Մարզպետը համայնքի կնիքը չի տալիս

Մարզպետը համայնքի կնիքը չի տալիս
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները պատրաստվում են բողոքի ցույցեր անել ընդդեմ մարզպետ Գագիկ Միրիջանյանի։ «Նրանք մտադիր են մինչեւ ինքնավնասման գնալ, միայն թե մարզպետը հետ վերադարձնի համայնքապետարանի կնիքը, որը համայնքապետն առգրավել է ապօրինի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասել է Եղեգնուտի, կարելի է ասել՝ արդեն նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը, ով հուլիսի 3-ին Միրիջանյանի ճնշման ներքո հրաժարականի դիմում է գրել, սակայն հաջորդ օրը համայնքի ավագանին չի հաստատել նրա դիմումը։ Սակայն դա չի խանգարել, որ վարչապետի կողմից մարզպետ նշանակված Միրիջանյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի իր մարդուն եւ կնիքն էլ հանձնի նրան։ Ձեռքերը ծալած չի նստել նաեւ Մարգարյանը․ օգոստոսին վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով «մարզպետի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 2 որոշումը ոչ իրավաչափ եւ անվավեր ճանաչել, վարչական ակտի հնարավոր բացասական հետեւանքները վերացնելու նպատակով թիվ 2 որոշման կատարումը կասեցնել` համայնքի կնիքը վերադարձնել համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին եւ միջոցներ ձեռնարկել նրա աշխատասենյակն ազատելու ուղղությամբ»:



Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին, բայց մինչեւ վերջնական որոշում ընդունելը սեպտեմբերի 6-ին դատարանը «վարչական ակտի հնարավոր բացասական հետեւանքները վերացնելու նպատակով թիվ 2 որոշման կատարումը կասեցրել է»։ Սակայն դատարանի որոշումից մոտ երկու շաբաթ անց էլ Միրիջանյանն այն չի կատարում։ Ռազմիկ Մարգարյանը մեզ հայտնել է, որ նոր իշխանության հետ, հավանաբար, իրենց մեթոդներով պետք է խոսել, եւ եթե մարզպետը շարունակի կնիքն իր մոտ պահել, իրենց գյուղը ոտքի կկանգնի․ «Համագյուղացիները՝ 540 մարդ, ստորագրություն հավաքեցին, անձնագրային տվյալներով դիմում ենք ուղարկել վարչապետին, բայց դեռ պատասխան չենք ստացել, երեւի մենք էլ պիտի հանրահավաք անենք, որ էս հարցը լուծվի»։ Ի դեպ, համայնքապետն ասել է՝ բնականոն աշխատանքի պարալիզացման պատճառով գյուղը զրկվել է կարեւոր մի ծրագրից, որը վերաբերում էր շուրջօրյա ջրամատակարարմանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**