ՀԱԿ-ի անդամը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

ՀԱԿ-ի անդամը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում
Երեւանի ավագանու գալիք ընտրությունները, որոնք իշխանափոխությունից հետո խոստանում են լինել ազատ եւ արդար, հասցրել է մատուցել որոշ անակնկալներ։ Այդ անակնկալներից մեկն այն է, որ քաղաքական պայքարից դուրս մնացին փորձառու, ճանապարհ անցած, գրագետ թիմ ունեցող կուսակցությունները, փոխարենը հայտնվեցին հապճեպ ստեղծված եւ երկարաժամկետ հեռանկարներ չունեցող, Երեւանի կառավարման մասին հստակ պատկերացում չունեցող ուժեր։ Անակնկալ էր, որ «Հայ ազգային կոնգրեսը», համաձայն իր հայտարարության՝ հրաժարվեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Հանրությանը ոչ այնքան հայտնի «Առաքելությունը» 2017թ․ ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում էր մասնակցում, հիմա էլ նախընտրեց տեղ գտնել «Իմ քայլը» դաշինքում։ «Ինչո՞ւ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին» հարցին ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Չենք մասնակցում եւ աջակցություն ենք հայտնել «Քաղաքացիական պայմանագրին»։ Շատ պարզ է մեր դիրքորոշումը»։



Հարցին, թե «ՔՊ»-ի կողմից չի՞ եղել առաջարկ, որ մասնակցեն նույն դաշինքով, մեր զրուցակիցն ասաց․ «Ես տեղյակ չեմ»։ ՀԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ իրենք պաշտոնապես հայտարարություն են արել, որ աջակցում են «ՔՊ»-ին եւ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն, որ իշխանական դաշինքը հաջողության հասնի։ «Այս խնդիրները ոչ թե կուսակցական են, ոչ թե մրցակցության հարց են, այլ հեղափոխության վերջնական հաղթանակի եւ հակահեղափոխության պայքար է ընթանում։ Եվ մենք կարծում ենք, որ այս ձեւով ավելի շատ կնպաստենք հեղափոխության հաղթանակին, քան՝ մասնակցությամբ»,- ասաց Աշոտ Մանուկյանը։



Թե ինչպես են պատրաստվում աջակցել «Իմ քայլը» դաշինքին՝ Աշոտ Մանուկյանը պարզաբանեց․ «Մեր էլեկտորատով, մեր հնարավորություններով աջակցելու ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար շատ ձայներ ապահովենք»։ Չնայած ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն ԿԸՀ ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ցուցակն ուսումնասիրելիս պարզեցինք, որ 28-րդ հորիզոնականում տեղ է գտել ՀԱԿ անդամ Եվա Թովմասյանը, որի մասին նշված էր նաեւ, որ նա անհատ ձեռներեց է։ Հատկանշական է, որ Եվա Թովմասյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով մասնակցել է նաեւ 2013թ․ մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին։ Այն ժամանակ ՀԱԿ-ի ցուցակում տեղ էր գտել նաեւ անկուսակցական Արուսյակ Ջուլհակյանը, որն այժմ նույնպես անկուսակցականի կարգավիճակով տեղ է գտել «Իմ քայլը» դաշինքում, 40-րդ հորիզոնականում։ Նա «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր իրավաբան է։ Իսկ 2013թ․ մայիսի 5-ին ՀԱԿ-ին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմն ու տեղ գտնել Երեւանի ավագանիում։