ԱԺ արտահերթ նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)

ԱԺ արտահերթ նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովում գումարվել էր արտահերթ նստաշրջան։ Օրակարգում կար ընդամենը մեկ հարց՝ Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու հարցը։ Այս հարցի դեմ մինչ նիստի մեկնարկը ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացրին բնապահպան-ակտիվիստները։ Հարցի քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Սկզբում ՀՀԿ-ականները, որոնց անցյալ տարի նույն հավելյալ ջրառի նախագծի համար մեղադրում էին այժմյան իշխանությունները, փորձեցին նեղել հարցը զեկուցող, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսա Գաբայանին։



Գաբայանը սկզբում մի փոքր շփոթվեց ՀՀԿ-ականների հարցադրումներից, մի պահ զգացվեց, որ լավ չի պատկերացնում՝ իրեն ինչ հարց են ուղղում։ Բայց հետո ընկավ հունի մեջ, անգամ անցավ հակահարձակման՝ հիշեցնելով, որ ինքը նոր է նշանակվել և պատասխանատու է իր նշանակումից ի վեր տեղի ունեցածի համար, և որ խնդրահարույց հարցադրումները թող պատգամավորները ժամանակին ուղղեին նախորդ իշխանություններին։ Նա անգամ կոչ արեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ հարցերը կոռեկտ ձևակերպել և այսպես շարունակ։ Ամեն դեպքում, ՀՀԿ-ականներին Գաբայանի ներկայացրած հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չթվացին, թե ինչու պետք է հիմա հավելյալ ջրառ իրականացնել, եթե մեկ տարի առաջ այսօրվա իշխանություններ դեմ են նմանատիպ նախագծին։ Ի վերջո, հարցի առաջին ընթերցումն ավարտվեց, գրեթե բոլոր պատգամավորները, անկախ բարձրացրած հարցադրումներից և ունեցած ելույթներից, ընդունեցին Սևանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի անհրաժեշտությունը և կողմ քվեարկեցին։ Վաղը տեղի կունենա հարցի երկրորդ ընթերցումը։



**Hraparak.am**-ի ֆոտոխցիկը ֆիքսել է ԱԺ արտահերթ նիստից հետաքրքիր դրվագներ, որոնք կարող եք դիտել վերևում ներկայացված սլայդում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**