդ դեպքում այն հազիվ թե հայտնվեր իրավապահների տեսադաշտում, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Դավթաշենում տեղի ունեցած միտինգի ժամանակ չէր հայտարարի, որ Սաշիկ Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար՝ բացատրելու համար, որ հայտնի զրույցի գաղտնալսումը կոռուպցիոն բացահայտումներ անողներին վարկաբեկելու ակտ էր։ Ի դեպ, Դավթաշենի միտինգից անմիջապես հետո երրորդ նախագահի եղբայրը թիկնապահների հետ լավ տրամադրություն ցուցադրելով՝ դուրս էր եկել մարդաշատ Սայաթ-Նովայի փողոց եւ նստել սրճարաններից մեկում՝ նախապես մեքենան կայանելով անթույլատրելի մասում՝ ուղիղ փողոցի մեջտեղում։ Նույնկերպ կայանված են եղել նաեւ նրա երկու թիկնապահների ավտոմեքենաները, եւ ոչ մի ոստիկան նրանց չի մոտեցել։ Սա պատասխանն էր Նիկոլին։ Ժողովրդի լեզվով սա նշանակում է․ «Դեռ կամ»։



**Դա պարտքով փող չի, որ մեկը մյուսին վերադարձնի**



Նախկին «օդիոզների» դեմ հարուցված քրեական գործերով նվազագույն տեղեկություններ են տրվում, ինչը հանրային մեծ հետաքրքրության պայմաններում չճշտված տվյալներ, հերքումներ է ծնում։ Անցյալ շաբաթ լուր տարածվեց, թե հետ են վերադարձվել «սիրո եւ հանդուրժողականության» եւս մի զոհի՝ Սերժի Վաչոյի գումարները: ՀՔԾ-ն եւ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքեցին այս տեղեկությունները։ «Դա պարտքով փող չի, որ մեկը մյուսին վերադարձնի, օրենքով սահմանված ընթացակարգեր կան, հիմքեր կան»,- ասում է փաստաբանը։ Օդում կախված մյուս լուրը, որը չի հաստատվում, այն է, որ Ղազարյանի զարմիկը՝ ռուսահայ ինչ-որ գործարար, ներկայացել է իրավապահներին եւ ասել, որ Ղազարյանի մոտ հայտնաբերված գումարն իրենն է, որ ինքն է ի պահ տվել դրանք Վաչագան Ղազարյանին։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանն ասաց․ «Նման բան չի եղել»։ Որեւէ նորություն նախաքննության ընթացքի վերաբերյալ նա չկարողացավ հայտնել։ Նախկին նախագահի թիկնազորի պետը մեղադրվում է երկու քրեական հոդվածներով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու (314.3), ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (310.1), այն բանի համար, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, նաեւ ապօրինի հարստացել է: Ապօրինի հարստացման վերաբերյալ հոդվածը կիրառվում է առաջին անգամ։ Նա ձերբակալվել էր հունիսի 25-ին՝ Յունիբանկից դուրս գալու պահին, իսկ պայուսակում եղել էր մոտ կես միլիարդ դրամ, 120 հազար ԱՄՆ դոլար, եւ մի 50 հազար դոլար էլ հայտնաբերել էին մեքենայի մեջ։ Նա բացատրել էր, որ գումարներն իրենը չեն, եւ ինքը պետք է հանձներ տիրոջը։ Դեպքի կապակցությամբ տարածված ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ «օպերատիվ տեղեկատվություն» կա, թե Ղազարյանը պատրաստվում էր կանխիկացնել Արդշինբանկում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ըստ Ղազարյանի, նա մոռացել էր հայտարարագրել այդ գումարները։



**Լավ չէ՞, որ մեր բանկերում են փողերը պահում**



Փաստաբանը դիմել է նախաքննության մարմնին։ Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու Յունիբանկից եւ պատրաստվում է գնալ Արդշինբանկ՝ այնտեղից էլ փող հանելու, արդյոք չի՞ խախտվել բանկային գաղտնիքը՝ հարց, որը գործարար օլիգարխների դեմ պատերազմի պայմաններում խիստ արդիական է։ Այս հարցը վարույթն իրականացնող մարմնի առաջ դրել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Դեռ պատասխան չի ստացել։ «Մենք այդ բոլոր փաստերը, մեր դիտողություններն այդ մասով ներկայացրել ենք նախաքննության ընթացքում, որոնք օրենքով սահմանված լուծում կստանան»,- ասաց նա՝ չբացահայտելով պաշտպանական մարտավարությունը։ Հնարավո՞ր է, որ բանկերն ԱԱԾ-ին տեղեկացրած լինեն։ «Դա այնպիսի գործողություն է, որը Քրեական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորվում է։ Եթե այդ տեղեկությունները նախաքննության մարմինը ձեռք էր բերել, դրա համար օրենքով սահմանված ընթացակարգ կա, որը պետք է պահպանված լինի։ Նախաքննության մարմինը պետք է մեզ ներկայացնի դա։ Այս պահին չի ներկայացրել։ Դա իր ժամկետը, իր փուլն ունի»։ Ըստ Արմեն Հարությունյանի, Վաչագան Ղազարյանի ռուսաստանաբնակ զարմիկի մասին լուրերը չափազանցված են։ «Մենք ընդամենը ասել ենք, որ գրավը, որը որ վճարվել է՝ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար, իր գումարներից չի վճարվել։ Պարզ է, որ նրա գումարներն արգելանքի տակ են։ Այո, ինքը չի տվել դրանք։ Մնացածը երեւակայության արդյունք է»,- ասաց Արմեն Հարությունյանը։ Նա նաեւ հայտնեց, որ նախաքննությունը Վաչագան Ղազարյանի գործով ակտիվ փուլում է, սակայն նախաքննության եւ իր պաշտպանյալի շահերից ելնելով՝ նոր տվյալներ չհայտնեց։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**