Օրբելյանի «դասերն» ու դարձյալ «Գայանե» բալետի «տապալված» հյուրախաղերի մասին

Օրբելյանի «դասերն» ու դարձյալ «Գայանե» բալետի «տապալված» հյուրախաղերի մասին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել առաջիկա հյուրախաղերի եւ նոր թատերաշրջանի ծրագրերի հետ կապված, բայց իրականում հանդիպումն ասուլիս-ռեւանշի տպավորություն թողեց, որտեղ օպերային թատրոնի տնօրինությունը փորձում էր «հաշվեհարդար» տեսնել մամուլում տեղ գտած այն հրապարակումների հետ, որոնք, հղում անելով ռուսական «Կոմերսանտին» եւ ոչ միայն նրան, անդրադարձել էին «Գայանե» բալետի հյուրախաղերին Մեծ թատրոնի բեմում՝ անվանելով դրանք տապալված։



Ասուլիսի բանախոսների թվում էին թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, բեմադրող ռեժիսոր Նարինե Ստեփանյանը, բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը, հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկը եւ գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը։



Նախ խոսվեց սեպտեմբերի 6-15-ը Դուբայի օպերային թատրոնում նախատեսված հյուրախաղերից, Բիզեի «Կարմեն» եւՄոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների պրեմիերաներից, որից հետո հերթը հասավ նաեւ «Գայանե» բալետին։ **Արմեն Գրիգորյանը** խորհուրդ տվեց լրագրողներին չառաջնորդվել ռուսական «Կոմերսանտ» թերթի գրախոսականով, որը, ըստ նրա, Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում, եւ փոխարենը նայել «Կուլտուրա» հեռուստաալիքի անդրադարձը, որը ցուցադրվում էր սրահի մեծ հեռուստաէկրանին։ Գրիգորյանն ասաց՝ «Գայանեն» մեծ հաջողություն է ունեցել, եւ որպես դրա հիմնավորում՝ նշեց․ «Եթե վատ ներկայացում լիներ, Մեծ թատրոնի տնօրինությունն ինքը թույլ չէր տա, որ այն բեմ բարձրանա, ի՞նչ է նշանակում՝ տապալված ներկայացում, որ ամբողջ աշխարհով մեկ Հ1-ով տալիս եք եթեր, ի՞նչն էր դրա տապալվածը, կարո՞ղ եք ասել»։ Դիմելով Հ1-ի լրագրողին՝ վրդովված այսպես ասաց Գրիգորյանը, ում մեղմորեն փորձում էր հանգստացնել Օրբելյանը՝ լրագրողներին բաժանելով ռուսական մամուլում տեղ գտած դրական հրապարակումները։ Գրիգորյանը շարունակեց՝ «Գայանեն» այնքան լավ է ընդունվել Մեծ թատրոնի բեմում, որ առաջարկել են հաջորդ հյուրախաղերի ժամանակ բերել Խաչատրյանի «Դիմակահանդեսը», բայց, չգիտես ինչու, արդեն Մարիինյան թատրոնի բեմում ցուցադրելու համար։



**Կոնստանտին Օրբելյանը** հիշեց, որ ինքը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ միասին այնքան հպարտ էր, երբ նայում էր մինասավետիսյանական դեկորացիաներին՝ Մեծ թատրոնի բեմում։ «Դա ուղղակի հրաշք էր, դա Մինասն էր, Խաչատրյանը, Հայաստանը, դա մենք էինք՝ Մեծ թատրոնի բեմում։ «Գայանեն» Մեծ թատրոնի բեմում եղել էր մեկ էլ 60 տարի առաջ, իսկ մեր բալետային խումբը երբեք չէր պարել «Գայանեն»։ Միացրեք, խնդրում եմ, հեռուստացույցի ձայնը՝ թող նայեն»,- դիմելով ադմինիստրատիվ կազմից մեկին՝ ասաց Օրբելյանը՝ մատնանշելով «Կուլտուրայի» պատրաստած ռեպորտաժը։ Այդ պահին սրահում ոտքի կանգնեց մի տղամարդ, ով ասաց, որ ինքը նույնպես ներկա է եղել այդ օրը եւ կարող է փաստել, որ «Գայանեն» հրաշալի է ընդունվել։ Ապա սկսեց համոզիչ փաստարկներ բերել, մասնավորապես այն, որ ոչ միայն դահլիճը, այլեւ նույնիսկ պետական պաշտոնյաներն են հոտնկայս ծափահարել բալետային խմբին, որոնց մեջ են եղել ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարները, վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Մեծ թատրոնի տնօրենը, որոնք թեեւ չինովնիկներ են, բայցեւայնպես, հասկանում են մշակույթից։



Այնպիսի տպավորություն էր, թե բանախոսները հավաքվել էին լրագրողներին դասեր տալու եւ գրաքննելու նրանց մասնագիտական խոսքի իրավունքը, այն դեպքում, երբ արժեր խորամուխ լինել եւ հասկանալ, թե ինչու են վերջին տարիներին պարբերաբար անանուն կամ հասցեական նամակներ, բողոքներ, դժգոհություններ հայտնվում մամուլի էջերում։ Օրբելյանը չգիտի, թե որտեղից են գալիս օպերային թատրոնի շուրջ անառողջ խոսակցությունները։ Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք կան՝ չի հերքում։ «Օրինակ՝ տանիքը կաթում է, եւ փող չկա այն վերանորոգելու համար, գործիքների համար նոր լարեր են պետք, բայց բյուջեն չի բավականացնում, քանի որ 85 մլն-ի չափով կրճատել են մեր բյուջեն։ Ես եմ վճարում «Կարմենի», «Կախարդական սրինգի» նոր բեմադրության համար, թատրոնը, պետությունը մի դրամ էլ չի տվել»,- ասում է նա։



Ինչ վերաբերում է նրան, որ նախօրեին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրել էր, որ օպերային թատրոնի խնդիրներն իրեն ներկայացվել են թե՛ գրավոր, թե՛ բանավոր, եւ սպասում է Օրբելյանին, ով արձակուրդից վերադառնալուց հետո պիտի ներկայացնի այն քայլերը, միջոցառումները, որոնք ձեռնարկելու է Օպերայի առողջացման եւ դրա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ, Օրբելյանն ասաց, որ ինքը նախարարի հետ միշտ է խոսում եւ ոչ միայն ծրագրեր է ներկայացնում նրան, այլեւ դրանք իրականացնում է։



Խոսք գնաց նաեւ գլխավոր դիրիժորի հաստիքի մասին։ Այս առիթով Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ դեռ Գեղամ Գրիգորյանի օրոք այդ հաստիքը վերացվեց, եւ, որպես այդպիսին, այժմ չկա նման հաստիք թատրոնում։ Անդրադառնալով գեղարվեստական ղեկավարի եւ թատրոնի տնօրենի պաշտոններին, որը, նախարարի համոզմամբ, պետք է առանձին մարդիկ զբաղեցնեն, Օրբելյանը նշեց, որ դեռ Չեքիջյանի, Լեւոնյանի օրոք այդ 2 հաստիքները համատեղվում էին, ինչպիսի պրակտիկա կա նաեւ ամբողջ աշխարհում․ «Ես նրան ասացի, որ պայմանագիրս այսպիսին է, թույլ տվեք աշխատել: Եթե ինչ-որ բան դուր չի գա, խնդրեմ, հետո կուզեք՝ փոխեք, իսկ հիմա անում եմ այն, ինչ համարում եմ ճիշտ եւ պետքական»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**